ՀամայնքՆոր Ջուղա

Հայկական աւանդական խոհանոցի անդիմադրելի համն ու հոտը հիացրեց պարսիկ հայրենակիցներին

Հայկական մշակոյթը բնութագրող ամենագունեղ տարրը՝ ազգային խոհանոցը, պարսիկ հայրենակիցներին ծանօթացնելու նպատակով, Սպահանի հայոց թեմի Զբօսաշրջային գրասենեակի նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ նոյեմբերի 21-ին, Ս. Ամենափրկիչ Վանքի ցուցահանդէսների տարածքում անցկացւեց հայկական խոհանոցի փառատօն, որտեղ զբօսաշրջիկներին ներկայացւեց 10-ից աւելի հայկական աւանդական կերակրատեսակներ եւ թխւածքներ։

Ուտեստները պատրաստել էին Նոր Ջուղայում գործող հինգ միութիւնները՝ Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութիւնը, Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութիւնը, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնը եւ Հայ ուսում. «Չհարմահալ» ու Փերիոյ կրթասիրաց միութիւնները, իսկ եօխան՝ համայնքիս անդամ Քարլէթ եւ Նարէ Մարկոսեանները։

Փառատօնի ընթացքում, վերոնշեալ միութիւնների ներկայացուցիչները ներկայացրին ուտելիքների պատրաստման եղանակն ու բաղադրատոմսը, որով հնարաւորութիւն տրւեց ներկաներին ծանօթանալ մեր ազգային խոհանոցին։

Սոյն փառատօնի նախօրեակին, հանրային սննդի ծառայութիւն իրականացնող համայնքիս անդամ Վեդի Յարութիւնեանի համագործակցութեամբ, նոյն վայրում տեղի ունեցաւ «Ղափամա»-ի պատրաստման գործընթացը, որը մեծ ոգեւորութիւն եւ հետաքրքրութիւն առաջացրեց ներկաների մօտ եւ վերջիններս առիթ ունեցան համ­տե­սե­լու այս հա­մեղ ճաշատեսակը։

Միջոցառումն ուղեկցւեց հաճելի մթնոլորտում իրականացւած հայկական համեղ ու անուշաբոյր թխւածքի եւ սուրճի հիւրասիրութեամբ, իսկ ընթցաքում ականջ շոյող հայերէն երկու երգերի կատարմամբ հանդէս եկաւ Վեդի Յարութիւնեանը։  

Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային առաջնորդարանի

Related Articles

Back to top button