Էդւարդ Շարմազանով. «Ռուսաստանին դէմ գնալը կը դառնայ հայկական պետականութեան անկման սկիզբը»
ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովը Հայաստանում ռուսական ազդեցութիւնից դժգոհողներին հարց ունի՝ իսկ ռուսական ազդեցութեան մասին ինչո՞ւ չէք յիշում էժան գազ սպառելիս, կամ ատոմակայանի վառելիք ստանալիս, կամ ինչո՞ւ չէք յիշում, որ Հայաստանի ներկայիս ծանր անվտանգային վիճակը հետեւանք է ոչ թէ ռուսական ազդցութեան, այլ այն բանի, որ Փաշինեանը հրաժարւեց նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից հէնց Արեւմուտքի յորդորով։
«Մենք այս իրավիճակում ենք, որովհետեւ Նիկոլ Փաշինեանը թռել է նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից, եթէ դա արած չլինէր, Լաչինն էլ, Արցախն էլ մերը կը լինէին, Հայաստանից 300 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացւած չէր լինի, Սեւ լիճն էլ մերը կը լինէր»,- 168 TV «Ռեւիւ» հաղորդաշար եթերում ասել է Շարմազանովը՝ շեշտելով՝ ստեղծւած վիճակը Փաշինեանի քայլերի հետեւանք է։
Ինչ վերաբերում է ռուսական ազդեցութիւնն ու Հայաստանի ինքնիշխանութիւնն իրար հետ հակադրելու իշխանութեան սատելիտների յայտարարութիւններին, ապա Շարմազանովը, փաստերին հղում անելով, հակառակը պնդեց՝ Հայաստանի «ինքնշխանութեան հերն անիծում է» հէնց Փաշինեանը։
«1995 թւականից Հայաստանում ռուսական ռազմաբազա կայ, դրանից մի՞թէ Հայաստանի սուվերենութիւնն անկում է ապրել, կամ, երբ Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազա է տեղակայւած, Թուրքիան սուվերեն չէ՞։ Էդ որ ռուսական գազ էք ստանում 165 դոլարով, ԵԱՏՄ-ից 7.6 միլիարդ դոլար է մտնում Հայաստան, դա Հայաստանի սուվերենութիւնը վտանգո՞ւմ է»,- ասաց Էդւարդ Շարազամովը՝ ընդգծելով՝ Փաշինեանը ոչ թէ Հայաստանի ինքնիշխանութիւնն է պահպանում, այլ Հայաստանը դարձրել է պալիգոն՝ մեծ տէրութիւնների բախման կէտ։
«Կրկնում եմ՝ ռուսական ռազմական ներկայութիւնը մեր պետականութեան ամրապնդման գլխաւոր երաշխիքներից մէկն է եղել 30 տարի շարունակ։ Ռուսաստանին դէմ գնալը յիմարութիւն է՝ ընդդէմ հայկական շահի արւած քայլ, որը կը դառնայ հայկական պետականութեան անկման սկիզբը։
Ինձ համար Հայաստանի անկախութիւնը բացարձակ արժէք է, բայց իմ պետութեան շահերից ելելով՝ պնդում եմ՝ Ռուսաստանը մեր բնական դաշնակիցն է։ Կրկնում եմ՝ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսեանի ասածը՝ Հայաստանը Ռուսաստանից աւելի արդիւնաւէտ դաշնակից չի՛ ունեցել եւ չի՛ կարող ունենալ»,- խօսքը եզրափակել է ՀՀԿ ԳՄ անդամը։