Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին. «Զաւթում եւ վտարում՝ ահա թէ ինչ է տեղի ունեցել»

«ԱԼԻՔ» – «Ես երբեք չեմ վիրաւորել ադրբեջանցի ժողովրդին։ Ես հանդէս եմ եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման օգտին, ես այն ժամանակ ունէի իմ սեփական տեսակէտը, եւ այն չի փոխւել։ Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցաւ, ամենավատ հնարաւոր կարգաւորումն էր, եթէ առհասարակ, մարդու լեզուն պտտւում է դա կարգաւորում անւանել»։ Այս մասին News.am-ին տւած հեռախօսային հարցազրոյցում յայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով յանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Վտարում՝ ահա թէ ինչ է տեղի ունեցել: Եւ դրանով ապագայ հակամարտութիւնների հատիկն է դրւում, եթէ հիմա չէ, գոնէ՝ ապագայում։
Այդ մասին, ըստ իս՝ խորաթափանց, հեռատես պետական գործիչները պարտաւոր էին մտածել»,- ասել է նա։
Ադրբեջանը Կովկասում ոչ թէ Ռուսաստանի, այլ Թուրքիայի լաւագոյն բարեկամն է
Ռուսասատանցի պատգամաւորը, միաժամանակ, նշել է, որ ինքը բոլորովին դէմ չէ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների զարգացմանը։
«Միայն թէ կարիք չկայ ցանկալին որպէս իրականութիւն ներկայացնելու։ Կարիք չկայ մեզ պատմելու, թէ Ադրբեջանը Ռուսաստանի լաւագոյն բարեկամն է Կովկասում։ Ադրբեջանը Կովկասում Թուրքիայի լաւագոյն բարեկամն է։ Այ դա հաստատ է։ Իսկ մնացած ամէն ինչ կարող է պատահել կամ չպատահել, երբ խօսքը վերաբերում է ռուս-ադրբեջանական յարաբերութիւններին»,- ասել է նա։
Քնած հայ սպային կացնով սպանածը՝ Ադրբեջանի ազգային հերոս
«Յիշեցնեմ, որ երբ Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ Ադրբեջանն ուղղաթիռ խփեց, իսկ յետոյ այն ինչ-որ սխալ համարւեց, իսկ յետոյ մեր խաղաղապահ զօրքերի սպաներին դարանակալած դիրքից գնդակահարւեցին, Ադրբեջանն, իհարկէ, ընդունեց իր մեղքը, բայց միաժամանակ նրանց գնդակահարողների համար ոչ մի հետեւանք չեղաւ, ինչպէս որ ոչ մի հետեւանք չեղաւ այն սրիկայի համար, որը, ինչպէս գիտենք, շատ տարիներ առաջ, ՆԱՏՕ-ի հետ միջոցառումների ժամանակ, Հունգարիայում գիշերը կացնով սպանեց հայ սպայի (Գուրգէն Մարգարեանին-ԽՄԲ.)»,- ընդգծել է Կոնստանտին Զատուլինը։
Ռուսաստանցի քաղաքական գործիչը յիշեցրել է, որ հրէշաւոր հանցագործութիւնը կատարած Ռամիլ Սաֆարովը դրանից յետոյ դարձել է Ադրբեջանի ազգային հերոս՝ Ադրբեջանի գործող նախագահի թեթեւ ձեռքով։
«Այդպէս էլ հիմա տեսնում ենք Ռուսաստանի կողմից մի վերաբերմունք՝ ինչ-որ կերպ դա պահպանելու ցանկութիւն, միւս կողմից՝ պարբերաբար, Ռուսաստանի հետ յարաբերութիւններն օգտագործելու ցանկութեամբ հանդերձ, ինքնաթիռի վերջին վթարի ֆոնին, անպայման չէ՝ հէնց անձամբ Ադրբեջանի նախագահի ձեռամբ, ադրբեջանական հասարակութեան մէջ զարգացաւ ռուսատեացութիւնը, արգելւեց մեր «Ռուսական տունը» եւ այլն, եւ այլն։
Նման տեսակի բռնկումները բնորոշ են: Եւ ես կարող եմ որոշ առումներով համաձայնել ձեզ հետ։ Իհարկէ, Ադրբեջանն այսօր էապէս աւելի քիչ կախում ունի Ռուսաստանի հետ յարաբերութիւններից, քանի որ շարունակում է լողալ Լեռնային Ղարաբաղում իր նպատակներին հասնելու էյֆորիայի մէջ»,- նշել է նա։
ՌԴ-ԱՄՆ յարաբերութիւնների որոշակի բարելաւումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու՝ Փաշինեանի ծրագիրը
Անդրադառնալով հայ-ռուսական յարաբերութիւնների ներկայ զարգացումներին, Զատուլինը նշել է, որ Նիկոլ Փաշինեանը փորձել եւ փորձում է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից եւ ամբողջ յետխորհրդային տարածքից։
«Ուղղակի հիմա բախտի անիւը, գուցէ ժամանակաւորապէս, փոխել է այդ ծրագրերը եւ դանդաղեցրել դրանք՝ Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգների միջեւ յարաբերութիւնների որոշակի բարելաւման պատճառով։ Անշուշտ, դա որոշակի դժւարութիւն է ստեղծում Փաշինեանի համար, բայց, միաժամանակ, համոզւած եմ, որ Փաշինեանը հայ ժողովրդին ամենամեծ վնասը պատճառած մարդն է՝ անկախ Հայաստանի ամբողջ գոյութեան ընթացքում եւ, գուցէ, բոլոր ժամանակներում»,- նշել է Կոնստանտին Զատուլինը։