Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վահրամ Բալայեան. «Երբ 2020 թւականին յանձնւեց Շուշին, կանխորոշւեց պատերազմի ելքը»

«ԱԼԻՔ» – «Թէեւ մենք վերջին պատերազմում պարտւեցինք, անյաջողութիւն ու մեծ կորուստներ ունեցանք, այդ հերոսների կատարածը չի խունանում։ Այս մասին երէկ՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրոյցում նշել է Արցախի ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայեանը։

«Այսօր էլ մենք պէտք է երկրպագենք այդ մեր հերոսներին եւ ընդհանրապէս սերունդների համար դաստիարակչական օրինակ պէտք է հանդիսանայ։ Մենք կարող ենք գլուխներս բարձր պահել, որովհետեւ այդ մարդիկ ապրեցին անանձնական կեանքով, ապրեցին յանուն երկրի, յանուն պետականութեան, յանուն հայութեան»,-ասել է նա։

«Անհնարին էր չազատագրել Շուշին եւ ունենալ հայկական Արցախ։ Դա կեանքն էլ ապացուցեց եւ վերջին զարգացումներն էլ ապացուցեցին, որ երբ 2020 թւականին յանձնւեց Շուշին, փաստօրէն, ինչ-որ մի տեղ կանխորոշւեց  նաեւ պատերազմի հետագայ ելքը։ Ես նկատի ունեմ 2023 թւականի իրադարձութիւնները։ Մենք Շուշիի կորուստով բացեցինք մեր անյաջողութիւնների դուռը»,- նշել է նա։

Հարցին՝ ինչպիսի՞ պայմաններ պէտք է ստեղծւեն, որպէսզի հնարաւոր լինի Շուշիի վերաազատագրումը, Բալայեանը պատասխանել է. «Ամենամեծ գրաւականը պէտք է լինի մեր համազգային միասնականութիւնը։ Սա անչափ կարեւոր է։ Այսօր անընդհատ մեր ժողովրդին դրսից ներարկւում է սեւեր-սպիտակներ, հներ-նորեր, արցախցիներ-հայաստանցիներ թեմաները։ Մեր ժողովրդին կարելի է միայն ու միայն յաղթել այդ բաժանումների միջոցով։

Պէտք է ամենախիստ պատիժների ենթարկել այն մարդկանց, որոնք խաթարում են այդ միասնականութեանը։ Ես երբեմն նայում եմ հեռուստատեսութիւն, նոյնիսկ պատասխանատու մարդիկ են այդպիսի բաժանարար գծեր դնում, սա վտանգաւոր է»։

Related Articles

Back to top button