Սեբաստացի Մուրադ. «Ժողովուրդ, զէնք վերցուր, որ փրկւես, ուրիշ փրկութիւն չկայ»
ԳՈՀԱՐ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ
Տարիներ առաջ, երբ «Երիտասարդական» մետրոյի մօտ գտնւող գրքերի տաղաւար էի այցելել, նկատեցի Զապէլ Եսայեանի «Մուրատի ճամբորդութիւնը»: Գնեցի ու հէնց նոյն օրն էլ կարդացի: Զարմանում եմ, որ 1990 թւականին, երբ Հայաստանը դեռ անկախ չէր, այն տպագրւել էր 50 հազար օրինակով, իսկ դրանից յետոյ, ցաւօք, ոչ ոք երբեւէ չի նախաձեռնել հետաքրքիր, կենսագրական ու նաեւ պատմական արժէք ներկայացնող գրքի վերատպութիւնը:
Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում վերջերս պատահաբար իմացայ, որ «Մուրատի ճամբորդութիւնը» թարգմանւել է անգլերէն ու արդէն լոյս է ընծայւել:
Ինչպէս Զապէլ Եսայեանը գրեց գիրքը
Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմեան) ազգային ազատագրական պայքարի գլխաւոր դէմքերից է: 1915-ին, երբ Սեբաստիայում եւս սկսւում են բռնի տեղահանութիւններն ու կոտորածը, Մուրադն իր խմբով բարձրանում է լեռները, անցնում բազում փորձութիւնների միջով, գրաւում թուրքական ձկնորսական նաւ ու մի կերպ հասնում Բաթում: Այս ողջ ճանապարհի մասին նա օրագիր է գրում, իսկ դրա հիման վրայ «Հորիզոն» թերթը տպագրում է «Մուրատի ոդիսականը» խորագրով յօդւածներ:
Մուրադի քրոջ՝ Սրբուհու, զինակից ընկեր Վարդան Շահբազի եւ ուրիշների պատմածների, Մուրադի օրագրի հիման վրայ Զապէլ Եսայեանը գրում է «Մուրատի ճամբորդութիւնը» եւ 1918-ին հրապարակում Բաքւի «Գործ» հանդէսի 4-8-րդ համարներում:
1921-ին առանձին գրքոյկով լոյս է տեսնում Բոստոնում, Հայաստանում տպագրւում է միայն 1990 թւականին:
«Մուրատի ճամբորդութիւնը» անգլերէն տպագրելու պատմութիւնը
Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրէն Էդիտա Գզոյեանը պատմում է, որ «Մուրատի ճամբորդութիւնը» անգլերէ տպագրելու գաղափարը Մեծ Բրիտանիայում բնակւող Արա Ստեփան Մելքոնեանինն է, որը երկար ժամանակ է համագործակցում է իրենց հետ:
«Արայի թարգմանութիւնը համեմատեցինք գրքի առաջին տպագրութեան հետ, աւելացրինք բացատրութիւններ եւ ծանօթագրութիւններ: Գէորգ Խուդինեանին խնդրեցինք նախաբան գրել, որպէսզի օտար ընթերցողին հասկանալի լինի, թէ իրադարձութիւններն ինչ համատեքստում են տեղի ունեցել»,-նշում է նա:
Արա Ստեփան Մելքոնեանը երիտասարդ տարիներին Բէյրութի Նշան Փալանջեան ճեմարանում է ծանօթացել Զապէլ Եսայեանի ստեղծագործութիւններին:
«Մօտ 8 տարի առաջ Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի տնօրէն Արա Սարաֆեանն առաջարկեց թարգմանել «Մուրատի ճամբորդութիւնը»: Աշխատում էի 1990-ին լոյս տեսած գրքով, բայց թերահաւատ էի, որովհետեւ այդ ժամանակ Հայաստանում գրաքննութիւն կար ու կարծում էի, որ հնարաւոր է բնօրինակից տարբերւի»,-պատմում է Մելքոնեանը:
