Հայաստան - ԱրցախՔաղաքական

Քաղաքագէտ. Ադրբեջանը շարունակում է Հայաստանի եւ համաշխարհային հայութեան դէմ նարատիւային պատերազմը

Քաղաքագէտ Արա Պօղոսեանը գրում է.

«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի եւ համաշխարհային հայութեան դէմ նարատիւային պատերազմը, ընդ որում` բաւականին յաջող ՀՀ իշխանութիւնների վարքագծի պատճառով։

Իսկ Հայաստանի պետական ինստիտուտները պարզապէս հետեւում են Ադրբեջանի գործողութիւններին (լաւագոյն դէպքում), իսկ իշխանամէտ փորձագիտական ու յարակից մարդկանց ու խմբերի միակ արձագանգը թերեւս այն է, որ Ադրբեջանի հակահայկական գործողութիւնների թիրախը ներքին լսարանն է։

Յիշենք, թէ մինչեւ 2016 ապրիլ, 2020 սեպտեմբեր ու մինչեւ 2023 սեպտեմբեր Հայաստանի ու հայութեան դէմ նարատիւային, հիբրիդային պատերազմին ինչպէս էին նորից նոյն յիմար թէզերով պատասխանում։

Յատկապէս աւտորիտար ռեժիմները խնդիր չունեն ներքին լսարանի համար արտաքին նարատիւների զարգացման։ Ընդհակառակը` հասարակութեան համախմբման համար նրանք կարիք ունեն արտաքին թշնամու կերպարի, եւ պարբերական հակամարտութիւնների, որը անհրաժեշտ միջավայրի դէպքում կարող է լուծել բազմաթիւ խնդիրներ։

Ուրեմն` Հայաստանի դէմ վարւող նարատիւային պատերազմը կապը ներքին լսարանի հետ միայն յարակից կապ է, իսկ իրականում այն հետապնդում է տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, կարճաժամկէտ, միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ նպատակներ։

Միջազգային յարաբերութիւնների տեսութիւններ ուսումնասիրող ցանկացած մարդ գիտի, որ այս բոլորի համատեքստում տարածաշրջանային ուժերի նոր ստատուս քւոյով ձեւաւորւած կոնֆիգուրացիայի պահպանումն է, այլ կերպ ասած` Ադրբեջանի ուժային հաշւեկշռի գերազանցութեան ապահովում ինչպէս սպառազինութեան, այնպէս էլ տնտեսական, լոգիստիկ, հոգեբանական, տարածքային եւ այլ առումներով։

Այս պահին ձեւաւորւած է հայ-ադրբեջանական ուղղահայաց յարաբերութիւններ, որտեղ Ադրբեջանը ունի թելադրողի, իսկ Հայաստանը՝ կատարողի կարգավիճակ։

Այնպէս որ, սիրելիներ, խաղաղութիւնը հնարաւոր է, եթէ կայ ուժերի հաւասարակշռութիւն։ Սա նման է ձգողականութեան օրէնքին` անվիճելի է, պատմութեան կողմից բազմիցս ապացուցւած»։

Related Articles

Back to top button