Գիտնականները բացայայտել են պարացետամոլի՝ ցաւի վրայ ազդեցութեան նախկինում անյայտ եղանակը

Ինդիանայի համալսարանի գիտնականների իրականացրած նոր հետազօտութիւնը կարող է օգնել դեղագործական արդիւնաբերութեանը աւելի լաւ հասկանալ յայտնի առանց դեղատոմսի ցաւազրկողը՝ Թայլենոլը, որը յայտնի է նաեւ որպէս ացետամինոֆէն կամ պարացետամոլ։
Հետազօտող Միքայէլա Դւորակովան՝ Կալիֆորնիայի համալսարանի Ջիլի անւան նեարդաբանութեան ինստիտուտի եւ Արւեստների ու գիտութիւնների կոլէջի հոգեբանութեան եւ ուղեղի գիտութիւնների ֆակուլտետի գիտաշխատող, ինչպէս նաեւ ինստիտուտի գիտաշխատող Ալեքս Սթրայքերը հրապարակել են հետազօտութեան արդիւնքները Cell Reports Medicine ամսագրում։
Նրանց յայտնագործութիւնը, որը մանրամասն նկարագրում է դեղամիջոցի՝ ցաւի վրայ ազդեցութեան նախկինում անյայտ եղանակը, կարող է փոխել դեղագէտների պատկերացումները ցաւի բուժման վերաբերեալ եւ օգնել աւելի անվտանգ ու արդիւնաւէտ ցաւազրկող դեղամիջոցների մշակմանը։
Հետազօտողները յայտնաբերել են, որ ացետամինոֆէնը ճնշում է այն ֆերմենտը, որն արտադրում է էնդոգեն կանաբինոիդներից մէկը՝ 2-արախիդոնոիլգլիցերինը (2-AG)։ Էնդոկանաբինոիդներն արտադրւում են օրգանիզմի կողմից՝ CB1 ընկալիչները ակտիւացնելու համար, հէնց այն ընկալիչները, որոնք առաջացնում են կանեփի հոգեակտիւ ազդեցութիւնը։ Թէեւ ացետամինոֆէնը, որը յայտնի է նաեւ որպէս Թայլենոլ կամ պարացետամոլ, ցաւի եւ ջերմութեան դէմ ամենատարածւած միջոցն է, սակայն թէ ինչպէս է այն հանգստացնում ցաւը, մինչ օրս մնում էր առեղծւած։
Բարձր դեղաչափերով ացետամինոֆէնը կարող է թունաւոր լինել լեարդի համար։ Ացետամինոֆէնի թունաւոր ազդեցութիւնը ԱՄՆ-ում տարեկան մօտ 500 մահւան պատճառ է դառնում եւ ամբողջ աշխարհում լեարդի փոխպատւաստման երկրորդ հիմնական պատճառն է։ Դրա լայն հասանելիութեան եւ այլ արտադրանքների հետ համակցման շնորհիւ աւելի քան 60 միլիոն ամերիկացիներ շաբաթական օգտագործում են ացետամինոֆէն, ինչը չափազանց կարեւոր է դարձնում հասկանալը, թէ ինչպէս է այն ազդում ցաւային ընկալիչների վրայ։
«Եթէ դուք չգիտէք, թէ որն է թիրախը, դուք չէք կարող այլընտրանք մշակել»,- ասել է Սթրայքերը։ – «Մեր հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ այս ֆերմենտը կարող է թիրախ լինել, եւ այդ դէպքում դուք կարող էք սկսել դեղամիջոցների մշակումը, որոնք ուղղւած են այս կոնկրետ ֆերմենտին, բայց առանց նման թունայնութեան»։
Այժմ հետազօտական խումբն ուսումնասիրում է այլ տարածւած ցաւազրկողների, ինչպիսիք են իբուպրոֆենը եւ ասպիրինը, կիրառման հնարաւորութիւնը՝ որոշելու համար, թէ արդեօք դրանք ունեն ազդեցութեան նմանատիպ մեխանիզմներ։
news.am