Տարբեր պատճառներով նրա աշխատանքը չի տպագրւում: Մելքոնեանը տարիներ անց գալիս է Հայաստան հետազօտութիւններ անելու, կարդում նաեւ «Գործ» ամսագրում տպագրւած Եսայեանի ստեղծագործութիւնն ու տեսնում, որ երեւանեան տպագրութիւնը ոչնչով չի տարբերւում բնօրինակից:
«Մուրադը մեծ դեր է կատարել ֆիդայական շարժման մէջ ու յոյս է ներշնչել ժողովրդին: Որպէսզի այսօր եւս նման տղաներ ունենանք, մարդիկ պէտք է ճանաչեն նրան»,-աւելացնում է նա:
Էդիտա Գզոյեանը գտնում է, որ «Մուրատի ճամբորդութիւնը» անգլերէնով լոյս ընծայելը եւս մի գործիք է մեր խօսքը դրսում լսելի դարձնելու համար:
Գրքի անգլերէն թարգմանութիւնը, ըստ Արա Մելքոնեանի, հերթական անգամ ցոյց կը տայ օտարներին մեզ հետ տեղի ունեցածը, մանաւանդ, որ այն ականատեսի պատմութիւն է:
«Ցաւօք, բայց Հայաստանին աշխարհում շատերն են անծանօթ: Ես փորձում եմ իմ թարգմանութիւններով օտար ընթերցողին ներկայացնել մեր ժողովրդի պատմութիւնն ու ունեցած հսկայական ժառանգութիւնը: Ինձ համար «Մուրատի ճամբորդութիւնը» թարգմանելը հեշտ էր՝ ճեմարանական տարիներին ծանօթացայ, սիրեցի, ապա թարգմանեցի ու ի վերջոյ երկար տարիներ անց այն տպագրւեց»,-նշում է նա:
20-րդ դարի լաւագոյն հայդուկներից մէկը
«Վէմ» հանդէսի գլխաւոր խմբագիր, պատմական գիտութիւնների դոկտոր Գէորգ Խուդինեանը «Մուրատի ճամբորդութիւնը» գրքի անգլերէն թարգմանութեան նախաբանի հեղինակն է: Ըստ նրա՝ Սեբաստացի Մուրադը համեստ, կարգապահ, գործին նւիրւած մարդ է եղել:
«Նա Դաշնակցութեան մարտական կազմակերպութեան սիւներից մէկն էր: Մասնակցել է հայդուկային բազմաթիւ կռիւների, այդ թւում՝ Սասունի 1904 թւականի ապստամբութեանը: Եղել է Կովկասում, ակտիւ գործունէութիւն ծաւալել Սիւնիքում: Զանգեզուրի աղջիկները նոյնիսկ բանաստեղծութիւններ են նւիրել նրան»,-նշում է Խուդինեանը:
Սեբաստացի Մուրադը «Մէկ հայը՝ մէկ ոսկի» շարժման մասնակիցներից էր ու բազմաթիւ երեխաների է փրկել:
«Երկար ժամանակ փնտրել է իր ընտանիքին, նոյնիսկ Սեպուհի հետ գնացել է Ռուսաստան, սակայն յաջողութեան չի հասել: 1918 թւականի յուլիսի 31-ից օգոստոսի 5-ը հայերը Բաքւում հզօր մարտեր են մղել, որոնց մասնակցել է նաեւ Մուրադը: Օգոստոսի 4-ին դրանցից մէկի ժամանակ էլ զոհւել է»:
Կռւելով միայն կրնաք փրկւել…
«Ընկերներս ազատութիւն կամ մահ կը խնդրեն։ Ես մահ չեմ ուզէր։ Ազատութիւնը կուզեմ տեսնել…»:
1915-ի մարտի 15-ի երեկոյեան Մուրադի տուն են գալիս երեք ոստիկան, յանձնում Ալի բէյի գրութիւնը՝ շտապ գործով ներկայանալու հրահանգով: Եղբօր, եղբօր որդու եւ մի շարք ընկերների հետ նա փախչում է լեռները:
