Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ ազգային առաջնորդարանի Հանրային կապի, կիրակի՝ յուլիսի 28-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքում տեղի ունեցաւ Սպահանի պետական համալսարանի Հայագիտական ամբիոնի շրջանաւարտ հայ ուսանողների գնահատանքի երեկոյ։
Միջոցառմանը ներկայ էին՝ թեմակալ առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանը, Թեմական խորհրդի եւ Համալսարանական կրթաթոշակների հոգաբարձութեան անդամները, Հայագիտական ամբիոնի հայ դասախօսներն ու վերջին տարիների շրջանաւարտները, ինչպէս նաեւ սոյն ամբիոնի հետ Թեմական խորհրդի կապ՝ Նորայր Թումանեանը։
Ծրագրի մեկնարկը տրւեց Սրբազան Հօր բացման խօսքով, ով ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերից յետոյ, այսպէս արտայայտւեց. «Թեմական խորհուրդը նախատեսել էր իւրաքանչիւր ուսումնական տարւայ շրջանաւարտների համար կազմակերպել նման գնահատանքի երեկոներ, որը բոլորիս ծանօթ պատճառներով չիրականացաւ, սակայն այսօր ուրախութեամբ պէտք է արձանագրել, որ փառք Աստծոյ յաղթական դուրս եկանք այդ դժւարութիւններից եւ այսօր հնարաւորութիւն ունենք ունենալ նման հաւաքոյթ»։
«Հայագիտական ամբիոնի շրջանաւարտները մեզ համար կարեւոր նշանակութիւն ունեն, քանի որ նրանք այս ճիւղն ընտրել են ոչ միայն շահեկան դիտանկիւնից ելնելով, այլ նաեւ որպէս նախասիրութիւն եւ նիւթի կարեւորութիւնը նկատի առնելով», յաւելեց նա։
Թեմակալ Առաջնորդը շնորհաւորելով շրջանաւարտներին եւ յաջողութիւն մաղթելով նրանց, իր երախտագիտութիւնը յայտնեց սոյն ամբիոնի դասախօսներին, ովքեր ամենայն պատասխանատւութեամբ, այս երկար ու դժւարին ճանապարհին, մնացին ուսանողների կողքին։
Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը նշելով, որ ժամանակի Թեմական խորհուրդը Հայագիտական ամբիոն մուտք գործելու ցանկութիւն ունեցող համայնքիս անդամների համար դիւրութիւններ է ստեղծել եւ նրանց նիւթապէս օժանդակել է, տեղեկացրեց, որ խորհուրդը նոր ծրագրեր է մշակել Հայագիտական ամբիոնը աւելիով աշխուժացնելու եւ մեծ թւով հայ ուսանողներ ընդունելու համար։
Ապա հերթաբար արտայայտւեցին շրջանաւարտները, ովքեր իրենց երախտագիտութիւնը յայտնեցին Թեմական խորհրդին՝ Հայագիտական ամբիոնում ուսումը շարունակելու ուղղութեամբ իրենց քաջալերելու համար, ինչը կարեւոր նշանակութիւն է ունեցել թէ անձնապէս եւ թէ իրենց զաւակների հայեցի դաստիարակութեան գործում։ Հնչած առաջարկների շարքում, շրջանաւարտները խնդրեցին ըստ կարելոյն հնարաւորութիւն ստեղծել ամբիոնում մագիստրատուրայի մակարդակում ուսումը շարունակելու համար։
Վերջում շրջանաւարտներին յանձնւեցին գնահատագրեր ու նւէրներ, իսկ հանդիպումն աւարտւեց խմբական լուսանկարով։
Հանրային Կապ
Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի