Վաշինգտոնի ցաւոտ ակնարկը Երեւանին
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼԵԱՆ
քաղաքագէտ
2024 թ. յուլիսի 15-ին տեղի ունեցած ճեպազրոյցի ժամանակ ԱՄՆ պետական քարտուղարութեան մամուլի խօսնակ Մեթիւ Միլլէրը, պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման մասին հարցին, մասնաւորաբար, յայտարարել է.
«Մենք իրօք կարծում ենք, որ համաձայնութիւնը հնարաւոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրութիւններ եւ գնալ ծանր փոխզիջումների»՝ չպարզաբանելով «բարդ ընտրութիւններ» եւ «ծանր փոխզիջումներ» ձեւակերպումները:
Կարո՞ղ է ԱՄՆ-ն, կամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմամբ շահագրգիռ որեւէ երրորդ կողմ վկայակոչել գէթ մէկ զիջում, որ կատարել է Ադրբեջանը յօգուտ Հայաստանի: Աներկբայ է, որ նման զիջում գոյութիւն չունի: 2020 թ. ադրբեջանաարցախեան երրորդ պատերազմի դադարից յետոյ մինչ այս պահը Ադրբեջանին զիջել է միայն Հայաստանը, ըստ որում, բոլորն էլ եղել են ծանր զիջումներ:
Հայաստանի համար նախընթաց անյաջող փորձը հաշւի առնելով (Արցախի Հանրապետութիւնը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Տաւուշի մարզի 6.5 քառ. կմ. տարածքը Ադրբեջանի իրաւազօրութեանը յանձնելը եւ այլն) կարող ենք ենթադրել, որ «բարդ ընտրութիւններ» եւ «ծանր փոխզիջումներ» ասելով պաշտօնական Վաշինգտոնն ակնարկում է Հայաստանի կողմից Ադրբեջանի օգտին կատարւելիք նոր ծանր զիջումների մասին: Իսկ այդ ծանր զիջումները կարող են լինել Հայաստանի ներպետական օրէնսդրութեան մէջ Ադրբեջանի քիմքին հաճելի փոփոխութիւնների կատարումը, ՀՀ Սիւնիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելը, Տիգրանաշէնն Ադրբեջանի իրաւազօրութեանը յանձնելը եւ այլն:
Խուսափելու համար նշեալ սցենարի իրականացումից համազգային ուժերի գերլարմամբ իշխանութիւնից պէտք է հեռացնել Նիկոլ Փաշինեանին:
Նիկոլ Փաշինեանի հետագայ պաշտօնավարման պարագայում շարունակւելու են առաւելապէս սպասարկւել ցեղասպան Թուրքիայի եւ նրա կողմից արհեստականօրէն ստեղծւած կեղծ կազմաւորման՝ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի շահերն ի հաշիւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւնների ազգային, պետական շահերի:
Այս ամէնի հետ միաժամանակ հարկ է նշել նաեւ հետեւեալը:
Արցախի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը միմեանց կապող միջպետական մայրուղու Քաշաթաղի շրջանով անցնող հատւածի՝ Ադրբեջանի կողմից 2023 թ. ապրիլի 23-ին արգելափակման հետեւանքով Արցախի Հանրապետութիւնում ստեղծւած ճգնաժամի հարցով ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ ԱՄՆ պետական քարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնականի պաշտօնակատար Իւրի Քիմը, մասնաւորապէս, յայտարարել է. «Լաչինի միջանցքը պէտք է բացւի հիմա։… Միացեալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների կամ այլ վայրագութիւնների իրականացման որեւէ գործողութիւն՝ լինի դա կարճաժամկէտ կամ երկարաժամկէտ»:
Նշւած յայտարարութիւնից 5 օր անց՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը, կոպտօրէն խախտելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրւած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների աւարտի մասին յայտարարութիւնը, չորրորդ անգամ դիմելով ագրեսիայի, երկօրեայ պատերազմի ընթացքում օկուպացրել է Արցախի Հանրապետութեան սահմանադրօրէն ամրագրւած տարածքի մնացած մասը՝ ցեղասպանութեան ենթարկելով Արցախի հայութեան մի մասին, իսկ մեծ մասը՝ աւելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկւել է ցեղասպանութիւնից՝ վտարւելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մօտաւորապէս երեք հազարամեակ անընդմէջ:
ԱՄՆ ոչինչ չձեռնարկեց դադարեցնելու այդ յարձակումը եւ ադրբեջանական զինւած կազմաւորման ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու համար:
Այսպիսով, ԱՄՆ պետական քարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնականի պաշտօնակատար Իւրի Քիմի յայտարարութիւնն առ այն, թէ «Միացեալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների կամ այլ վայրագութիւնների իրականացման որեւէ գործողութիւն՝ լինի դա կարճաժամկէտ կամ երկարաժամկէտ», եղել է կեղծ կամ սուտ:
Հետեւաբար, Երեւանին «բարդ ընտրութիւնների» եւ «ծանր փոխզիջումների» մասին ակնարկներ անելու փոխարէն Վաշինգտոնը պէտք է հետեւողական լինի իր յայտարարութիւնների եւ յանձնառութիւնների կատարմանը: