«Հայաքւէ». «Հետամուտ ենք լինելու իշխանափոխութիւնից յետոյ հակազգային բոլոր օրէնքների չեղարկմանը»
«ԱԼԻՔ» – «Հետամուտ ենք լինելու իշխանափոխութիւնից յետոյ հակազգային բոլոր օրէնքների չեղարկման»-ը: Այս մասին յայտարարութիւն է տարածել «ՀայաՔւէ» ազգային քաղաքացիական միաւորման վարչութիւնը:
Յայտարարութիւնում ասւում է. «Յունւարի 22-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Մշակութային օրէնսդրութեան հիմունքների մասին» ՀՀ օրէնքում լրացումներ եւ փոփոխութիւններ կատարելու մասին» ՀՀ օրէնքի նախագիծը, որի համաձայն` բացառիկ նշանակութիւն ունեցող մշակութային կազմակերպութիւնների «ազգային» կարգավիճակը չեղարկւում է: Կառավարութեանը լիազօրութիւն է վերապահւում գործող եւ նոր ստեղծւող մշակութային կազմակերպութիւններին շնորհելու «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ, «ազգային» բառը հանւած է մշակութային կազմակերպութիւնների կարգավիճակներին վերաբերող դրոյթներում։
Ոչ մի կերպ չի հիմնաւորւել, որ նշւած կազմակերպութիւնների նկատմամբ «ազգային» բառի կիրառումը չի արտացոլում դրանց եզակիութիւնը, կարեւորութիւնը եւ պետութեան կողմից տրւող բացառիկ նշանակութիւնը։ Օրէնսդրական նշւած փոփոխութիւնը գործող վարչախմբի կողմից ազգային ինքնութեան նսեմացմանն ուղղւած հետեւողական քաղաքականութեան շղթայի հերթական օղակներից մէկն է։ Հանրակրթութեան պետական չափորոշչից Հայոց եկեղեցու պատմութեան բաղադրիչը դուրս բերելով, «Հայոց պատմութիւնը» «Հայաստանի պատմութիւն» անւանելով, դպրոցական դասագրքերում հակազգային ու հակագիտական բովանդակութիւն ներմուծելով եւ կրթամշակութային այլ նախաձեռնութիւններով` վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնութիւնն ու ձեւաւորելու լղոզւած դիմագծով, ազգային ինքնութիւնը չկարեւորող սպառողական հասարակութիւն։
«ՀայաՔւէ» ազգային քաղաքացիական միաւորումը քաղաքական այս ուղեգծի հակառակորդն է։ Մենք մշտապէս պայքարել եւ պայքարելու ենք թշնամական շահեր սպասարկող վարչախմբի հակազգային քաղաքականութեան դրսեւորումների դէմ։ Մենք հետամուտ ենք լինելու իշխանափոխութիւնից յետոյ հակազգային բոլոր օրէնսդրական նախաձեռնութիւնների չեղարկմանը։