Քաղաքական

Ադրբեջանն աջակցում է Փաշինեանին՝ ընդդէմ հայ ազգայնականների

Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանութիւններն ու նրանց լրատւամիջոցները ուշադրութեամբ յետեւում են Հայաստանում եւ Սփիւռքում տեղի ունեցող զարգացումներին ու հրապարակւող յօդւածներին՝ քննադատաբար արձագանգելով դրանց։ Տարիների ընթացքում իմ շաբաթական յօդւածներից շատերը թարգմանւել ու վերահրապարակւել են ադրբեջանական ու թուրքական թերթերում եւ կայքերում։

Վերջին օրինակը Ատլանտայից (Ջորջիա նահանգ) Յարութիւն Աղա-Սարգսեանի յօդւածն է, որը սեպտեմբերի 29-ին հրապարակւել է հայաստանեան լրատւական կայքերից մէկում։ Նա Հայոց եկեղեցու պահպանութեան համահայկական խորհրդի նախագահն է եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի (ANCA) տեղական մարմնի հիմնադիրը։ «Փաշինեանի նոր բաժանարար գիծը՝ Սփիւռքի երիտասարդութեան մէջ» վերնագրով յօդւածում նա քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ սեպտեմբերի 24-ին Նիւ Եօրքում ամերիկահայ ուսանողների փոքր խմբի հետ հանդիպելու համար։ Փաշինեանը մտադիր էր ուսանողներին ներկայացնել «Իրական Հայաստանի» վերաբերեալ իր վիճահարոյց հայեցակարգը։

Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական «1news.az» լրատւական կայքն արձագանգեց՝ քննադատելով Աղա-Սարգսեանին եւ պաշտպանելով Փաշինեանի քաղաքականութիւնը, որը վնաս է հասցնում հայկական ազգային շահերին։ Ֆարիդա Բաղիրովայի հեղինակած յօդւածը վերնագրւած էր՝ «Ուժասպառ անող ուրւականի գերին. ինչպէս է ռեւանշիզմը խարխլում Հայաստանի ապագան»։

Բաղիրովան գրել է. «Վերջին տարիներին հայկական քաղաքական խօսոյթն աւելի ու աւելի է դառնում վտանգաւոր միտման պատանդ. արմատականութիւնն ու ռեւանշիզմը վերածւում են հանրային կեանքի հիմնասիւների։ Այս կործանարար դինամիկայի շարժիչ ուժերը ոչ միայն երկրի ներսում գործող արմատական ուժերն են, այլեւ արտերկրի հայկական սփիւռքի մի հատւածը»։

Այնուհետեւ Բաղիրովան յարձակւեց Հայ Առաքելական եկեղեցու վրայ. «Էջմիածինը եւ դրա հետ կապւած սփիւռքեան շրջանակները շարունակում են մնալ ռեւանշիստական հռետորաբանութեան մոբիլիզացման կարեւորագոյն խողովակներից մէկը։ Ազդեցութեան այս փոխկապակցւած ցանցը տասնամեակներ շարունակ հնարաւորութիւն է տւել արմատականներին օրակարգ թելադրել Երեւանին։ Նրանց համար Հայաստանը ոչ թէ իր սոցիալ-տնտեսական խնդիրներով ապրող երկիր էր, այլ քաղաքական յաւակնութիւնները բաւարարելու ցատկահարթակ»։

Այնուհետեւ Բաղիրովան պաշտպանեց Փաշինեանի՝ «Իրական Հայաստան» հայեցակարգը՝ յաւելելով. «Փաշինեանը փշրում է այն պատրանքը, թէ արտերկրում գտնւող լաբբիստներն իրաւունք ունեն զոհաբերելու Հայաստանի քաղաքացիների անվտանգութիւնը՝ յանուն սեփական գաղափարական դոգմաների»։

Վերադառնալով Հայոց եկեղեցու դէմ իր յարձակումներին՝ Բաղիրովան գրել է. «Նմանատիպ գործընթացներ են տեղի ունենում նաեւ հայկական եկեղեցում, որը, փոխանակ խաղաղութիւն քարոզելու, վերածւում է տարածաշրջանում վերջնական խաղաղութեանն ուղղւած ցանկացած շարժման դէմ գաղափարական դիմադրութեան կենտրոնի։ Ռեւանշիզմն այլեւս անցեալի շուրջ վէճ չէ. դա քաղաքական մոդել է, որը պահանջում է «թշնամու մշտական ներկայութիւն», վերադարձ դէպի «կորուստները» եւ նոր իրողութիւնը չընդունելու կեցւածք։ Եթէ Հայաստանում ցանկանում են շարունակել ապրել այս տրամաբանութեամբ, դա իրենց ընտրութիւնն է։ Ադրբեջանն առաւելագոյն յստակութեամբ  ներկայացրել է իր դիրքորոշումը՝ խաղաղութիւն, կայունութիւն, զարգացում։ Հայ հասարակութիւնը ստիպւած է լինելու ինքնուրոյն առերեսւել իր քաղաքական ուրւականներին»։

