Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լեւոն Զուրաբեան. «Փաշինեանի պրոպագանդիստները ստում են. Շուշին ու Լաչինը մնում էին մեզ»

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանի պրոպագանդիստներն արդէն նաեւ Ազգային ժողովի ամբիոնից փորձում են պաշտպանել գերագոյն գլխաւոր ստախօսի այլանդակ ստերը, ասելով, թէ վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի բացայայտւած փաստաթղթերն իբր ցոյց են տալիս, որ 1997 թւականի Փուլային կարգաւորման համաձայն «հայկական ուժերը պէտք է դուրս բերւէին Շուշիից ու Լաչինից»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Սրանք այնքան անգրագէտ են դիւանագիտութեան մէջ եւ այնքան անպարկեշտ Նիկոլին իր կործանարար որոշումների պատասխանատւութիւնից մաքրելու անպատւաբէր գործում, որ որպէս նման ակնյայտ ստի ապացուց բերում են 1997 թւականի Փուլային տարբերակին համաձայնութիւն յայտնելու Հէյդար Ալիեւի ձեւակերպումը, որը եւ տեղադրւած է ամերիկեան զեկոյցներում։

Սրանց մտքով անգամ չի անցնի (իսկ եթէ անցնում է, նշանակում է, որ չարամտօրէն են մոլորեցնում մեր հանրութեանը), որ կարեւորը ոչ թէ կարգաւորման պլանի ձեւակերպումն է Ալիեւի կողմից, որով նա շարադրել է նաեւ ապագայի հետ կապւած իր ցանկութիւնները, այլ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացւած եւ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնութիւնն ստացած կարգաւորման պլանի բուն տեքստը։

Իսկ 1997 թւականի Փուլային կարգաւորման տեքստում զօրքերի դուրսբերման մասին ասւած է միայն հետեւեալը (կէտ 2)

1.«Երկրորդ փուլում ուժերը դուրս են բերւում միաժամանակ եւ թիւ 1 յաւելւածում ներառւած գրաֆիկի համաձայն՝ հետեւեալ կերպ.

(1) Հայաստանի ուժերը, որոնք տեղաբաշխւած են Հայաստանի սահմաններից դուրս, բերւում են այդ սահմաններից ներս:

(2) ԼՂ ուժերը բերւում են ԼՂԻՄ 1988 թ. սահմանագծից ներս՝ բացառութեամբ Լաչինի շրջանի:

(3) Ադրբեջանի ուժերը դուրս են բերւում դէպի թիւ 1 յաւելւածում նշւած սահմաններից անդին՝ ԲՄԾԽ յանձնարարականների հիման վրայ, եւ Հայաստանի տարածքից:»

Ինչպէս տեսնում ենք, հայկական զօրքերը ոչ միայն մնում էին ամբողջ ԼՂԻՄ-ի տարածքում (ինչը ներառում է Շուշին), այլ նաեւ ամբողջ Լաչինի շրջանում։

2. Իսկ ինչ վերաբերւում էր չհամաձայնեցւած հարցերին (Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Շահումեանի շրջան հայերի վերդադարձը, Շուշի եւ Լաչին՝ ադրբեջանցիների վերադարձը), դրանք յետաձգւում էին անորոշ ապագայով եւ պէտք է լուծւէին Հաաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հետագայ բանակցութիւններով մի վիճակում, երբ արդէն հաստատւել են ԵԱՀԿ բաժանարար բազմազգ ուժերը եւ դադարեցւած է ռազմական հակամարտութիւնը։ Ահա ինչպէս էր դա ձեւակերպւած կարգաւորման պլանում (կետ 6).

«Սոյն համաձայնագրի երեք կողմերը, այսպիսով վերջ դնելով հակամարտութեան պատերազմական կողմին, համաձայն են Մինսկի խորհրդաժողովի համանախագահների օժանդակութեամբ բարեխղճօրէն շարունակել բանակցութիւնները ԵԱՀԿ գործող նախագահի կողմից համապատասխանաբար հրաւիրւած այլ կողմերի հետ հակամարտութեան միւս բոլոր կողմերի անյետաձգելի ու համապարփակ կարգաւորմանը հասնելու նպատակով, այդ թւում՝ քաղաքական կողմը, ինչը ներառում է ԼՂ կարգավիճակի որոշումը եւ Լաչինի, Շուշիի ու Շահումեանի հետ կապւած խնդիրների լուծումը. այսպիսի կարգաւորումը բանակցութիւնների ճանապարհով իրականանալուց եւ վերոյիշեալ կողմերի ստորագրումից յետոյ ենթակայ է ճանաչման միջազգային հանրութեան կողմից հնարաւորինս արագ հրաւիրւելիք Մինսկի խորհրդաժողովի ժամանակ»:

Ինչպէս տեսնում ենք, կարգաւորման պլանում Շուշիից եւ Լաչինից հայկական զօրամիաւորումների դուրսբերման եւ այդ շրջաններ ադրբեջանցիների վերադարձի հետ կապւած Ադրբեջանի ցանկութիւններն անգամ ձեւակերւած չեն, եւ այդ ամէնի մասին խօսւում է ընդամէնը, որպէս «Շուշիի եւ Լաչինի հետ կապւած խնդիրներ»։

Նիկոլի պրոպագանդիստները չգիտես ինչու լռում են, որ չլուծւած հարցերի այդ ընդհանուր փաթեթի մէջ ընդգրկւած էր նաեւ Շահումեանի շրջանի հարցը։ Իսկ դիւանագիտութիւնից մի քիչ հասկացողները կը հասկանային նաեւ, որ այդ ձեւակերպման մէջ ոչ միայն կոդաւորւած էր Լեռնային Ղարաբաղի դէ ֆակտօ անկախութիւնը, այլ նաեւ Շահումեանը Շուշիի եւ Լաչինի հետ փոխանակումը։

Ստախօսներից ներողութիւն չեմ ակնկալում, որովհետեւ սուտ ասելը այսօր դարձել է նրանց համար միակ մասնագիտութիւնը»։

Related Articles

Back to top button