ԻրանՄիջազգայինՔաղաքական

Փեզեշքիանը եւ Թեհրան-Բաքու յարաբերութիւնների էութիւնը

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Որոշ «երիտասարդ կովկասագէտներ» կամ ինչպէս վերջերս է տարածում գտել՝ «Կովկասի փորձագէտներ», եւ նրանք, ովքեր առեւտրա-քաղաքական-ինտելեկտուալ հետաքրքրութիւններ ունեն Բաքւի հետ, տարբեր միջոցներով առաջ են քաշում այն ​​գաղափարը, որ Փեզեշքիանի ընտրւելը նպաստելու է Թեհրան-Բաքու յարաբերութիւնների զարգացմանը: Այս մասին գրառում է հրապարակել «Ազարբայջան» օրաթերթի վերլուծաբան Ջալալ Մոհամմադին:

Հեղինակը թերթում հրապարակւած իր մեկնաբանութեան մէջ յիշեցնելով Գիւլիստանով ու Թուրքմենչայով մայր հողից հեռու ընկած հարեւան պետութեան մասին, կարեւորել է տւեալ մտաւոր շերտի հետաքրքրութիւնները, քանի որ նրանց մօտ առկայ տրամադրութիւնը խօսում է երկու երկրների միջեւ յարաբերութիւններում նոր սկիզբի մասին:

Ջալալ Մոհամմադին նշել է. «Այս սիրելիների ամենագլխաւոր փաստարկը Փեզեշքիանի ազերի լինելն է: Ընտրութիւններին  նրա կողմից էթնիկական ​​հակումների արտայայտումը, կամ որոշ «պան»-երի տարած քարոզչութիւնը  Փեզեշքիանի օգտին, եւ այլն»:

Սակայն «Ազարբայջան» օրաթերթի խմբագրակազմի ղեկավարը յիշեցրել է, որ անձի փոփոխութեամբ չէ, որ պայմանաւորւած են դիւանագիտական եւ քաղաքական ուղղւածութիւնն ու ռազմավարութիւնը: «Գրեթէ յստակօրէն կարելի է ասել, որ Թեհրան-Բաքու յարաբերութիւնները լինելու են նոյնը, ինչ վերջին 30 տարիներին»,- արձանագրել է վերլուծաբանը եւ փորձել ծագած «Ինչո՞ւ»-ներին պատասխանել հետեւալ կէտերի մասին յիշեցնելով։

1- Նախագահի ազերի կամ առհասարակ ազգութիւնը չի ​​կարող փոխել Բաքւի կառավարութեան վերաբերմունքն Իրանի նկատմամբ։ Յարաբերութիւնների հարցում փոփոխութիւն չգրանցւեց Հէյդար եւ Իլհամ Ալիեւների մօտ նոյնիսկ այն դէպքում, երբ Յեղափոխութեան Գերագոյն առաջնորդի հետ հանդիպումների ժամանակ էին նկատել, որ նա եւս ազերիախօս է:

2- Իրանի նախկին նախագահները կամ կառավարութիւնները՝ Հաշեմի Ռաֆսանջանիից մինչեւ Ռէյիսի, Ադրբեջանի (Հանրապետութեան) կառավարութեան ձեւաւորման սկզբից՝ 1991 թւականից մինչեւ 2024, միշտ առաջինն են ցանկացել ընդլայնել յարաբերութիւնները Բաքւի հետ, սակայն անարդիւնաւէտ է եղել այդ բարի կամքի դրսեւորումը։ Բաքուն չի ցանկանում:

3- Բաքւի պետական ​​գաղափարախօսութիւնը «պանազերիզմ»-ը, կամ ինչպէս իրենք են ձեւակերպում՝ «ազարբայջան չիլիղ»-ը: Դրանց նպատակը՝ Ատրպատականը մասնատելով ու անջատելով Իրանից «Մեծ Ադրբեջան»-ի ձեւաւորումն է։ Այն տարածւած միտք է նաեւ Բաքւի դասագրքերում, ինչպէս նաեւ տարբեր առիթներով նրանց նախագահի ելոյթներում։

4- Բաքուն հակադրւում է Իրանին պատմական դրդապատճառներով (ոչ հեռու անցեալում պատկանել է Իրանին): Հակադրւում է նաեւ կրօնական նկատառումներով (շիադաւան լինելը), Իրանի ազերիների ազդեցութեան վախից, պետական մօտեցումների հակակրօնական բնոյթից, նիւթական հաշւարկներից, եւ այդ նիւթական կարողութիւնները չկորցնելու նպատակով աշխարհի տէրութիւնների հետ համերաշխութիւնը չխափանելու համար։

5- Բաքու-Ջէյհան խողովակաշարի ամենաանվտանգ եւ կարճ ճանապարհը Իրանի տարածքով այն անցկացնելն էր: Բաքուն ընտրեց ամենահեռաւոր ու վտանգնաւոր ճանապարհը, որպէսզի հարկադրւած չմօտենայ Իրանին:

6- Ռաֆսանջանիի, Խաթամիի, Ահմադինեժադի եւ Ռոհանիի այցերը Բաքու եւ նահատակ Ռէյիսիի հանդիպումները Ալիեւի հետ չեն ազդել կողմերի յարաբերութիւնների վրայ։ Սա այն դէպքում, երբ 2003 թւականին Բաքւում Խաթամին Ղարաբաղի հարցում յստակ դիրքորոշւել էր Բաքւի օգտին։

7- Իրանը միակողմանի կերպով վերացրել է վիզային ռեժիմը Ադրբեջանի Հանրապետութեան քաղաքացիների համար, իսկ Բաքւի կառավարութիւնը շարունակում է փակ պահել Իրանի հետ ցամաքային սահմանն ու անցակէտերը։

8- Ակնյայտ արգելք կայ սահմանամերձ բնակիչների միջեւ յարաբերութիւններում, որն իրականացւում է Բաքւի կողմից։

9- Երբ պետութեան ղեկավարը (նշումը՝ WikiLeaks-ում) Իրանի դեսպանի հետ հանդիպման մասին անձամբ յայտնում է ամերիկացիներին, արդեօ՞ք նա է լինելու որոշում կայացնողը Թեհրանի հետ յարաբերութիւններում:

10- Ադրբեջանի Հանրապետութեան սպառազինումը  Հայաստանի դէմ չէ, որ արւում է:

Բոլորը գիտեն, որ Ղարաբաղեան հակամարտութիւնն աւարտւած է արդէն:

11- Իսկ այս ընթացքում ՆԱՏՕ-ն աստիճանաբար ընդլայնում է յարաբերութիւնները Բաքւի ու Երեւանի հետ։

Related Articles

Back to top button