Հայաստան - ԱրցախՔաղաքական

ԵԽ պատգամաւոր. «Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցումը հնարաւոր է միայն այն դէպքում, եթէ Անկարան ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը»

«ԱԼԻՔ» – «Ոչ ոք չի մեղադրում Թուրքիայի ներկայիս սերնդին ցեղասպանութեան մէջ, բայց նրանք պատասխանատու են իրենց նախնիների արածի համար»: Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է Եւրախորհրդարանի աւստրիացի պատգամաւոր Հելմուտ Բրանդշտատերը՝ յաւելելով, որ ցեղասպանութեան չճանաչումը յանգեցնում է ողբերգութեան կրկնութեանը:

Նրա խօսքով՝ թուրքական կառավարութիւնը պէտք է վերջապէս ընդունի, որ 110 տարի առաջ ցեղասպանութիւն է կատարւել հայերի նկատմամբ։

«Նոյնը վերաբերում է իմ սերնդին։ Մենք ոչ մի վատ բան չենք արել, քանի որ մենք չենք ապրել, երբ Հոլոքոստն էր: Բայց մենք գիտենք, որ դա եղել է, նպատակ կար ոչնչացնել բոլոր հրեաներին։ Եւ մենք պէտք է իմանանք, որ դա տեղի է ունեցել, եւ մենք պարտաւոր ենք ամէն ինչ անել, որպէսզի դա չկրկնւի։

Ուստի, թուրքական կառավարութիւնը վերջապէս պէտք է ընդունի, որ 110 տարի առաջ կատարւածը ցեղասպանութիւն էր հայ ժողովրդի դէմ։ Եւ կայ աւստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» այս հրաշալի գիրքը, որտեղ բացատրւում է ցեղասպանութիւնը։ Այնպէս որ, ընդունէք դա եւ արէք ամէն ինչ, որպէսզի այն չկրկնւի: Եւ դա է նաեւ պատճառը, որ մենք աջակցում ենք հայ ժողովրդին»,- ասել է Եւրախորհրդարանի պատգամաւորը։

Խօսելով այն մասին, թէ յանուն Թուրքիայի հետ հաշտեցման արժէ արդեօք հրաժարւել Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչման անհրաժեշտութիւնից, Հելմուտ Բրանդշտատերը նշել է.

«Գիտէք, հաշտեցումն անհրաժեշտ է, բայց հաշտեցումը միշտ պահանջում է փաստերի ըմբռնում եւ ընդունում: Եւ ես կարծում եմ, որ թուրքերը պէտք է դա հասկանան։ Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ հաշտութիւն չէր լինի, եթէ գերմանացիները չընդունէին, որ դա արել էր գերմանական կառավարութիւնը: Ոչ թէ 1945-ի գերմանական կառավարութիւնը, այլ հէնց Հիտլերը, հէնց գերմանացիները, եւ աւստրիացիները, որոնք փորձեցին սպանել բոլոր հրեաներին, փորձեցին կազմակերպել Հոլոքոստը։

Եւ միայն այն պատճառով, որ նրանք դա գիտակցեցին, հնարաւոր եղաւ հասնել խաղաղութեան եւ հաշտեցման: Այնպէս որ, ես կարծում եմ, որ հաշտեցումը կարեւոր է, բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն դէպքում, եթէ դուք ընդունեք փաստերը»,- նշել է մեր զրուցակիցը:

Related Articles

Back to top button