Էդւարդ Շարմազանով. «Չարիք էր 2018-ի «յեղափոխութիւնը» Հայաստանում, որի հոմանիշները դարձան սեւ ժապաւէններն ու դագաղները, Արցախի կորուստն ու հայաթափումը»

Էդւարդ Շարմազանովը գրում է.
««Բացարձակապէս հաշտելի են հայրենասիրութիւնն ու մարդասիրութիւնը: Բարեկամներ են սրանք եւ ոչ թշնամիներ»։
Գարեգին Նժդեհ
Ազգային-պահպանողականութիւնն է մեր պետութեան ու ազգի վերածննդի գրաւականը։
Մեր պետութիւնն ու ազգն ապրում են իրենց պատմութեան հերթական բարդ փուլը։
Հայաստանի կառավարիչների պարտւողական ու ապազգային քաղաքականութիւնը յանգեցրել է հասարակութեան մի հատւածի մօտ ապատիայի՝ հարցականի տակ դնելով համազգային շահերի պաշտպանութիւնը։
Եւ այս բարդ փուլում շատ էական է ազգային ու պետական գաղափարախօսութեան նշանակութեան գիտակցումը, որպէսզի պետութիւնն ու հասարակութիւնը ոմանց օրինակով չառաջնորդւի օտարի, իսկ շատ յաճախ հակառակորդի նարատիւներով։
Իսկ ի՞նչ է ազգային գաղափարախօսութիւնը։
Այդ հարցին տարիներ առաջ շատ դիպուկ անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայեանը։
Նրա կարծիքով «իւրաքանչիւր կենսունակ՝ իր առաքելութեան գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհաընկալումից, սահմանում է իր արժէքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր յարատեւման ռազմավարութիւնը, որոնց տրամաբանւած ամբողջութիւնը հանդէս է գալիս իբրեւ տւեալ ազգի գաղափարախօսութիւն»։
Ակնյայտ է, որ առանց այդ գաղափարախօսութեան՝ որեւէ ազգ կենսունակ չէ ազգերի գոյութեան պայքարում։
Առանց ազգային գաղափարախօսութեան ազգերը դառնում են պատեհապաշտ՝ նպատակի ու անելիքի մէջ չկողմնորոշւող եւ, յաճախ, իբրեւ դէպքերի խաղալիք, դուրս են մնում պատմութեան ասպարէզից։
Կայ կարծիք, որ ազգային գաղափարախօսութիւնը՝ իբրեւ ազգային գաղափարների համակարգ գոյութիւն ունի ի սկզբանէ, ազգի ծնունդի հետ, եւ խնդիրը ոչ թէ այն ստեղծելն է, այլ՝ ճանաչելն է։
Այն մէկ ամբողջական փաստաթուղթ չէ, այն իր մէջ ներառում է գաղափարական համակարգեր, որտեղ առկայ են եւ այբուբենը, եւ՝ էպոսը,եւ մեր Աստւածաճանաչողութիւնը, եւ Գ. Նժդեհի ուսմունքը… ինչու չէ նաեւ ապագայում ստեղծւելիք արժէքաւորը։
Ազգայինի եւ համամարդկայինի ներդաշնակումը։
Շատերը միտումնաւոր կամ անտեղեակ լինելու պատճառով հակադրում են ազգայինն ու համամարդկայինը։
Դրանց լաւագոյնս հակադարձել է Գարեգին Նժդեհը իր «Որդիների պայքարը հայրերի դէմ» /1927/ աշխատութեան «Նախ Մարդ» յօդւածում։
Գարեգին Նժդեհը գրում է. «Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց եւ այնպէս լաւ հայ լինել։ Չի կարելի անկատար մարդ, բայց կատարեալ հայ լինել։ Միայն մարդ կոչւելու արժանին կարող է արժանաբար հայ կոչւել»։
Այնուհետեւ Նժդեհը նշում է.
«Նախ մարդ։ Դա նշանակում է զգալ իր հոգու մէջ ներկայութիւնը որեւէ բարձր բարոյական իդէալի։ Դա նշանակում է իր էութեան մէջ զգալ անվերջ բոցավառումն այն իդէալի սրբազան կրակի»:
Խօսելով համամարդկային արժէքների մասին՝ Նժդեհը բերում է մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրինակն ու նշում.
«Նազովրեցին կուսուցաներ, թէ մարդուս մէջ ապրող հոգին աւելին արժէ, քան ողջ աշխարհը»։
Իսկ դիմելով երիտասարդներին՝ Նժդեհն ասում է.
