Ահազանգ. Աննա Յակոբեանը իրանահայի ակցենտը իբրեւ «գեղցու» է որակել՝ մարդկանց «էշ» ու «ոջիլ» անւանելուց յետոյ

«ԱԼԻՔ» – Ծննուդով իրանահայ, լրագրող, հաղորդավար Մեղրի Ղուկասեանն արձագանքել է Աննա Յակոբեանի հերթական վիրաւորական արտայայտութիւններին:
««Ազնւական, մակարդակով, կիրթ ու կրթող» «առաջին տիկինը» ժողովրդին «էշ» ու «ոջիլ» անւանելուց յետոյ, հիմա էլ իրանահայի ակցենտն է «գեղցու» ակցենտ որակում։
Գիւղում ծնւելը, ապրելն ու արարելը ամօթ բան չէ։ Եթէ գիւղում ծնւած ու ապրած լինէի, հաստատ դրա համար վատ չէի զգալու, իսկ այ գաւառական լինելը, քառակուսի գաւառամտութիւնը, այ դա իրենց էութիւնն է։
Իրանի քաղաքակրթութեանը, իրանահայերի ունեցած հարուստ պատմամշակութային ժառանգութեանը եւ ապրելակերպին, նիստուկացին ծանօթ մարդկանց մօտ միայն ծիծաղ կարող է առաջացնել իրենց բնակավայրը գիւղ ու իրենց «գեղցի» անւանելը։
Յաւելեմ՝ անձը, որին վիրաւորում է, բնակւում է ԱՄՆ-ում եւ ոչ Իրանում։ Ըստ սրա՝ ԱՄՆ-ն էլ է գիւղ։
Պառակտելը հէնց այսպէս է լինում․ իրանահայի ակցենտը ծաղրել, արեւմտահայերին «աղբար» ասել, արցախցու հանդէպ ատելութիւն սերմանել, գիւմրեցուն ու երեւանցուն իրար թշնամի սարքել, ու այսպէս շարունակ…
Հայաստանը ձեր սեփականութիւնը չէ ու ձեզ չի պատկանում։
Որպէս ՀՀ-ի ու հայութեան թշնամիներ, ինչքան էլ ատելութիւն տարածէք ու պառակտութիւն մտցնէք, հայրենիքի հանդէպ զգացածը մնում է անփոփոխ։
Ձեզ չի յաջողւի մեզ հիասթափեցնել ու լռեցնել։
Իսկ դուք ստանալու էք այն, ինչին արժանի էք…»,- գրել է նա: