Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արսէն Ջուլֆալակեան. «ՀՀ ներկայիս վարչապետն իր ՔՊ-ով Արցախի/Հայաստանի հանդէպ պետական դաւաճանութիւն է գործել: Իսկ դաւաճանները պէտք է պատժւեն»

«ԱԼԻՔ» – Յունահռոմէական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթէ մեդալակիր, նախկին պատգամաւոր Արսէն Ջուլֆալակեանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինեանն իր ՔՊ-ով Արցախի/Հայաստանի հանդէպ պետական դաւաճանութիւն է գործել: Իսկ դաւաճանները պէտք է պատժւեն:

Այս մասին նա գրել է ֆէյսբուքեան իր էջում՝ դիմելով Հայաստանի քաղաքական դաշտում նոր ձեւաւորւող ուժերին.

«Ձեւաւորւող քաղաքական նոր ուժերին…

Թոյլ մի՛ տւէք, որ ՔՊ-ի ստերը շարունակւեն տարածւել եւ դառնալ ընդունելի հանրութեան ականջների համար:

Մի՛ կաշկանդւէք ճիշտը բարձրաձայնել/կրկնել:

Յիշեցման կարգով՝ շատ կարեւորի մասին…

Իշխանութեան գալուց յետոյ առաջին իսկ քայլով ՔՊ-ն հարւածել է ՀԱՊԿ-ին

(10 յուլիս, 2018 թ. – Խաչատուրովի յետկանչը…):

Յայտարարել է, որ Արցախի հարցով բանակցութիւնները սկսում է սեփական զրոյական կէտից։

ԵԱՀԿ Մինսկի խումբը պատասխանել է, որ նման բան իրենց հետ համաձայնեցւած չի եղել։

ՔՊ-ն մերժել է կարգաւորման շուրջ Մինսկի խմբի առաջարկները, միակողմանիօրէն փորձել է փոխել բանակցութիւնների ձեւաչափը՝ պահանջելով Արցախը դարձնել բանակցային կողմ, ապա սկսել է առանց միջնորդ բանակցել Ադրբեջանի հետ:

Պատերազմը սկսւելուց յետոյ Ռուսաստանն առաջարկել է հոկտեմբերի 6-ին կանգնեցնել այն անհամեմատ աւելի լաւ պայմաններով, քան ստացանք նոյեմբերի 9-ին: Եւ իհարկէ, առանց զոհերի նման թւի…։

Պատուհասը մերժել է այդ առաջարկը (անձամբ է խոստովանել ԱԺ ամբիոնից):

Ամբողջ 44-օրեայ պատերազմը վարւել է սխալների, ստի եւ մանիպուլիացիայի միջոցով՝ խախտելով յաղթական պատերազմ վարելու բոլոր կանոնները (պառակտման սերմանում, բանակի կազմաքանդում, համալրման դադարեցում…):

2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարը ստացւեց հէնց Ռուսաստանի միջնորդութեամբ, որից յետոյ պահեցինք թէկուզ եւ փոքր, բայց Արցախի մի մասը՝ հետագայում կարգավիճակ ստանալու հնարաւորութեամբ:

Ապա 2022 թ. հոկտեմբերի 6-ին յանցագործը գնաց Պրահա եւ հրաժարւեց Արցախից՝ ճանաչելով այն Ադրբեջանի մաս (Շառլ Միշէլի եւ Մակրոնի մասնակցութեամբ)։

Կրեմլից միանգամից յայտարարել են, որ դա անակնկալ էր, եւ իրենք տեղեակ չեն եղել հայկական կողմի նման ծրագրի մասին:

Պարզ է, որ ՀՀ իշխանութեան այդ քայլից յետոյ ոչ մի երկիր չէր կարող կանգնել Արցախի կողքին, երբ Արցախի օրինական տէրը՝ Հայաստանը, հրաժարւել էր վերջինից:

Մեղադրել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային կամ այլ ուժերի մեզ չօգնելու մէջ ուղղակի մանիպուլիացիա է ՔՊ-ի եւ նրա աջակիցների կողմից:

Վերադառնանք պատուհասին.

Երբ ՀՀ վարչապետը, ով պատերազմի ժամանակ զինւած ուժերի գերագոյն հրամանատարն է, կրկին ԱԺ ամբիոնից յայտարարում է, որ «Արցախը թոկ էր՝ Հայաստանի վզից գցած», եւ նա այդ թոկը կտրել է… դա ինքնախոստովանութիւն է:

Երբ հարցին, թէ հնարաւորութեան դէպքում այլ կերպ կը վարւէ՞ր, պատասխանում է «ոչ, նոյնութեամբ կը կրկնէի»… դա եւս ինքնախոստովանութիւն է:

Խոստովանութիւն Արցախը յանձնելու մասին:

ՀՀ ներկայիս վարչապետն իր ՔՊ-ով Արցախի/Հայաստանի հանդէպ պետական դաւաճանութիւն է գործել: Իսկ դաւաճանները պէտք է պատժւեն:

Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել»:

Related Articles

Back to top button