ԱՄՆ-Իրան հակասութիւններ՝ հայկական հարցերի շուրջ․ ի՞նչ զարգացումներ սպասել
Հայ-ադրբեջանաան բանակցային գործընթացն ու յատկապէս՝ դրանում հայկական դիւանագիտութիւնը բաւականին ծանր խնդիրների առջեւ է կանգնել։
Բանակցութիւնների ներկայիս փուլում, երբ իբրեւ թէ կողմերը գրեթէ պատրաստ են ստորագրել, այսպէս կոչւած, Խաղաղութեան համաձայնագիր, ՀՀ իշխանութիւններից սահմանադրական փոփոխութիւններ է ակնկալում Ադրբեջանը, իսկ Արեւմուտքը համաձայնագրի ստորագրում, Հայաստանով, Ադրբեջանով եւ Թուրքիայով ճանապարհ, որը կը նւազեցնի Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցութիւնը։ ԱՄՆ-ը չի յստակեցնում՝ խօսքը, մասնաւորապէս, ինչ ճանապարհի եւ ճանապարհի ինչպիսի կարգավիճակի մասին է, սակայն ԱՄՆ փոխպետքարտուղար Ջէյմս Օ՛Բրայէնը դրա մասին խօսում է Միջին միջանցք մեծ պրոյեկտի շրջանակում։
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւն առաջիններից է եղել, որը կիրառել է Միջին միջանցք տերմինաբանութիւնը եւ «Զանգեզուրի միջանցք»-ը՝ որպէս Միջին միջանցքի բաղադրիչ։
Ըստ Ադրբեջանի պաշտօնական դիրքորոշման, Հայաստանը կարող է միանալ Միջին միջանցք պրոյեկտին, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ին համաձայնութիւն տալով։
Այսպէս կոչւած՝ «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտը, նոյն այդ կոնցեպտի համաձայն, ներառում է ոչ միայն երկաթուղային կապ, այլեւ աւտոմոբիլային ճանապարհ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ՝ առանց մաքսային հսկողութեան ու մաքսատուրքերի։ Սա պէտք է դառնայ Միջին միջանցքի մաս, որը մուլտիմոդալ տրանսպորտային երթուղի է, որը կապում է Եւրոպան Չինաստանին Կասպից ծովով եւ Կենտրոնական Ասիայի եւ Հարաւային Կովկասի երկրների հետ։
ՀՀ իշխանութիւններն Ադրբեջանի կողմից այս թեմայի շրջանառութեան առաջին իսկ օրից ընդգծել են, որ ՀՀ-ն միջանցք չի տրամադրելու Ադրբեջանին։
Տեւական ժամանակ Նիկոլ Փաշինեանը յայտարարում էր, որ Հայաստանը պարտաւորւել է Ադրբեջանի արեւմտեան շրջանի եւ Նախիջեւանի կապն ապահովել, Հայաստանն ամէն օր էլ պատրաստ է այդ կապն ապահովել, ուստի ՀՀ օրէնսդրութեամբ սահմանւած կարգով Ադրբեջանը կարող է հատել ՀՀ սահմանը եւ գնալ Նախիջեւան։
Եթէ ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումն այս հարցի շուրջ վերջին շրջանում չի փոխւել, ապա ՀՀ-ն դէմ է այն մոդելին, որն առաջարկում է Ադրբեջանը։ Սակայն ուշագրաւն այն է, որ ԱՄՆ դիւանագէտներն օր-օրի աւելի ու աւելի շատ են խօսում ճանապարհների բացման կարեւորութիւնից։
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնական Ջէյմս Օ’Բրայէնն օրերս Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Եւրոպայի ապագայի վերաբերեալ լսումների ժամանակ անդրադարձել էր Հայաստան-Ադրբեջան գործընթացներին եւ ասել, որ վճռականօրէն աջակցում են խաղաղութեան հասնելու Փաշինեանի եւ Ալիեւի ջանքերին։
«Մենք ջանքեր ենք գործադրում, որ հնարաւոր համաձայնագիրն արտացոլի երկու երկրների խաղաղութեան ձգտումները։ Նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներն աներեւակայելի հարուստ են, եւ գլոբալ շուկաներ ելքի նրանց միակ ուղին ներկայումս Ռուսաստանը կամ Չինաստանն են: Եթէ կարողանանք Հայաստանով կամ Ադրբեջանով անցնող ճանապարհ բացել, նրանք հասանելիութիւն կը ստանան համաշխարհային շուկաներ եւ շատ աւելի քիչ կախւած կը լինեն Ռուսաստանից եւ Չինաստանից»,- կրկնել է ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում Օ՛Բրայէնը։ Հաղորդակցութիւնների վերականգնումն իր X-ի էջում արւած գրառմամբ կարեւորել էր նաեւ Հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարն, անդրադառնալով օրերս հայ-թուրքական սահմանին Ռուբէն Ռուբինեանի եւ Սերդար Քըլըչի հանդիպմանը։
«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը եւ հաղորդակցութիւնների վերականգնումն ամենակարեւոր տարրերն են առաւել կայուն եւ բարգաւաճ Հարաւային Կովկասի համար»,- գրել էր Կլաարը:
