Միջուկային երկու տէրութիւնների միջեւ պատերազմը թւում է անխուսափելի
Հնդակաստանն ու Պակիստանը նախապատրաստւում են լայնածաւալ ռազմական գործողութիւնների համար

«ԱԼԻՔ» – Հնդկաստանը եւ Պակիստանը կանգնած են լայնածաւալ պատերազմի նախաշեմին:
Հնդկաստանը յայտարարել է, որ վճռական գործողութիւններ է ձեռնարկում Ջամմու եւ Քաշմիր շրջանում, իսկ Պակիստանն էլ յայտնել է, որ սկսել է «Բանեան մարսուս» գործողութիւնը Հնդկաստանի դէմ՝ ի պատասխան իր ռազմաբազաների վրայ այդ երկրի հրթիռային յարձակումների:
Պակիստանի պաշտպանութեան նախարար Խաւաջա Ասիֆը յայտարարել է, որ Իսլամաբադն «այլընտրանք չունի, քան Հնդկաստանի դէմ լայնածաւալ պատերազմ սկսելը»։
«Մենք այլ տարբերակ չունենք։ Մենք պէտք է նոյն մետաղադրամով նրանց հատուցենք»,- ասել է նա։
Հնդկաստանի ՊՆ աղբիւրներն էլ յայտնել են, որ երկրի ԶՈՒ-ը Ջամմու եւ Քաշմիր շրջանում ձեռնարկում է խիստ գործողութիւններ՝ ի պատասխան Պակիստանի բանակի անօդաչու թռչող սարքերի կողմից վերահսկողութեան գծի եւ միջազգային սահմանի երկայնքով հնդկական քաղաքների վրայ յարձակումների։
Հնդկական լրատւամիջոցները տեղեկացնում են, որ Պակիստանին սահմանակից Ջամմու եւ Քաշմիր շրջանի առնւազն հինգ շրջաններում տարհանումներ են ընթանում՝ սահմանային հրետակոծութիւնների պատճառով, որոնց հետեւանքով զոհւել է առնւազն 18 մարդ, վիրաւորւել՝ մօտ 60-ը:
Բացի այդ, Հնդկաստանի հիւսիսային եւ արեւմտեան 32 օդանաւակայաններ մինչեւ մայիսի 15-ը փակ են լինելու քաղաքացիական չւերթների համար։
Միեւնոյն ժամանակ, Հնդկաստանը գերձայնային թեւաւոր հրթիռներով զինւած ռազմանաւեր է ուղարկել Պակիստանի ափեր:
Հնդկաստանի պաշտպանութեան նախարարութեան աղբիւրը յայտնել է, որ Նիւ Դելին իր արեւմտեան նաւատորմը տեղափոխել է Արաբական ծովի հիւսիսային մասին աւելի մօտ՝ Պակիստանի ամենամեծ նաւահանգստի՝ Կարաչիի հարւածային հեռաւորութեան վրայ։
Հարւածային խումբը ներառում է աւիակիր, ականակիրներ, ֆրեգատներ եւ հակասուզանաւային նաւեր եւ գտնւում է Պակիստանի ափերից մօտաւորապէս 300-400 մղոն հեռաւորութեան վրայ։
Նաւերից մի քանիսը կրում են «ԲրահՄոս» հրթիռը, որը մասամբ մշակւել է Ռուսաստանում, կրում է 300 կիլոգրամանոց մարտագլխիկ եւ կարող է զարգացնել մինչեւ 3 մախ արագութիւն եւ խոցել մինչեւ 500 մղոն հեռաւորութեան վրայ գտնւող թիրախներ։
Վերլուծաբանները զգուշացնում են, որ Կարաչիի վրայ հարւածը կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ Պակիստանի համար, քանի որ երկրի առեւտրի 60%-ն անցնում է այդ նաւահանգստով։ Բացի այդ, այնտեղ է գտնւում նրա ռազմածովային շտաբը։