Փաշինեանն ու Ալիեւը ճանաչում են Արցախը
(Ղարաբաղեան շարժումը չի կարող կանգ առնել)

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծութիւն, որում մասնաւորապէս ասւում է.
««Ազատութիւն» ռադիոկայանը եղել եւ շարունակում է մնալ Նիկոլ Փաշինեանի կարեւորագոյն տեղեկատւական գործընկերը։ Նրանք օգնել են նրան 2018 թւականին, համացանցում տարածւած լուսանկարի համաձայն 44-օրեայ պատերազմի օրերին «Ազատութեան» պատշգամբում լուծւում էին տեղեկատւական քաղաքականութեան հարցերը։ Վերջերս այս լրատւամիջոցը պատրաստել էր ռեպորտաժ՝ հիմնւած Պետդեպարտամենտի «գաղտնի փաստաթղթերի» վրայ՝ Ղարաբաղեան խնդրի շուրջ բանակցութիւնների մասին, որի էութիւնը փորձեցին ամփոփել այն թէզում, թէ իբր «Ադրբեջանին Հայաստանով ճանապարհ էին խոստացել դեռ «301 թւականին»», եւ հէնց այս ռեպորտաժից յետոյ Երեւանն ու Բաքուն յայտարարեցին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են երկու երկրների միջեւ «խաղաղութեան պայմանագրի» բոլոր 17 կէտերը։ Իսկ ահա այս անգամ «Ազատութիւն»-ը օգնեց Փաշինեանին փաստացի յայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի մօտակայ լուծարման մասին։ Եթէ չկայ Արցախ, չկայ նաեւ Ղարաբաղեան խնդիր, ապա չկայ նաեւ Մինսկի խմբի գոյութեան անհրաժեշտութիւն։
Եթէ չկայ ԵԱՀԿ Մինսկի խումբ, ապա Բաքուն եւ Փաշինեանը կարծում են, որ Ղարաբաղեան հարցը փակւած է, իսկ Ղարաբաղեան շարժումն՝ աւարտւած։
Պատահական չէ, որ հէնց այս լրատւամիջոցին ՀՀ ԱԳՆ-ից յայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագրի հրապարակումից յետոյ այս հարցը հանւել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից։
Հիմա եկէք վերլուծենք Փաշինեանին ենթակայ ԱԳՆ-ի այս յայտարարութեան էական քաղաքական կողմը.
1. Տարօրինակ է, որ Փաշինեանը ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, խօսելով 2023 թւականի իրադարձութիւնների մասին, դրանք դիտարկում է որպէս առանձին դրւագ։ Իրականում Արցախը լուծարում էին փուլերով՝ նրան մի շարք հարւածներ հասցնելով մէկը միւսի յետեւից․ 2020 թւականի պատերազմը, 2022 թւականի «Պրահայի դաւադրութիւնը», երբ Փաշինեանը Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի եւ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի քաղաքական աջակցութեամբ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, իսկ յետոյ 2023 թւականին թողեց նրան մեն-մենակ Ադրբեջանի հետ։ Բայց ամենակարեւոր հարւածը հասցւեց հէնց Պրահայում։ Հէնց դրանից յետոյ արցախցիների իրաւունքների եւ ԼՂՀ կարգավիճակի հարցը դուրս բերւեց բանակցային օրակարգից։ Տրամաբանութիւնն այստեղ հետեւեալն է՝ եթէ դու ճանաչում ես Արցախն Ադրբեջանի մաս, իսկ Բաքուն երբեք չի թաքցրել, որ ոչ միայն չի ճանաչում արցախեան պետականութիւնը, այլեւ այն, որ իրեն պէտք է «հող/տարածք առանց մարդկանց»։
Պրահայում Իլհամ Ալիեւը Նիկոլ Փաշինեանից ստացաւ Արցախում իր հայեցողութեամբ գործելու իրաւունք։
2. Ինչ վերաբերում է 2023 թւականի սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանի կողմից ԼՂՀ լուծարման մասին որոշմանը, ապա Նիկոլ Փաշինեանին եւ Իլհամ Ալիեւին այս դէպքում առաջանում է օրինաչափ հարց. եթէ դուք չէք ճանաչում ԼՂՀ-ն եւ ասում էք, որ «աշխարհում ոչ ոք չի ճանաչել Արցախի սուբիեկտայնութիւնը», ապա ինչո՞ւ էք երկուսով յղում անում փաստաթղթին, որը ընդունւել է մի պետութեան նախագահի կողմից, որն, ըստ ձեզ, գոյութիւն չունէր։ Կողմնորոշւէք՝ ինչպէս կարող էք ձեր որոշումներում յղում անել իրաւական ակտին, որը ընդունւել է մի սուբիեկտի կողմից, որին դուք ինքներդ չէք ճանաչում։ Եթէ, այնուամենայնիւ, ճանաչում էք, ապա պէտք է ճանաչէք նաեւ Շահրամանեանի այլ որոշումը, որով նա չեղարկեց իր սեպտեմբերի 28-ի հրամանագիրը, ինչպէս նաեւ պէտք է համաձայնէք, որ փաստաթուղթը չունէր անհրաժեշտ քաղաքական-իրաւական հիմք, քանի որ Արցախի ԱԺ-ն այն չվաւերացրեց։ Չէ՞ որ եթէ դուք ճանաչում էք ԼՂՀ նախագահի ինստիտուտը, ապա ճանաչում էք նաեւ խորհրդարանի ինստիտուտը։
Ակնյայտ է, որ Փաշինեանը գնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ճանապարհով, եւ ԱԳՆ-ի յայտարարութիւնը կարեւոր քայլ է այս ճանապարհին։ Սակայն ակնյայտ է, Արցախի հետ կապւած հերթական էջի փակւելուց յետոյ ճնշումը հէնց ՀՀ-ի վրայ միայն կուժեղանայ։ Իսկ Բաքւի նպատակը տեսանելի է, եւ այն ոչ ոք չի թաքցնում՝ ստեղծել հայկական պետութեան փոխարէն Արեւմտեան Ադրբեջան։ Իսկ դա անհնար է առանց Արցախի մոռացման, առանց Ղարաբաղեան շարժման ժառանգութիւնից հրաժարւելու։
Բայց Շարժումը Հայաստանի գոյութեան առանցքն է, եւ եթէ Հայաստանը ցանկանում է ապրել, եթէ նրա դաշնակիցները ցանկանում են, որ Հայաստանն ապրի, ապա Ղարաբաղեան շարժումը չի կարող կանգ առնել այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր նպատակին։
Մտածէ՛ք այդ մասին…»։