Այս ճանապարհի մասով արեւմտեան դիւանագէտների դիտարկումներն աւելի ու աւելի պարզ են դառնում։ Արեւմուտքից յետ չի մնում նաեւ Իրանը։ Նիկոլ Փաշինեանը յուլիսի 30-ին մասնակցեց Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալութեան արարողութեանը։
Այցի շրջանակներում Փաշինեանը հանդիպում է ունեցել նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի հետ։ Իրանական կողմի պաշտօնական յայտարարութեան մէջ նաեւ նշւում էր, որ Խամենէին վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականութեան պահպանման անհրաժեշտութիւնը եւ յայտարարել. «ԻԻՀ-ն Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի է համարում եւ հաստատակամ է իր այս դիրքորոշման մէջ»: Իրանի հոգեւոր առաջնորդը նաեւ շեշտել էր, որ երկրների անվտանգութիւնն ու խաղաղութիւնն ապահովւում է սեփական ուժերին եւ մերձաւորներին ապաւինելով, եւ, որ «երկու երկրների միջեւ համագործակցութիւնը հաստատակամօրէն կը շարունակւի՝ հիմնւած սահմանւած շահերի վրայ եւ այլոց քաղաքականութիւնից անկախ»։
168․am-ի հետ զրոյցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշւիլին ասել է, որ Հայաստանի Հանրապետութեան համար երկու կարեւոր գործընկերներ լիովին հակադիր կարծիքներ ունեն հայ-ադրբեջանական ներկայիս բանակցութիւնների մաս կազմող ամենակարեւոր՝ հաղորդուղիների բացման թեմայի շուրջ։
Ըստ նրա՝ իրանական կողմի թափանցիկ արձագանգը թեմային յուշում է, որ թեման մտել է բանակցութիւնների առարկայական փուլ, ուստի Իրանը սա անհրաժեշտ է համարել շեշտել։
«Միւս կողմից՝ տեսնում ենք, որ ԱՄՆ-ը նախագահական ընտրութիւններին ընդառաջ՝ ահռելի ջանքեր է ներդնում գործընթացը վերջնական հանգրւան հասցնելու նպատակով։ Այստեղ աշխատանքը կրում է ամենօրեայ բնոյթ թէ Հայաստանի, թէ Ադրբեջանի հետ։
Չենք կարող լիովին հասկանալ, թէ կոնկրետ ինչ հարցեր են բանակցւում հէնց այս փուլում։ Թէեւ Վաշինգտոնում նախարարների վերջին հանդիպումից յետոյ մեծ չէր կողմերի ոգեւորութիւնը, այնուամենայնիւ, տեսնում ենք, որ Վաշինգտոնը չի թուլացնում ջանքերի ինտենսիւութիւնը եւ փորձում է հասնել ինչ-որ բանի։ Կը հասնի՞, թէ՞ ոչ՝ շատ բարդ է ասել։ Սակայն սա շատ ուշագրաւ փուլ է։
Օգոստոսի 1-ին տեղի ունեցաւ Թուրքիայի միջնորդութեամբ Ռուսաստան-Արեւմուտք բանտարկեալների պատմական փոխանակում, ակնյայտ է, որ այս գործընթացի յետեւում կայ ահռելի դիւանագիտական աշխատանք, բանակցութիւն։
Մերձաւոր Արեւելքում եւս զարգացումներն անընդհատ ալիքաձեւ սրւում ու թուլանում են, ներկայումս մենք ապրում ենք սրացման հերթական փուլը՝ պայմանաւորւած մի շարք սպանութիւններով։ Այս ամէնը, իհարկէ, վերաբերում է նաեւ Հարաւային Կովկասին՝ թէ բոլոր երկրներին առանձին, թէ նաեւ ՀՀ-Ադրբեջան բանակցութիւններին»,- ասել է վերլուծաբանը։
Ըստ նրա՝ սա այնպիսի անկանխատեսելի փուլ է, որ իսկապէս բարդ է ասել, թէ փակ դռների յետեւում ինչ միջնորդութեամբ ինչ պայմանաւորւածութիւններ ձեռք կը բերւեն։
«Իսկ այն, որ ՀՀ-Ադրբեջան օրակարգն այսօր աւելի լայն գլոբալ օրակարգի կարեւոր հարց է՝ փաստ է, այս հակամարտութիւնն ապրում է իր ամենամիջազգայնացւած փուլը։ Բնականաբար, ԱՄՆ-ը շտապում է, սակայն իշխող կուսակցութիւնը փորձում է ամրապնդել իր դիրքերն ընտրապայքարում վերջին անյաջողութիւններից յետոյ, ուստի, իշխող ուժի չփոխւելու դէպքում, ԱՄՆ քաղաքականութիւնն ու ներգրաււածութիւնը Հարաւային Կովկասում կը պահպանւի, ինչն էլ, իհարկէ, յանգեցնում է Իրանի, Ռուսաստանի եւ այլ դերակատարների դիմադրութեանը։ Սակայն տպաւորութիւն է, որ ՀՀ-ն այս հարցերում աւելի շատ աշխատում է ԱՄՆ-ի հետ, եւ բեկման համար ԱՄՆ-ն է, որ պէտք է գտնի փոխընդունելի լուծումներ։ Իսկ Իրանը յայտնում է իր դիրքորոշումները, սակայն, կարծում եմ՝ այստեղ այլ զարգացումներ չեն սպասւում»,- եզրափակել է նա։
ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