«Եղիր իդէալիստ, քանզի նիւթապաշտը դառնում է մարդ-մեքենայ, կոկորդ ու ստամոքս միայն, իսկ նմանը եւ ապրում է, եւ չի ապրում. նմանը աւելի անասուն է, քան մարդ։ Եւ իմաստունի հարցին, թէ «ի՞նչ կուզէիր լինել կեանքում,- յանուն ճշմարտութեան թոյնի բաժակը դատարկելու դատապարտւած Սոկրատե՞ս, թէ՞ ճշմարտութիւնից դուրս ապրող խոզաբարոյ մի էակ», դու պատասխանիր-առաջինը»։
Այս օրինակները հերթական անգամ ապացուցում են, որ բացարձակապէս ներդաշնակ են ազգայինն ու համամարդկայինը։
Ակնյայտ փաստ է, որ ինքնին վերացական մարդկութիւն գոյութիւն չունի եւ մարդկութիւնը կազմում են ազգերը։
Մարդկութիւնը հարուստ է ազգերով, ու որեւէ ազգի կորստով այն աղքատանում է։
Ուստի այն ինչ ուղղւած է ազգայինի դէմ, ուղղւած է նախ եւ առաջ համամարդկայինի դէմ։
Պատահական չէ, որ ազգերին միաւորում է նաեւ ընդհանուր աշխարհաընկալումը եւ քաղաքական ուսմունքները, որտեղ առանցքային տեղ ունի ազգային- պահպանողականութիւնը կամ հէնց կոնսերւատիզմը։
Մի քանի խօսք պահպանողականութեան մասին։
Ի՞նչ է պահպանողականութիւնը։
Ըստ էութեան, պահպանողականութիւն ասելով հասկանում ենք մարդկութեան կողմից դրականօրէն գնահատւած ու պատմականօրէն արդարացւած հիմնարար արժէքների, բարոյական նորմերի պահպանում։
Բայց շատ կարեւոր է գիտակցել, որ պահպանողականութիւնը ոչ թէ հնի, այլ՝ յաւերժի հաստատումն է։
Պահպանողականութիւնը ոչ թէ անցեալի, այլ մնայունի պաշտպանն է. այն արժէքաւորի, որ ստեղծւել է անցեալում եւ դեռ ստեղծւելու է ապագայում։
Պէտք է գիտակցել, որ պահպանողականութիւնը ոչ միայն անցեալապաշտութիւն չէ, այլեւ՝ ապագայատենչ է ։
Չնայած 21-րդ դարում առկայ չէ պահպանողականութեան միասնական ընկալում ու սահմանում, այնուհանդերձ, կան ընդհանրական սկզբունքներ, որոնք բնորոշ են կոնսերւատիզմին։
Հարկ է նշել, որ պահպանողական աշխարհաընկալմանը բնորոշ են՝
Հաւատ առ Աստւած ու նրա պատւիրանները։
Նախապատւութիւն տալը յաւիտենականին՝ հայրենիք եւ ընտանիք, ի հաշիւ անցողիկի:
Աւանդական արժէքների հանդէպ նախանձախնդրութիւնը։
Պահպանողականութիւնը ընդունում եւ արժեւորում է միայն «դասական» ընտանիքը։
Կարեւոր է իմանալ, որ պահպանողականութիւնը մերժում է յեղափոխութիւնը, քանզի այն խախտում է կեանքի բնականոն զարգացման ընթացքը։
Պահպանողականութեան խնդիրն է՝ բարեփոխումների միջոցով լուծել պետութեան ու հասարակութեան առջեւ խնդիրները։
Պահպանողականի համար յեղափոխութիւնը՝ չարիք է։
Այո, պատմութիւնն ապցուցեց, որ արհաւիրք էին արիւնալի ֆրանսիական յեղափոխութիւնը, որի հոմանիշները դարձան գիլիոտինի տակ կտրւած Դանտոնի ու Ռոբեսպիերի գլուխները, ինչպէս նաեւ 1917-ի ռուսական յեղափոխութիւնը, որի հոմանիշնեը դարձան ցարական ընտանիքի գնդակահարումը, Ռուսաստանի պարտութիւնն Առաջին աշխարհամարտում եւ հասարակութեան կարմիրների ու սպիտակների բաժանումը։
Իմ կարծիքով չարիք էր նաեւ 2018-ի «յեղափոխութիւնը» Հայաստանում, որի հոմանիշները դարձան սեւ ժապաւէններն ու դագաղները, հասարակութեան սեւերի եւ սպիտակների բաժանումը, Արցախի կորուստն ու հայաթափումը, ինչպէս նաեւ Հայաստանի կառավարիչների օտարամոլ ու հակապետական քաղաքականութիւնը, որը ուղեկցւում է աւանդական ինստիտուտների ու Անկախութեան հռչակագրի դրոյթների դէմ արշաւով։
Հայաստանի կառավարիչների այդ քայլերը կարող են յանգեցնել մեր պետութեան վիլայեթացման, կամ՝ ադրբեջանացման։
Դա թոյլ չտալու միակ տարբերակն ազգային վերածնունդն է, որն անհնար է առանց ազգային-պահպանողական արժէքների վերագնահատման ու արժեւորման։
Որեւէ օտար «բարի քեռի» մեր խնդիրները չի լուծելու։
Հետեւբար՝ եւ դժբախտութիւնների պատճառներն ենք նախ եւ առաջ մենք, եւ փրկութիւնը կարող է գալ նախ եւ առաջ մեր միջոցով։
Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թէ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլեւ հէնց իրենք՝ ժողովուրդները։
«Խաղաղութեան չարաշահումն աւելի է աղէտաւոր պարտւած ժողովուրդների համար, քան նոյնիսկ պատերազմը»։
Գարեգին Նժդեհ, «Բաց նամակներ հայ մտաւորականութեան», Բէյրութ 1929:
Յ. Գ. – «Քննադատել- հոգէպէս տառապել է նշանակում»։
Գ. Նժդեհ»։



