ԻրանՔաղաքական

Արաղչի. «Արեւմտեան Ասիայի ապագան պէտք է որոշեն տարածաշրջանի երկրները»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին կոչ է արել տարածաշրջանի երկրներին ստանձնել առաջատար դեր Արեւմտեան Ասիայում իրադարձութիւնների ձեւաւորման գործում՝ այլ ոչ թէ յոյսը դնել արտաքին դերակատարների վրայ: Այս մասին նա յայտարարել է «Թեհրանեան երկխօսութիւն 2025» ֆորումի ժամանակ:

Արաղչին յայտարարել է, որ տարածաշրջանի երկրները կարող են վերականգնել իրենց ինքնորոշման իրաւունքը եւ կառուցել իրենց հաւաքական կամքի վրայ հիմնւած ապագայ։

«Սա այն ապագան է, որը պէտք է ձեւաւորւի ոչ թէ արտատարածաշրջանային տէրութիւնների վերլուծական կենտրոններում, այլ տարածաշրջանային մայրաքաղաքներում եւ համաձայն տեղական կարիքների, արժէքների եւ իրողութիւնների», – ասել է նա։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ քանի դեռ տարածաշրջանի երկրները կարող են մշակել իրենց իրականութիւնը նկարագրելու նոր լեզու, նրանք կը կարողանան ստեղծել ինստիտուտներ, մեխանիզմներ եւ դաշինքներ, որոնք աւելի կայուն, լեգիտիմ եւ արդիւնաւէտ կը լինեն, քան դրսից պարտադրւած պայմանաւորւածութիւնները։

Նա վերահաստատել է Իրանի Իսլամական Հանրապետութեան հաւատարմութիւնը տարածաշրջանային համագործակցութեանը՝ յայտարարելով, որ Իրանը յուսալի գործընկեր կը լինի տարածաշրջանի եւ նրա բոլոր ժողովուրդների ու պետութիւնների համար։

Արաղչին նաեւ նշել է, որ Գազայի ճգնաժամը եւս մէկ անգամ ապացուցեց, որ տարածաշրջանի ճակատագիրը չի կարող եւ չպէտք է կախւած մնայ արտատարածաշրջանային տէրութիւնների որոշումներից ու կամքից։

«Այն, ինչ ներկայումս նրանց կողմից մատուցւում է որպէս «տարածաշրջանային իրականութիւն», իրականում խորապէս կառուցւած նարատիւների եւ մեկնաբանութիւնների արտացոլումն է, որոնք ձեւակերպւած են բացառապէս իրենց սեփական շահերի հիման վրայ, եւ որոնք պէտք է վերանայւեն ու շտկւեն հէնց տարածաշրջանում»,- յստակեցրել է նա։

Related Articles

Back to top button