Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչութեամբ փաշինեանական իշխանութիւնը կոշտ դիրքորոշում ունի»
«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը գրում է․
«Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերեալ ցոյց է տալիս, որ երեւացող անհամաձայնութիւնները խիստ պայմանական են:
Մեծ առումով Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչութեամբ փաշինեանական իշխանութիւնը կոշտ դիրքորոշում ունի՝ սահմանադրութեան փոփոխութիւններից մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
Այն իշխանութիւնը, որն Արցախն Ադրբեջան է յայտարարել, ի՞նչ խնդիր ունի Արցախի հակամարտութեան կարգաւորման նպատակով 3 տասնամեակ առաջ ստեղծւած Մինսկի խմբի ձեւաչափը լուծարելու կամ Անկախութեան հռչակագիրն Արցախի յիշատակումներով չէզոքացնելու համար:
Այդ դէպքում ինչո՞ւ է Ադրբեջանը ձգում գործընթացը:
Կարծում եմ պլան մինիմումը Հայաստանին իջեցւող պահանջների ընդլայնումն է, իսկ աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների ձեւաւորման դէպքում պլան մաքսիմումն իրականացնելու համար, այդ թւում ըստ անհրաժեշտութեան, ուժի կիրառման միջոցով»: