Հայաստան - ԱրցախՄարզական

Գլխաւոր մարզիչ Եղիշէ Մելիքեանը բացում է Մխիթարեանի հեռանալու փակագծերը

Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Եղիշէ Մելիքեանը Հանրային հեռուստաընկերութեան «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում անդրադարձել է ազգային ընտրանի հրաւիրւած, սակայն միանալուց հրաժարւած ֆուտբոլիստների թեմային։

Մասնագէտը, որն աւելի վաղ ընդհանրական դժգոհութիւն էր յայտնել այդ խաղացողներից, այս անգամ փակագծեր է բացել՝ առանձնացնելով Հենրիխ Մխիթարեանին ու Լուկաս Սելարայեանին։

«Եթէ ես ուզենայի խօսքս ուղղել կոնկրետ Մխիթարեանին… մէկ տարի առաջ, երբ նոր էի նշանակւել, անձամբ հրաւիրեցի նրան, բայց նա չցանկացաւ գալ։ Մենք այդ մասին խօսել ենք: Այն ժամանակ էլ նշել եմ, որ հասկանում եմ նրան. կան պատճառներ ու արգումենտներ:

Մխիթարեանին անպայման ուզում եմ առանձնացնել, քանի որ նա հաւաքականի պատմութեան լաւագոյն ռմբարկուն է։ Նա շատ մեծ բան է արել հայկական ֆուտբոլի համար, հերոս է եւ լեգենդար տղայ: Երբ ես Ուկրաինայում էի եւ հետեւում էի հաւաքականին, յիշում եմ՝ Մխիթարեանը վնասւածքի կամ այլ պատճառով բաց թողեց երկու խաղ։ Հաւաքականն այդ խաղերում յաղթեց, եւ միանգամից սկսեցին խօսել, թէ մեր ընտրանին առանց Մխիթարեանի աւելի լաւ է խաղում: Դա աբսուրդ է. դրանով ցաւեցրին ու նեղացրին այդ տղային, հիասթափեցրին նրան։

Սա պատճառներից մէկն էր։ Կան նաեւ այլ պատճառներ, որոնց մասին թոյլ չեմ տայ խօսել՝ դա իր անձնական գործն է: Ես չեմ կարող մեղադրել նրան, թէեւ կարող եմ ափսոսալ, հիասթափւել կամ ջղայնանալ, որ նա չկայ: Ինձ համար հաւաքականը վեր է ամէն ինչից, բայց մարդիկ տարբեր են: Երբ մարդու սիրտը կոտրւում է մի բանից, երբ նւիրւածութիւն այլեւս չի զգում, չի կարող այդ գործն առաջ տանել»,- նշել է Մելիքեանը:

Խօսելով Լուկաս Սելարայեանի մասին՝ գլխաւոր մարզիչն ընդգծել է ֆուտբոլիստի մեծ նւիրւածութիւնը.

«Լուկասն այստեղ չի մեծացել, մեր հողն ու ջուրը չի տեսել, բայց ունի հայկական գենետիկա, արիւն, որի համար նա իր պարտքն արդէն կատարել է։ Առաջին անգամ, երբ հրաւիրւեց, նոյնիսկ Հայաստանի տեղը չգիտէր, բայց պարտաւորութիւն զգաց, ու այդ «ջիգեարը» նրան բերեց այստեղ։ Նա եկաւ ու ինչքան կարողացաւ՝ օգնեց հաւաքականին։

Վերջում շատ անկեղծ ասաց. «Մարզիչ ջան, ես էլ ի վիճակի չեմ: Տարիքս, ընտանեկան խնդիրներն ու այդքան թռիչքներն արդէն թոյլ չեն տալիս, որ օգնեմ այնպէս, ինչպէս օգնել եմ»։ Մենք իրար հասկացանք: Թէեւ ես այլ կարծիք ունէի ու գիտէի, որ նա դեռ կարող է օգնել, բայց չեմ կարող մեղադրել նրան: Միայն կարող եմ շնորհակալութիւն յայտնել Լուկասին՝ իր անցկացրած խաղերի ու ազգային հաւաքականին նւիրւածութեան համար»։

Անդրադառնալով հաւաքականի հրաւէրը մերժած միւս խաղացողներին՝ Եղիշէ Մելիքեանը կոշտ դիրքորոշում է յայտնել.

«Մնացած ֆուտբոլիստների դէպքում որեւէ արգումենտ չեմ տեսնում եւ չեմ ընդունում: Հիասթափւած եմ եւ մնում եմ այդ կարծիքին։ Աստւած իրենց հետ, նոյնիսկ չեմ մեղադրում, դա իրենց որոշումն է, բայց ես իրաւունք ունեմ հիասթափւելու այն ամենից, ինչ տեսնում եմ: Մնացածը՝ քանի հոգի էլ լինեն, իրենց մասին չեմ էլ ուզում խօսել»։

Յիշեցնենք, որ Հայաստանի ազգային ընտրանին վաստակած 4 միաւորով ընթանում է Ազգերի լիգայի C2 խմբի մրցաշարային աղիւսակի 3-րդ հորիզոնականում։ Յաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ Վազգէն Սարգսեանի անւան «Հանրապետական» մարզադաշտում հիւրընկալելով Կիպրոսի հաւաքականին։

Աղբիւրը՝ ArmSport

Related Articles

Back to top button