Արմէն Պետրոսեան. ««Զանգեզուրի միջանցք» ծրագրի հարցում Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են ազդել Իրանի դիրքորոշումների վրայ. Հայաստանը պէտք է ակտիւ լինի»
Յուլիսի 6-ին յայտնի դարձաւ, որ Իրանի նախագահական արտահերթ ընտրութիւններում նախագահ է ընտրւել Մասուդ Փեզեշքիանը։ Դրանից յետոյ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը յայտարարեց, թէ Իրանի նախագահական ընտրութիւններում յաղթած Մասուդ Փեզեշքիանն «իրականում թուրք է»։
«Մասուդ Փեզեշքիանն իրականում ադրբեջանական ծագումով թուրք է։ Օրինակ՝ Թաւրիզում նա խօսում է թուրքերէն։ Բայց երբ գնում է քրդաբնակ շրջաններ, այնտեղ էլ կարող է քրդերէն խօսել»,- ասել էր Թուրքիայի նախագահը։
Էրդողանը յաւելել էր նաեւ, որ կապ կը հաստատի Իրանի նորընտիր նախագահի հետ եւ կը շնորհաւորի նրան ընտրութիւններում տարած յաղթանակի կապակցութեամբ՝ յոյս յայտնելով, որ Անկարան եւ Թեհրանը կը շարունակեն զարգացնել արտաքին քաղաքական բոլոր տեսակի յարաբերութիւնները։
Ի դէպ, Մասուդ Փեզեշքիանի ընտրւելուց առաջ էլ թուրք-ադրբեջանական տանդեմը մշտապէս յայտարաում էր, որ վերջինս «թուրք է»։ Ի դէպ յուլիսի 15-ին յայտնի դարձաւ, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր գործունէութիւնը, որը դադարեցւել էր 2023 թւականի յունւարին, դեսպանատան վրայ զինւած յարձակումից յետոյ:
168.am-ի հետ զրոյցում տարածաշրջանային հարցերով փորձագէտ Արմէն Պետրոսեանն ասաց, որ իրականում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից այդ ամէնը հետապնդում է զուտ քարոզչական նպատակ։
«Կարծում եմ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից նման շեշտադրումները, որոնք հնչում են թէ՛ քարոզչական, թէ՛ պաշտօնական մակարդակում, առաւելապէս քարոզչական դրական ֆոն ապահովելու համար են, ոչ աւելին։ Նրանք այդ դրական ֆոնն ապահովում են Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականութիւնն Իրանի հետ հիմնաւորելու համար, սա որպէս հոգեբանական ու քարոզչական միջոց օգտագործելու տարածաշրջանում, այդ թւում՝ Հայաստանի վրայ իրենց ճնշումները խորացնելու համար։
Իրանի նախորդ կառավարութիւնը նախ խնդիրներ ունէր Ադրբեջանի իշխանութիւնների հետ, նաեւ Թուրքիայի հետ կային որոշակի խնդիրներ։ Բացի այդ, Իրանի նախորդ կառավարութիւնը բացայայտ սկզբունքային քաղաքականութիւն էր վարում Հայաստանի հետ, նոր նախագահի օրօք հնարաւոր է՝ այդ ամէնը փոխւի, որովհետեւ նա թուրքախօս է, եւ այլն։ Կրկնում եմ՝ սա աւելի շատ քարոզչական ու հոգեբանական հարթութիւնում է, որովհետեւ գիտենք, որ Իրանում արտաքին քաղաքականութիւնը մշակւում է հոգեւոր առաջնորդի եւ նրա մերձակայ շրջապատի կողմից։ Իսկ նախագահի պաշտօնը, ինչպէս, օրինակ, նախագահական երկրներում վարչապետի պաշտօն է, այսինքն՝ պրակտիկ գործադիրի ղեկավարի պաշտօն է, որ իրականացնում է հոգեւոր առաջնորդի կողմից իջեցւած ծրագրային դրոյթների համաձայն»,- նշեց Արմէն Պետրոսեանը։
Հարցին՝ Իրանի նախագահական ընտրութիւններից յետոյ Հայաստանն ի՞նչ անելիքներ ունի, ինչպիսի՞ քաղաքականութիւն պէտք է վարի՝ Իրանի հետ յարաբերութիւններն աւելի զարգացնելու ու ամրապնդելու համար, Արմէն Պետրոսեանը պատասխանեց՝ Հայաստանը պէտք է ակտիւ ու նախաձեռնող լինի, իսկ ներկայում՝ աւելի քան։
«Ինչպէս արդէն ասացի՝ Թուրքիան ու Ադրբեջանը ստեղծում են դրական ֆոն Իրանի հետ իրենց յարաբերութիւնները վերանայելու համար։ Կանխատեսւում է, որ առաջ է մղւելու փափուկ ուժն ու դիւանագիտութիւնը։ Փորձելու են Իրանի դիրքորոշումների վրայ տարբեր հարցերում ազդել։ Իսկ Հայաստանն այս պարագայում պէտք է նախաձեռնող լինի եւ թոյլ չտայ, որպէսզի Թուրքիա-Իրան եւ Իրան-Ադրբեջան յարաբերութիւների կանխատեսւող ակտիւութիւնն ազդի Իրան-Հայաստան յարաբերութիւնների վրայ։ Գոնէ քարոզչական մակարդակում, եթէ ոչ՝ խորը ռազմավարական հարթութիւնում, Ադրբեջանն ու Թուրքիան փորձելու են ազդել Իրանի դիրքորոշման վրայ՝ իրենց համար կարեւոր հարցերը տարածաշրջանում առաջ մղելու համար։ Դրանց մէջ, օրինակ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագիրն է, մեր տարածաշրջանում տարբեր արտատարածաշրջանային խաղացողների ակտիւացմանը խոչընդոտելուն միտւած քայլերը։ Իհարկէ, նաեւ տարածաշրջանային տարբեր ձեւաչափերի առաջմղումը, ի դէմս «3+3» ձեւաչափի»,- յաւելեց փորձագէտը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում սեպտեմբերին անցկացւելիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին եւ դրա հնարաւոր ազդեցութեանն Ադրբեջանի վարած քաղաքականութեան վրայ, Արմէն Պետրոսեանն ասաց, որ այդ ընտրութիւնները չեն կարող որեւէ բան փոխել Ադրբեջանի քաղաքականութիւնում, քանի որ դրանք ընթացիկ ընտրութիւններ են, որոնք աւելի վաղ են տեղի ունենում, որպէսզի չհամընկնեն Բաքւում նոյեմբերին անցկացւելիք COP-29 համաժողովի հետ։
«Ադրբեջանում քաղաքական ուժերին անկնկալի բերելու համար հերթական անգամ Իլհամ Ալիեւը արտահերթ ընտրութիւններ է իրականացնում։ Սակայն ընտրութիւնների հիմնական նպատակն այն է, որպէսզի ինչպէս իր ընտրութիւններում, այնպէս էլ հիմա գործող վարչակարգը վերահաստատւի՝ բնականաբար, արդէն աւելի ինքնավստահ կերպով»,- եզրափակեց Արմէն Պետրոսեանը։