Մշակութային

«Ղարաբաղցի՛ եմ, քէ՛ մատաղ, ղարաբաղցի՛…». Արցախի հարցը Գուրգէն Մահարու «Ծաղկած փշալարեր» ստեղծագործութիւնում

ԶՇՈՒՇԵՑԻ

 

Գուրգէն Մահարին հայ գրականութեան ամենաբացառիկ գրողներից է, ով գրեթէ մի ամբողջ կեանք ապրեց, գոյատեւեց ու պայքարեց խորհրդային աքսորավայրերում: Սակայն խորհրդային ծանր իրականութիւնը չկարողացաւ կոտրել գրողին: Նա միշտ պայքարի կենտրոնում էր, գրում եւ բարձրաձայնում էր ժամանակաշրջանի քաղաքական, ազգային ու հասարակական խնդիրների մասին: Գուրգէն Մահարու ամենայայտնի ստեղծագործութիւններից է «Ծաղկած փշալարեր» ինքնակենսագրական վիպակը: Մահարին 1936 թւականին մեղադրւում է շինծու գործով: Դատավարութիւնը տեւում է մի քանի րոպէ, որից յետոյ նրան դատապարտում են 11 տարւայ ազատազրկման: Մահարուն աքսորում են Սիբիր, որտեղ գրողն աշխատում է բրուտանոցում:

Մահարին ստեղծագործութիւնը սկսել է գրել 1965 թւականին, ինչի մասին իմանում ենք իր յուշերից եւ նամակներից: Ստեղծագործութիւնում Մահարին ներկայացնում է սիբիրեան աքսորավայրի տարիների, ապրումների, կեանքի, յոյզերի, դաժանութեան, իրականութեան պատմութիւնը: «Ծաղկած փշալարեր»-ը լոյս է տեսել Մահարու մահւանից յետոյ: Առաջին անգամ տպագրւել է Բէյրութի «Նայիրի» հանդէսի համարներում: Ամբողջական գրքով առաջին անգամ լոյս է տեսնում դարձեալ Բէյրութում՝ 1988 թւականին:

«Ծաղկած փշալարեր»-ը Հայաստանում առաջին անգամ լոյս է տեսնում 1988 թւականին:

Գրականագիտութեան մէջ կայ տեսակէտ, որ Հայաստանում վախենում էին տպագրել ստեղծագործութիւնը, քանի որ այն սիբիրեան աքսորի եւ խորհրդային ծանր ժամանակաշրջանի մասին էր: Մէկ այլ տեսակէտի համաձայն՝ «Ծաղկած փշալարեր»-ը չէր տպագրւում, քանի որ ստեղծագործութիւնում կայ մի երկխօսութիւն, որում խօսւում է Արցախի հայկականութեան եւ Հայաստանին միացնելու մասին: Հայաստանում հաւանաբար վախենում էին Մոսկւայից, որ տպագրութեան դէպքում դա կարող է քաղաքական սկանդալ առաջացնել: Միւս կողմից՝ կարող էր ստեղծագործութեան շուրջ քննարկումներն առաջացնել ազգամիջեան թշնամութիւն: Սրանք տեսակէտներ են, վերլուծութիւններ, որոնք հիմք են տալիս կարծելու, որ Գուրգէն Մահարու «Ծաղկած փշալարեր»-ը Հայաստանում չտպագրելու կամ ուշ տպագրելու պատճառներից մէկը նաեւ Արցախի հարցն էր: Ստորեւ կը ներկայացնենք «Ծաղկած փշալարեր» ստեղծագործութեան յայտնի երկխօսութեան հատւածն ամբողջութեամբ, որտեղ խօսւում է Արցախի՝ Հայաստանի միացման ու Արցախի հայկական լինելու մասին.

«…Եւ ճիշտ այս րոպէին ինձ մօտենում է հնամաշ շորերի մէջ կորած մի լուռ կալանաւոր։ Ես ուշադրութեամբ նայում եմ նրա նիհար, սեւ, մազակալած դէմքին եւ մեծ բանաստեղծի ասածի պէս՝ նրա աչքերում յառնում է նա, հեռու ու հարազատ երկիր Նայիրին։

– Հա՞յ ես, քէ մատաղ,- հարցնում է նա, անհուն մի ցաւով նայելով դէմքիս։

– Հայ եմ,- պատասխանում եմ ես վախենալով, որ տեսածս տեսիլք կարող է լինել։

– Հայ եմ,- հաստատում եմ նորից։ -Ո՞րտեղացի ես․․․

– Ղարաբաղցի՛ եմ, քէ՛ մատաղ, ղարաբաղցի՛․․․

– Ի՞նչ գործով ես նստած․․․

– Ի՞նչ գործով,- հեգնում է նա ցրտից սրթսրթալով,- ինչ գործո՜վ․․․ բա ղարաբաղցուն էլ կը հարցնե՞ն ինչ գործով ա նստա՜ծ․․․

– Բա ինչո՞ւ չեն հարցնի,- հարցնում եմ ես։

– Բա դու Բալունց Հեթումի անունը չես լսե՞լ․․․

– Չէ, չեմ լսել,- պատասխանում եմ ես եւ իսկապէս չեմ լսել։

– Էդ ես եմ, որ կամ․․․ Բալունց Հեթումին որ նստացրիլ են ոչ՝ աշխարհը վաղուց դարմադաղան էր եղել, քէ՛ մատաղ․․․

– Աշխարհը՝ չէ, գուցէ Ղարաբա՞ղը,- անցնում եմ ես բանակցութեան։

– Բա Ղարաբաղն աշխարհ չի, ի՞նչ ա․․․ ինձ ասել են, թէ ես ուզալ ըմ Ղարաբաղը պոկեմ Ադրբեջանից ու Հայաստանին կցեմ։ Այ քէ մատաղ, ես հի՞նչ կտրող-կցո՜ղ եմ։ Հի՞նչը կտրեմ, հինչի՞ն կցեմ։ Բա սա ասելու բա՞ն ա․․․ Բա սրա համար մարդու կը հանեն տնից, հողից, աշխատանքից ու Սիբիրնե՞ր կը քշեն․ այ քէ մատաղ․․․ էն քորփեն հինչ ա, նա էլ գիտի, որ Ղարաբաղը է՜է՜է՜, աթադան-բաբադան Հայաստան ա եղել ու Հայաստան էլ կայ․․․ Ե՞ս պիտի կտրեմ, կցեմ․․․ Բո՜ո՜,- անդրադարձաւ նա ատամները ցրտից չխկչխկացնելով,- ցուրտը ջանս մտաւ․․․ ես քինացի․․․ տաքերն ընկնեն՝ կը նստենք, կը խօսենք․․․ ասում եմ՝ տաքերն ընկնեն, միտքս լաւ հասկացի․․․ Բալունց Հեթում որ ասում են, ես եմ, իմացած կաց․․․

Ու քամու հետ գլորւելով՝ նայիրիեան ոգին տեսիլքի նման դիւթական՝ անհետացաւ մօտակայ գետնափոր բարաքներից մէկում»:

(Գուրգէն Մահարի, «Ծաղկած փշալարեր», հատւածը վերցւած է Wikipedia-ից):

168.am

Related Articles

Back to top button