Օկուպացւած Արցախում Ադրբեջանը ոչնչացրել է «Մեծ եւ Փոքր Սիւնիքներ» յուշակոթողը
«ԱԼԻՔ» – Օկուպացւած Արցախում Ադրբեջանը հողին է հաւասարեցրել «Մեծ եւ փոքր Սիւնիքներ» յուշակոթողը:
Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւնների սահմանագլխին գտնւող «Մեծ եւ Փոքր Սիւնիքներ» յուշակոթողի կարգավիճակի վերաբերեալ, ինչպէս տարբեր լրատւականներ ու անհատներ, այնպէս էլ Monumentwatch նախաձեռնութիւնը ահազանգել են դեռեւս 2023 թւականի ապրիլին։
Յիշեցնենք, որ 2023 թւականի մարտի 29-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից եւ արդէն ապրիլի սկզբին՝ նոր երթուղու արեւմտեան հատւածի (Կոռնիձոր եւ Տեղ գիւղերով անցնող) գործարկումից յետոյ Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցաւ նաեւ Սիւնիքի եւ Արցախի սահմանագլխին կառուցւած «Մեծ եւ Փոքր Սիւնիքներ» կամ «Մայր Հայրենիք» կոչւող յուշակոթողը:
Յուշարձանը կառուցւել է 2004 թւականին Մեծ եւ Փոքր Սիւնիքների միասնութեան գաղափարով։ Յուշարձանի ճրտարապետը Սեւադա Զաքարեանն է, կառուցւել է Սիւնիքի նախկին մարզպետ Սուրէն Խաչատրեանի նախաձեռնութեամբ եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրէնների խորհրդի նախագահ Մաքսիմ Յակոբեանի ֆինանսաւորմամբ։ 2007 թւականին յուշարձանի տարածքում կանգնեցւել է նաեւ խաչքար։
Սուղ ժամկէտներում յուշահամալիրի տեղափոխութեան անհնարինութիւնը հաշւի առնելով, հայկական կողմը 2023 թւականի ապրիլի 3-ին տեղափոխեց միայն խաչքարը, եւ սա կարելի է համարել եզակի բացառութիւն, երբ յուշարձանը հանւում է իր պատմական լանդշաֆտից, կտրւում իր ամբողջականութիւնից՝ յանուն փրկութեան։
Ինչպէս եւ եզրակացւում էր, Գուգլի արբանեակային քարտէզի 2024 թւականի ապրիլ ամսի թարմացումով արդէն երեւում է, որ յուշարձանը հողին է հաւասարեցւել։