Ադրբեջանցի պատգամաւոր. «Եթէ մի օր Երեւանից լսէք Ադրբեջանի առաջնորդի ելոյթը, իմացէք, որ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս առաջինից. դա կը լինի ամենամեծ վերադարձը»

«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի նիստում պատգամաւոր Զահիդ Օրուջը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում փորձել է Ադրբեջանի «յաղթանակը» ներկայացնել որպէս աշխարհում եզակի երեւոյթ: Հաղորդում է Tert.am-ը:
Ադրբեջանական Toplum TV պարբերականի փոխանցմամբ՝ Օրուջի խօսքով՝ ներկայումս աշխարհում գոյութիւն ունի 61 զինւած հակամարտութիւն, սակայն դրանցից ոչ մէկը չի յանգեցրել կայուն խաղաղութեան կամ յստակ արտայայտւած յաղթողի ի յայտ գալուն: Օրուջը յայտարարել է, որ Ադրբեջանը «միակ պետութիւնն է, որն ամենակարճ ժամանակահատւածում եւ նւազագոյն կորուստներով հասել է առաւելագոյն արդիւնքների»:
Պատգամաւորը յաւելել է, որ «Ադրբեջանը ոչ միայն յաղթեց պատերազմում՝ Անկախութեան պատերազմում՝ լիակատար եւ վճռական յաղթանակով, այլեւ կարողացաւ այն աւարտին հասցնել»։
Իր ելոյթում Օրուջը փորձել է ընդգծել Իլհամ Ալիեւի դերը որպէս «յաղթանակած առաջնորդ»՝ պնդելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հիացմունք է ցուցաբերել» Ալիեւի նկատմամբ։
Անդրադառնալով Հայաստանի թեմային, Օրուջը յայտարարել է, որ «հայերը սպասում են Բաքւի որոշմանը՝ ներկայացնելու «իրական Հայաստանը», այլ ոչ թէ Մեծ, Կովկասեան, կամ Ծովից ծով Հայաստանը»։
Նա յաւելել է. «Եթէ մի օր Երեւանից լսէք Ադրբեջանի առաջնորդի ելոյթը, իմացէք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս առաջինից: Դա կը լինի ամենամեծ վերադարձը»։



