Հայաստան - Արցախ

Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը

Ստեփանակերտի կենտրոնում գտնւող Ազգային ժողովի շէնքը Արցախի Հանրապետութեան քաղաքական ինքնութեան խորհրդանիշերից մէկն էր, ուստի պատահական չէ, որ քաղաքի օկուպացիայից յետոյ ադրբեջանական կողմը քանդեց այն: Բացի այդ, այս շէնքը իր ծաւալներով Ստեփանակերտ քաղաքի իւրօրինակ խորհրդանիշերից էր, որն երեւում էր քաղաք դեռ չհասած, երբ բացւում էր Ստեփանակերտի տեսարանը: Ադրբեջանական կողմը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման, Արցախի ինքնութեան եւ ինքնուրոյնութեան խորհրդանիշերի ոչնչացումը: Այս մասին յայտնում է Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Արցախի Ազգային ժողովի եւ Ազատամարտիկների միութեան շէնքերը քանդելուն՝ կայքը գրում է.

«2023 թւականի սեպտեմբերին Արցախի տարածքի ամբողջական օկուպացիայից յետոյ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրոյթում կարելի է հանդիպել տասնեակ տեսանիւթերի, որոնք նկարահանւել են ադրբեջանցիների կողմից օկուպացւած Արցախում: Արցախի Ազգային ժողովի շէնքի քանդման աշխատանքները ցուցադրող տեսանիւթերը համացանց են ներբեռնւել է 2024 թւականի մարտի 3-ին: Տեսանիւթերից կարող ենք տեսնել, որ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի շէնքի ծաւալի զգալի մասը քանդւած է: Տեսանիւթերից մէկում փաստւում է շէնքի քանդման աշխատանքների մեկնարկը, իսկ միւսում՝ արդէն վերջնարդիւնքը: Արցախի Ազգային ժողովի շէնքի միտումնաւոր քանդումը պէտք է որ եղած լինի փետրւարի վերջին, քանի որ տեսանիւթերը ներբեռնւել են համացանց մարտի 3-ին եւ 4-ին։

Ազգային ժողովի շէնքի քանդման մասին ինֆորմացիայի տարածումից յետոյ, ադրբեջանական հեռուստատեսութեամբ ցուցադրւեց շէնքի քանդման մասին պաշտօնական տեսանիւթը, որտեղ քանդման աշխատանքները մեկնաբանւեցին որպէս անջատողականութեան խորհրդանիշերի աւերում, ինչի մեկնարկը տւել էր Իլհամ Ալիեւը։

Ազգային ժողովի շէնքը կառուցւել է 2003-2007 թւականներին ճարտարապետ Համլետ Խաչատրեանի նախագծով: Խորհրդային տարիներին այստեղ էր գտնւում Ստեփանակերտի թիւ 1 միջնակարագ դպրոցը, որի ծաւալի մի մասը վերակառուցւեց եւ ներառւեց Ազգային ժողովի շէնքի ծաւալում:

Ադրբեջանական լրատւական ալիքները եւս անդրադարձան այս թեմային, միայն թէ հրճւանքով՝ շեշտելով, որ շէնքը անջատողականութեան խորհրդանիշ է։

Ադրբեջանական կողմը աւերել է նաեւ Արցախի Ազատամարտիկների միութեան շէնքը, որը շահագործման է յանձնւել եւ պաշտօնապէս բացւել 2014 թւականին։ Շէնքի ճարտարապետն է Անահիտ Վարդանեանը:

Արցախի ազատամարտիկների միութիւնը հիմնւել է 2000 թւականին, այն ունէր աւելի քան 10 հազար անդամ: Միութիւնը հասարակական կազմակերպութիւն էր, որի նպատակն էր միաւորել Արցախեան պատերազմի մասնակիցներին, օգնել եւ օժանդակութիւն ցոյց տալ զոհւած եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, աջակցել սոցիալական խնդիրների լուծմանը: Միութեան կարեւորագոյն նպատակներից էր սատար կանգնել Արցախի Հանրապետութեանը:

168.am

Related Articles

Back to top button