Սկսւում է նրա ոդիսականը՝ ինքնապաշտպանական մարտեր, հիւանդութիւն, սով, դաւաճաններով լի անտառներ, ընկերների կորուստ ու հարազատ ժողովրդի կոտորւող քարաւաններ:
«Երէկոյ եղաւ, ամէն ոք գնաց իր տունը, տեսայ, որ անտէր մենակ մենք էինք… կը նայէի մեր աւերակ գիւղերուն եւ կարտասւէի»:
Գիւղացիներից շատերը համոզւած էին, որ բռնի տեղահանութիւնն ու կոտորածները Մուրադի պատճառով են լինում, քանի որ վերջինս չի ենթարկւում թուրք կառավարութեանը:
Մեր գիւղը կը տարածւէր մեր աչքին առաջ: Օդը սաստիկ ցուրտ էր եւ հաց չունէինք այդ օրը: Մենք դուրսը, մեր թշնամին մեր տուներուն մէջ, մենք հաց չունինք, թշնամին մեր հացը կուտէ»:
Մի օր էլ տեսնում է իրենց գիւղացիների քարաւանը, սակայն չի կարողանում ոչնչով օգնել նոյնիսկ իր ընտանիքի անդամներին:
«Իմացայ, որ մայրս այդ կարաւանին հետ էր…ժողովուրդը զինքը կանիծէ. «Քու տղուդ պատճառով եղաւ այս բոլորը, քար ծնէիր, այդ չար զաւակը չի ծնէիր»:
Նրա խմբից Սարգիսը մտնում է քարաւաններից մէկի մէջ ու իմանում, որ Մուրադի կինը՝ Ագապին, մէկ օր առաջ է անցել: Մուրադը նրա ու երեխայի մասին այլեւս ոչինչ չի իմանում:
«Խեղճ ազգս, ինծի կը հայհոյես ու կը նախատես, որ իմ պատճառով ամբարտաւան թուրքը քեզ կը սպանէ: Ժողովուրդ, եկո՛ւր հետեւես, զէ՛նք վերցուր, զէնք, որ փրկւես, ուրիշ փրկութիւն չի կայ, զէնքը կարիք մըն է, անհետաձգելի կարիք մըն է: Անէ՜ծք, բի՜ւր անէծք անոր, որ թուրքի վրէժ չի լուծէր 7 պորտին անդին»:
Գրքից իմանում ենք նաեւ հայերի եւ յոյների բարեկամական կապի մասին, դէպի Սամսուն ճանապարհին հայդուկների խմբին մեծ ոգեւորութեամբ ու հոգատարութեամբ են ընդունում յոյն գիւղացիները, նրանցից մի քանիսը նոյնիսկ մտնում են նրանց շարքերը, պատմում հայերի կոտորածների մասին:
«Եթէ Աստւած չի պատժէ թուքերուն գործած ոճիրները, պիտի ըսենք, թէ Աստւած չի կայ»,-ասում է կանանցից մէկը:
Մուրադն իր տղաների հետ գրաւում է թուրքական ձկնորսական նաւ ու ճանապարհ վերցնում դէպի Բաթում: Այնտեղ յանձնում են զէնքերը, մի քանի օր անց Թիֆլիսի քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսեանի երաշխաւորութեամբ Մուրադն ազատ է արձակւում:
«Ժողովուրդ մը, որ ինքզինքը պաշտպանելու միջոցներ չունի եւ ոչ ալ քաջութիւն դիմադրելու, միշտ ենթակայ է ջարդւելու: Կռւելով միայն կրնաք փրկւել, այս է վերջին խօսքս եւ կտակս ձեզ»:
Յօդւածը պատրաստելիս օգտւել ենք Զապէլ Եսայեանի «Մուրատի ճամբորդութիւնը» 1990-ին Երեւանում լոյս տեսած գրքից եւ դրա նախաբանից՝ գրւած բանասիրական գիտութիւնների թեկնածու Սուրէն Սահակեանի կողմից:
Mediamax.am