«Հրապարակ». «Սարսափում են «Գիւմրի 2»-ից»

«Իշխանութիւնը բարձրաձայնում է իր վախերը. շուրջ մէկ շաբաթ է՝ իրար հերթ չտալով, քարոզչական տեռոր են իրականացնում, թէ խորհրդարանական ուժերին յայտ ներկայացնող ընդդիմադիր խոշոր խաղացողները «Գիմրի 2» են ուզում իրականացնել։
Յիշեցնենք, որ շուրջ 1 տարի առաջ Գիւմրիում տեղական ընտրութիւններից յետոյ ընդդիմադիր ուժերը միաւորւեցին՝ թոյլ չտալով, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այնտեղ իշխանութիւն վերցնի։ Փաշինեանն ու նրա խմբակը յետընտրական այս կոնսոլիդացիան փորձում են ներկայացնել որպէս մի արատաւոր, հրէշաւոր իրողութիւն:
Մինչդեռ դա բնական երեւոյթ է, որ իշխանութեանը տապալելու համար ընդդիմադիրները միմեանց հետ համագործակցում են, կոալիցիա կազմում, յուշագրեր ստորագրում եւ համատեղ վերցնում են իշխանութիւնը։ Իրականում, այս քարոզչութեան թիրախը գործարար Սամուէլ Կարապետեանի գլխաւորած ուժն է, որը դիրքաւորւել է նախկինների եւ ներկաների արանքում ու բոլոր շանսերն ունի՝ իր շուրջ համախմբում ապահովելու եւ իշխանութիւնը վերցնելու հարցում:
«Գիւմրի 2»-ի մասին թմբկահարմամբ իշխանութիւնները թերեւս փորձում են հանրութեան մօտ կարծիք ստեղծել, թէ Սամուէլ Կարապետեանն էլ է նախկին ու շատ չի տարբերւում Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի մասին յօրինւած կերպարից։ Իրականում պարզ է, որ իշխանութիւնը սարսափում է այս սցենարից, հակառակ դէպքում անխնայ հակաքարոզչութիւն չէր իրականացնի։