Ադրբեջանական մի շարք կայքեր պարբերաբար թիրախաւորում են հայկական ընդդիմութեանը՝ թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում։ Յօդւածները մանրակրկիտ ուսումնասիրւած են եւ գրւած են տարբեր լեզուներով, այդ թւում՝ բարձր մակարդակի անգլերէնով։ Ակնյայտ է, որ այդ կայքերը լաւ ֆինանսաւորւում են, իսկ դրանց համար յօդւածներ գրող վերլուծաբանները բարձր վարձատրութիւն են ստանում Ադրբեջանի իշխանութիւնների կողմից։

Հայաստանի ներսում եւ դրանից դուրս Փաշինեանի ընդդիմախօսների վրայ յարձակւելու մոլուցքի մէջ ադրբեջանական լրատւամիջոցներն ու պաշտօնեաները, կարծես, չեն գիտակցում, որ ակնյայտ են դարձնում հետեւեալը. Ադրբեջանը ողջունում եւ սատարում է վարչապետի վարած քաղաքականութիւնը։ Երբ թշնամիդ կանգնում է սեփական կառավարութեանդ կողքին, կասկածելու լուրջ հիմքեր են առաջանում։ Վերջին տարիներին Փաշինեանն արել է հնարաւոր ամէն ինչ՝ իր գործելակերպը Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկութիւններին համապատասխանեցնելու համար։ Նա բազմաթիւ զիջումների է գնացել եւ շարունակում է գնալ։ Նա Ադրբեջանին է յանձնել Արցախը եւ զիջել Հայաստանի Հանրապետութեան տարածքից հատւածներ՝ միաժամանակ օտարւելով Հայաստանի քաղաքացիներից եւ Սփիւռքի ներկայացուցիչներից։ Բնականաբար, Ադրբեջանն ու Թուրքիան գոհ են նրանից։ Ինչպէս ասում են՝ «ներքին թշնամին շատ աւելի վտանգաւոր է, քան արտաքինը»։ Ադրբեջանի եւ Թուրքիայի ամենամեծ մտավախութիւնն այն է, որ Փաշինեանին կը փոխարինի հայրենասէր հայ ղեկավար, որը կը պաշտպանի ազգային շահերը։

Ադրբեջանի՝ որպէս խաղաղասէր պետութեան մասին անդադար պնդումներին հակասում է նախագահ Իլհամ Ալիեւի հրաժարումը ստորագրել համաձայնեցւած «Խաղաղութեան պայմանագիրը», այն էլ այն դէպքում, երբ նա նախկինում յայտարարել էր, թէ Փաշինեանին թելադրել է համաձայնագրի բոլոր 17 յօդւածները։

Ալիեւը պարբերաբար սպառնալիքներ է հնչեցնում՝ զգուշացնելով, որ Ադրբեջանը կը յարձակւի Հայաստանի վրայ, եթէ վերջինս չընդունի ադրբեջանական բոլոր պահանջները։ Նա Հայաստանի ղեկավարներին որակում է որպէս «պատերազմական յանցագործներ, որոնք պէտք է ստանան իրենց արժանի պատիժը»՝ միաժամանակ հրաժարւելով ազատ արձակել Բաքւում ապօրինի բանտարկւած ու դատապարտւած Արցախի պաշտօնեաներին։ Վերջերս Ալիեւը նոյնիսկ խօսել է «Յաղթանակի երրորդ կամարը… հէնց այսօր Երեւանի կենտրոնում» կառուցելու մասին։

Մինչդեռ Փաշինեանն անդադար խօսում է այն մասին, թէ ինչպէս է խաղաղութիւն բերել Հայաստանին։ Սակայն խաղաղութիւնը չի կարող լինել միակողմանի։ Խաղաղութիւն գոյութիւն չունի, երբ թշնամին եաթաղանը ճօճում է գլխիդ վերեւում՝ սպառնալավ կտրել այն։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button