
«ԱԼԻՔ» – «Մենք կարծում ենք, որ բոլոր պետութիւնների իրաւունքները, ներառեալ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրաւունքը (համաձայն NPT-ի), պէտք է յարգւեն»։ Այս մասին «Թեհրանեան երկխօսութիւն 2025» ֆորումի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«NPT-ի շրջանակում, մենք իրաւունք ունենք օգտագործելու միջուկային խաղաղ տեխնոլոգիաները եւ հետազօտութիւնները տարբեր նպատակներով, ներառեալ առողջապահութիւնը, գիւղատնտեսութիւնը, արդիւնաբերութիւնը եւ այլ կենսական ոլորտները»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Մեր կրօնական համոզմունքները թոյլ չեն տալիս միջուկային զէնք ստեղծել: Զէնք, որը կարող է ոչնչացնել մարդկութեանը եւ մարդկութեան ապագայի համար չունի ոչինչ, քան աւերածութիւն:
Այն, որ ոմանք շարունակում են պնդել, որ Իրանը շարժւում է միջուկային զէնք ստեղծելու ուղղութեամբ, պարզապէս անհիմն եւ ռազմատենչ պնդումների կրկնութիւնն է: Իրանը չի ձգտել եւ չի ձգտում միջուկային զէնքի ստեղծմանը»,- յայտարարել է Հանրապետութեան նախագահը:
Անդրադառնալով տարածաշրջանային իրադարձութիւններին, Փեզեշքիանը նշել է, որ Արեւմուտքը փորձում է միմեանց դէմ հանել Մերձաւոր Արեւելքի երկրներին, որպէսզի ապահովի նաւթի կայուն մատակարարումը:
Ըստ նրա՝ որոշ երկրներ պատրաստ են ամէն ինչի, որպէսզի տարածաշրջանից իրենց ձեռնտու գնով էներգետիկ ռեսուրսներ վերցնեն։
«Առանց էներգառեսուրսների, արեւմտեան երկրները կաթւածահար կը լինեն, նրանք ուզում են վերցնել մեր նաւթը եւ մեզ զէնք տալ, որպէսզի մենք իրար հետ կռւենք»,- ասել է Փեզեշքիանը:
Նա խնդրի լուծումը համարել է տարածաշրջանի երկրների միջեւ կոնսեսուսի ձեւաւորումը, միասնութիւնն ու կապերի ամրապնդումը: