Մարզական

Արթուր Դաւթեան. «Մի քիչ տխուր եմ, որ ոսկէ մեդալով չեմ վերադառնում»

«ԱԼԻՔ» – Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնալու: Կուզէի ոսկով… Ափսոս էր: Մէկ քայլ առաջ գնացինք: Կը մարզւեմ, կը պատրաստւեմ 2028 թւականի Լոս Անջելէսի Օլիմպիական խաղերին, անպայման:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում Փարիզից ասաց Օլիմպիական խաղերի արծաթէ, բրոնզէ մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եւրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դաւթեանը՝ մեկնաբանելով իր մրցելոյթն ու արծաթէ նւաճումը Փարիզ-2024-ում:

Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացւող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Դաւթեանը նւաճեց Հայաստանի օլիմպիական հաւաքականի առաջին մեդալը:

Սպորտային մարմնամարզութեան օլիմպիական մրցաշարում հենացատկի վարժութեան եզրափակիչում 32-ամեայ մարմնամարզիկը 14.966 միաւորով նւաճեց օլիմպիական փոխչեմպիոնի տիտղոսը:

«Ոսկէ մեդալի համար պակասեց երկու ցատկերից մաքուր աւարտը: Ոսկէ մեդալ նւաճելու միակ տարբերակս այն կը լինէր, որ երկու ցատկերիս վերջնամասում քայլ չանէի, մաքուր կանգնէի: Ֆիլիպինցի մարմնամարզիկի ցատկերից մէկն իմ ցատկերից չորս տասնորդական բարդ էր: Իսկապէս նա շատ լաւ ցատկեց: Նրան յաղթելու իմ միակ հնարաւորութիւնն այն էր, որ պէտք է գայի, կանգնէի ու քայլ չանէի երկու ցատկերի դէպքում էլ:

Լարւածութիւն կար, Օլիմպիական խաղերի եզրափակիչ էր: Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնալու: Կուզէի ոսկով… Ափսոս էր, բայց ունենք այն, ինչ ունենք: Մի քիչ տխուր եմ, որ ոսկէ մեդալով չեմ վերադառնում: Մէկ քայլ առաջ գնացինք: Կը մարզւեմ, կը պատրաստւեմ 2028 թւականի Լոս Անջելէսի Օլիմպիական խաղերին, անպայման, կարեւորը վնասւածք չունենամ:

Փարիզի Օլիմպիական խաղերում կատարած իմ աշխատանքը նորմալ եմ գնահատում: Առաջին մրցումային օրը երկուսն էլ վատ ցատկեցի, հարց առաջացաւ՝ դուրս կը գամ եզրափակիչ, թէ ոչ, բայց ամէն ինչ բարեյաջող ստացւեց, եզրափակիչ դուրս եկայ ու մեդալով հետ եմ գալիս»,- ասաց Արթուր Դաւթեանը:

Յակոբ Սերոբեանի գլխաւորած հաւաքականն աւարտեց պայքարը Փարիզ-2024-ում: Սպորտային մարմնամարզութեան օլիմպիական մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Վահագն Դաւթեանը օղակների վարժութեան եզրափակիչում գրաւեց 6-րդ տեղը:

ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Related Articles

Back to top button