Մշակոյթի գործիչները լռում են, երբ կեղծ, հակագիտական հիմնաւորումներով հակադրւում են հայրենիքն ու պետութիւնը
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
Ինչո՞ւ են լռում մշակոյթի գործիչները
Ամիսներ առաջ, երբ օրէնքով վերացրին պատւաւոր կոչումները, իսկ արդարադատութեան մի տգէտ փոխնախարար Աժ ամբիոնից ամենայն համոզումով յայտարարեց, թէ ով է Վլադիլեն Բալեանը՝ նրան ոչ ոք չի ճանաչում, մշակոյթի գործիչները լռեցին։
Մշակոյթի գործիչները լռեցին ու պատմաբաններին մենակ թողեցին, երբ կրթական նոր չափորոշիչներով «վերատեսութեան» ենթարկւեցին պատմութեան ու գրականութեան դասագրքերը՝ խեղելով պատմական իրողութիւններ, մեր ինքնութեան առանցքային հիմքերը։
Մշակոյթի գործիչները շարունակում են լռել, երբ ամէն օր կեղծ, հակագիտական հիմնաւորումներով հակադրւում են Հայրենիքն ու պետութիւնը, ազգայինն ու պետականը։
Լռում են, երբ անարգում են Հայ Առաքելական եկեղեցին ու փորձում թիրախաւորել նրա Հայրապետին, բայց փառասիրաբար յայտնւում են մեռոնօրհնէքի ծէսի առաջին շարքերում․․․
Լռում են ու շարունակում «Արշակ 2-րդ», «Ինկած բերդի իշխանուհին» կամ «Մուսա Լեռան 40 օրը» բեմադրել, «Կիլիկիա» կամ «Ադանայի ողբը» երգել, «Արարատ» նկարել…։
Լռում են…՝ որոշները պատերի տակ խօսելով, բայց իշխանական կերակրատաշտից հաճոյքով օգտւելով։
Եւ ահա, մեր քաղաքակրթական ժառանգութեան, նոյնն է, թէ մեր դէմ պայքարն հասաւ մշակութային կազմակերպութիւններին։
Առանց յօդաբաշխ հիմնաւորման ՔՊ-ն՝ միասնական կուռ համոզումով, Նիկոլ Փաշինեանի յանձնարարականով, ԿԳՄՍ մի ոչ ադեկւատ փոխնախարարի ներկայացմամբ, Ազգային կարգավիճակ ունեցող բոլոր մշակութային կազմակերպութիւններին Օրէնքով զրկւեց այդ կարգավիճակից։
Ազգային կարգավիճակը նրանց շնորհւել էր տասնամեակների մշակութային առաքելութեան եւ գործունէութեան համար՝ շեշտելով նրանց բացառիկ վաստակն ու հէնց պետութեան կողմից դրանց առանձնակի արժեւորումը․ Ազգային Օպերա, Ազգային Ֆիլհարմոնիկ օրկեստր, Ազգային ակադեմիական երգչախումբ, Սունդուկեանի անւ. ազգային ակադեմիական թատրոն, Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային գրադարան, Ազգային գեղագիտական կենտրոն, Կամերային երաժշտութեան Ազգային կենտրոն…
Երբ երկու ամիս առաջ այս կազմակերպութիւնների գեղարւեստական ղեկավարներին եւ տնօրէններին պաշտօնական նամակով դիմեցի՝ հրաւիրելու ԱԺ՝ ԿԳՄՍ-ի հետ քննարկելու, ընդդիմանալու, հիմնաւորելու այս նսեմացնող, թշնամական քայլը, նրանց ճնշող մեծամասնութիւնը, անգամ խոստացւած փակ քննարկման պարագայում, վախեցաւ, խուսափեց եւ տարբեր քստմնելի պատճառաբանութիւններով չեկաւ փակ քննարկմանը։
Մի քանիսն անկեղծօրէն խոստովանեց, որ յետոյ վրէժ կը լուծեն, կը հետապնդեն, սեւ ցուցակում կը յայտնւեն, կը զրկեն փողից…
Նոյնիսկ չգիտես՝ կարեկցե՞լ, ինչպէ՞ս վերաբերւել այս ինքնանսեմացող տեսակին, յաւերժ ներկայ ու համակերպւող այս անդեմ տեսակին, որ անցնող քսան-երեսուն տարիների ընթացքում մի քանի տէրեր ու կուսակցութիւններ է փոխել, կենացներ ասել ու եղել օրւայ ռեժիմի հաւատարիմ ծառան…
Իրականում, որքան էլ ցաւալի է, բայց անսապասելի բան չկայ. սա լիուլի տեղաւորւում է մեր օրերի տրամաբանութեան ու «մշակոյթի» մէջ։
Պաշտօնական Հայաստանը լռում է՝ Բաքւի բանտերում մոռանալով խոշտանգւող հայ ռազմագերիներին, «որ չխանգարի ու աւելի վատ չլինի»։
Ալէն Սիմոնեանը չի գործածում Արցախ բառը, որ չվնասի այն «խաղաղութեանը», որի օրօք Հայաստանը ֆաշիստ է հռչակւում, իսկ Հայաստանի քթի տակ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններ են։
Դէ «ազգային» մշակոյթի գործիչներն էլ լռում են ու կորցնում նախորդներից ստացած ժառանգութիւնը, որովհետեւ չեն ուզում դուրս գալ յարմարաւէտութեան գօտուց…
«Տուն ենք պահում կամ քաղաքականութեամբ չեմ զբաղւում» կենցաղային, չգոյութեան փիլիսոփայութիւնը խժռել է բոլորին։
Իսկ շատերը միամտաբար համոզւած էին, թէ սահմանը՝ ներքին սահմանը, ինքնութեամբ են պահում։ Ու անղեկ հասարակութիւնը շարունակում է հարցնել՝ իսկ ո՞ւր է ազգային մշակութային էլիտան։ Ո՞ւր է…
Ու այսպէս կորցնում ենք արտաքին ու նաեւ ներքին սահմանը՝ հեռացնելով մեզ մեզանից…
Յ. Գ. – Դժւար է պատկերացնել, որ Ֆրանսիան հրաժարւի իր Ազգային օպերայից, Բրիտանիան իր ազգային պատկերասրահից, կամ Վիեննան՝ իր ազգային պատմութեան թանգարանից…
Ու ֆրանսիացին, անգլիացին կամ աւստրիացին լռի…