Իշխան Սաղաթէլեան. «Սահմանագծումը սկսել են Տաւուշից, որ թշնամուն բերեն մեր զինւորի թիկունք»
Մարտահրաւէրների դէմ պայքարելն այսօր գոյաբանական խնդիր է, այս խնդիրների մասին մենք երեք տարի խօսել ենք ու պայքարել։ Այդ մասին Արտաշատի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը։
«Ցաւօք, մեր ուզած արդիւնքին չենք հասել՝ կամ պիտի համակերպւենք, կամ հասկանանք՝ որտեղ ենք թերացել, ինչպէս խօսենք մեր հայրենակիցների հետ, բացատրենք այս վտանգը, պայքարենք, ստեղծւած իրավիճակից դուրս գանք։ Մենք գնում ենք երկրորդ ճանապարհով, մեր պայքարի ընկերը դուք էք, ուրիշ ռեսուրս չունենք, ուրիշ հնարաւորութիւն չունենք»,- ասել է նա։
Սաղաթէլեանի խօսքով՝ Փաշինեանը իրականում տալիս է Տաւուշի գիւղերը ու ասում՝ դրանք Տաւուշի հետ կապ չունեն. «Ալիեւը մի քանի օր առաջ յայտարարեց՝ հրատապ պահանջում է Տաւուշի 4 գիւղերը։ Փաշինեանը ասուլիսում ասաց՝ Տաւուշից ոչ մի գիւղ չեմ տալիս, բայց իրականում տալիս է ու ասում՝ դրանք Տաւուշի հետ կապ չունեն։ Ալիեւի հետ պայմանաւորւել են՝ սահմանագծման աշխատանքները իրականացնում են հատւածաբար։ Դա մեր հատւածն է, որտեղ ունենք դիրքային առաւելութիւն, կահաւորւած դիրքեր, եթէ թշնամին առաջ գայ, դրա գինը թանկ է լինելու։ Սահմանագծումը սկսել են Տաւուշից, որ թշնամուն բերեն մեր զինւորի թիկունք»։
Սաղաթէլեանը յաւելում է, որ նպատակն է ստեղծել ազգային պետութիւն, որի համար ռեսուրս կայ. «Մեր երկրում կան բազմաթիւ գրագէտ մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, հմտութիւն ու գիտելիք ունեն, ովքեր կարող են այս երկիրը ստեղծւած իրավիճակից դուրս բերել: Դուք նայէք այսօրւայ պաշտպանութեան նախարարին, արտգործնախարարին, վարչապետի աթոռը զբաղեցրած անձին ու տեսէք արդեօք հայ ազգի մէջ չկան մարդիկ, որ կարող են սրանց փոխարինել ու կառավարել այս երկիրը»:
Նրա խօսքով` ՀՀ գործող իշխանութիւնները քաղաքական վեկտորը ոչ թէ դէպի Արեւմուտք, այլ դէպի Թուրքիա են փոխում։
«Ձեզ ասում են՝ դաշնակից չունենք, ասում են՝ մեր աւանդական դաշնակիցները մեզ լքել են, մենք մնացել ենք մենակ, դրա համար փոխում ենք երկրի արտաքին քաղաքական վեկտորը, որպէսզի ունենանք նոր դաշնակիցներ։ Սո՛ւտ են ասում: Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքական վեկտորը դէպի Արեւմուտք չէ, դէպի Թուրքիա է։ Մենք գտնում ենք, որ պէտք չէ տարածաշրջան նոր խաղաղացողներ մտցնել ու երկիրը տանել նոր արկածախնդրութեան։ Պէտք է շարժւել փոխլրացման ճանապարհով, ոչ թէ՝ մէկը միւսի հաշւին, ոչ թէ աշխարհաքաղաքական կոնֆլիկտները բերել Հայաստան։
Մենք գտնում ենք, որ մեր ռազմավարական դաշնակից երկրների հետ, մեր հարեւան Իրանի հետ ունենք բազմաթիւ հնարաւորութիւններ, որոնք այսօր չեն օգտագործւում»,- ասել է նա։
Yerkir.am