Այլ

Սակաւարիւնութիւնը եւ ստրեսը կարող են լինել մշտական հոգնածութեան պատճառ

Դոկտոր Սթիւարտ Ֆիշերը եւ ընտանեկան բժիշկ Նեհա Վիասը (երկուսն էլ ԱՄՆ-ից) Daily Mail պարբերականին պատմել են, որ հոգնածութեան ամենատարածւած պատճառները կարող են լինել ստրեսը, սակաւարիւնութիւնը (անեմիա), վահանաձեւ գեղձի դիսֆունկցիան, հոգեկան առողջութեան խնդիրները եւ դիաբետը։

Դոկտոր Վիասը բացատրել է, որ մշտական հոգնածութեան հնարաւոր պատճառներից մէկը կարող է լինել առողջ կարմիր արիւնաստեղծ մամինների (էրիտրոցիտների) անբաւարարութիւնն օրգանիզմում։ Այդ վիճակն անւանում են սակաւարիւնութիւն։ Էրիտրոցիտներն արեան կարմիր բջիջներն են, որոնք հեմոգլոբինը հասցնում են օրգաններին եւ հիւսւածքներին եւ պատասխանատու են հիւսւածքների եւ օրգանների փոխանակային պրոցեսների համար։ Էրիտրոցիտների մակարդակի կամ հեմոգլոբինի նւազումից կախւած՝ սակաւարիւնութիւնը կարող է լինել թեթեւ, չափաւոր եւ ծանր։

Սակաւարիւնութիւնը կարող է առաջանալ ոչ միայն սննդաբաժնում երկաթի անբաւարարութեան, այլեւ տարբեր հիւանդութիւնների պատճառով, որոնք յանգեցնում են կարմիր արիւնաստեղծ մարմինների կորստի։ Բացի այդ, այդ պաթոլոգիան կարող է դրսեւորւել ֆիզիոլոգիական պատճառներով, օրինակ՝ կանանց մօտ խիստ դաշտանի ժամանակ։

Վահանաձեւ գեղձի դիսֆունկցիան նոյնպէս հոգնածութեան հիմնական պատճառներից մէկն է։ Դոկտոր Ֆիշերը բացատրել է, որ վահանաձեւ գեղձը արտադրում է հորմոններ, որոնք կարգաւորում են մետաբոլիզմը՝ մարմնի կողմից էներգիայի ծախսման արագութիւնը։ Երբ օրգանն արտադրում է չափից շատ կամ չափից քիչ որոշակի հորմոններ, մարդու ինքնազգացողութիւնը կաող է վատանալ։

Մասնագէտներն աւելացրել են, որ ստրեսն ու հոգեկան առողջութեան հետ կապւած խնդիրները կարող են առաջ բերել քնկոտութիւն, տկարութիւն եւ կոտրատւածութեան զգացողութիւն։ Բժիշկների խօսքով՝ ստրեսի վիճակում օրգանիզմում արտադրւում է կորտիզոլի եւ ադրենալինի աւելցուկ, որոնք արագացնում են սրտխփոցն ու արեան «մատակարարումը» մկաններին։ Սակայն այդ կենսաբանօրէն բարդ վիճակը չի կարող երկար շարունակւել. «յետդարձի» ժամանակ էներգիայի քանակը կտրուկ ընկնում է։

Որոշ հոգեկան խանգարումներ (դեպրեսիա, տագնապ եւ այլն) ուղեկցւում են ուղեղի նէյրոմեդիատորներ կոչւող որոշակի նիւթերի քիմիական անհաւասարակշռութեամբ։ Այս դէպքում մարդը կարող է ապատիա ունենալ։ Ֆիշերը նշել է, որ այդ հոգեբանական հոգնածութիւնը վերացւում է այն դեղերով, որոնք վերականգնում են նէյրոմեդիատորների հաւասարակշռութիւնը։

NEWS.am Medicine

Related Articles

Back to top button