Հայաստան - ԱրցախՄշակութային

Շուշիից Ստեփանակերտ ու Երեւան․ «Վարանդա» երգչախումբը շարունակում է իր գործունէութիւնը

Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարւեստական ղեկավար, «Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Զաքար Քեշիշեանը Երեւանում կազմակերպում է «Երգող Արցախ» երգչախմբային ծրագիրը, որին մասնակցում են 10-14 տարեկան արցախցի երեխաներ։

«Ապառաժ»-ի հետ զրոյցում Զաքար Քեշիշեանը նշել է, որ չնայած նոր պայմաններում առաջացած բազմաթիւ խնդիրներին՝ որոշել են շարունակել գործունէութիւնը։

«Երեխաներն անընդհատ գրում էին, թէ արդեօ՞ք հնարաւոր է Երեւանում ծրագիրն իրագործել։ Ֆէյսբուքում յայտարարութիւն դրեցի, քանի որ չգիտէի՝ ով որտեղ է ապրում հիմա։ Պարզւեց, որ Երեւան, Մասիս եւ Աբովեան քաղաքներում են հիմնականում ապրում, հետեւաբար ծրագիրն իրագործելու համար այս ամառ եկայ այստեղ»,- նշել է նա։

2020 թ․ պատերազմից եւ Շուշիի անկումից յետոյ «Վարանդա» երգչախմբի տնօրինութիւնը Ստեփանակերտում «Երգող Արցախ» երաժշտական ծրագիր էր կեանքի կոչել եւ յաջորդող տարիներին՝ նաեւ նոր սաներով, իրագործել այն։

«32 տարւայ ընթացքում միայն անցեալ տարի էր, որ շրջափակման պատճառով չկարողացայ այցելել Արցախ»,- յիշում է նա։

Երեւանում ծրագիրը ֆինանսաւորում են ԱՄՆ-ում Կիլիկիայի կաթողիկոսութեան թեմը եւ մի քանի անհատներ։ Արդէն շուրջ 80 երեխաներ հաւաքագրւած են, եւ պարապմունքները սկսել են։ Փորձերը տեղի են ունենում երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին, ժամը 15։00-16։30-ին՝ Սայեաթ Նովա փողոցի 15 հասցէում գտնւող Հայաստանի երաժշտական ընկերութեան դահլիճում։ Մասնակցութիւնն անվճար է, ցանկացողները կարող են միանալ։

Աւանդաբար «Վարանդա»-ի պարապմունքները եզրափակւում են համերգային ծրագրով, այս տարին էլ բացառութիւն չի լինի։

Նախատեսում են օգոստոսի վերջերին եւ սեպտեմբերի առաջին կէսերին մի շարք ելոյթներ ունենալ Երեւանում եւ մօտակայ քաղաքներում։

Խօսելով խնդիրների մասին՝ Զաքար Քեշիշեանը նշել է, որ այստեղ դեռ չկան գործունէութեան համար այն պայմանները, որոնք Արցախում կային. «Բայց, փոխարէնն ունենք կամք, նւիրում, հաւատ եւ արցախցի հրաշալի երեխաներ, որոնք կիրագործեն այդ ծրագիրը։ Ծրագիրն ընդգրկում է նաեւ երեխաների մշակութային կազմաւորմանը նպաստող այցելութիւններ՝ համերգներ, թանգարաններ եւ թատրոններ»,- աւելացրել է նա։

«Համազգային»-ի Կենտրոնական վարչութեան ատենապետը նաեւ խօսել է Երեւանում գրասենեակի կողմից իրականացւող ծրագրերի մասին։ Նրա խօսքով՝ ի տարբերութիւն հայրենի իշխանութիւնների, «Համազգային»-ի Կենտրոնական վարչութիւնը որոշել է «Համազգային»-ի Արցախի կառոյցը Հայաստանում պահել իբր վտարանդի կառոյց՝ իր վարչութեամբ ու կազմով։

««Համազգային»-ի գրասենեակը մի շարք ծրագրեր է իրականացնում՝ հոգեբանների հետ աշխատանք, ամառային դպրոց, կերպարւեստ, տիկնիկագործութիւն, Արցախի բարբառը պահպանելուն ուղղւած միջոցառումներ, համալսարան ընդունւել ցանկացողների համար Հայոց լեզւի ուսուցման ծրագիր եւ բազմաթիւ այլ ծրագրեր»,- յաւելել է նա։

Իսկ դուք ինչպէ՞ս էք աշխատում Արցախից հեռու հարցին, պատասխանում է՝ «ատամները սեղմելով»։

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ

Ապառաժ

Related Articles

Back to top button