ՌԴ նախագահի վեցերորդ մեղադրանքը Հայաստանի բոլոր ժամանակների վարչակազմերին
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
Ղազախստան կատարած պետական այցի եւ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան գագաթնաժողովի արդիւնքներով 2024 թ. նոյեմբերի 28-ին Աստանայում հրաւիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնութեան նախագահը, մասնաւորապէս, յայտարարել է. «Ղարաբաղի հետ կապւած իրադարձութիւններն ունեն իրենց առանձնայատկութիւնները: Չէ որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպէս անկախ պետութիւն եւ, իհարկէ, Ղարաբաղը չի ներառել իր պետական պարագծի մէջ»:
Սա ՌԴ նախագահի երրորդ ուղղակի մեղադրանքն է՝ ուղղւած Հայաստանի նախորդ եւ ներկայ բոլոր վարչակազմերին Արցախի Հանրապետութեան անկախութիւնը չճանաչելու համար:
Մինչ այս ՌԴ նախագահը Արցախի Հանրապետութեան անկախութիւնը չճանաչելու համար Հայաստանի նախկին եւ ներկայ բոլոր վարչակազմերին քննադատել է երկու անգամ ուղղակի, երեք անգամ անուղղակի կերպով:
Այսպէս, առաջին անգամ Վլադիմիր Պուտինը ուղղակի կերպով այս մասին խօսել է Ադրբեջան-Արցախ երրորդ պատերազմի աւարտից ութ օր անց՝ Ադրբեջան-Արցախ հակամարտութեան թեմայով տւած հարցազրոյցի ժամանակ՝ 2020 թ. նոյեմբերի 17-ին, որտեղ, մասնաւորապէս, ասել է. «Ինչ վերաբերում է Ղարաբաղի որպէս անկախ, ինքնուրոյն պետութեան ճանաչմանը կամ չճանաչմանը, ապա դա կարելի է տարբեր կերպ գնահատել, դա, անկասկած, էական գործօն կը լինէր, այդ թւում՝ վերջերս աւարտւած արիւնալի պատերազմի ընթացքում։ Որովհետեւ Ղարաբաղի, այդ թւում՝ Հայաստանի կողմից չճանաչման բուն փաստն էապէս իր հետքն է թողել իրադարձութիւնների ընթացքի եւ ընկալման վրայ։
Այստեղ պէտք է ուղիղ խօսել. ժամանակին Վրաստանի նախկին ղեկավարութեան յանցաւոր, անկասկած, գործողութիւններից յետոյ նկատի ունեմ Հարաւային Օսեթիայում մեր խաղաղապահների դէմ հարւածները, Ռուսաստանը ճանաչեց Հարաւային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախութիւնը։ Մենք արդարացի ենք ճանաչել Ղրիմում ապրող ժողովրդի կամարտայայտութիւնը եւ այնտեղ ապրող մարդկանց՝ Ռուսաստանի հետ վերամիաւորւելու ձգտումը, մենք ընդառաջ գնացինք մարդկանց, դա արեցինք բացայայտ։ Ոմանց դա կարող է դուր գալ, ոմանց՝ ոչ, բայց մենք դա արել ենք՝ ելնելով այնտեղ ապրող մարդկանց շահերից եւ ելնելով ողջ Ռուսաստանի շահերից, եւ մենք չենք ամաչում դրա մասին ուղիղ խօսելուց։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, դա չարւեց, եւ դա, իհարկէ, էական ազդեցութիւն ունեցաւ այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձութիւնների վրայ»: Արցախի Հանրապետութիւնը չճանաչելու համար Ռուսաստանի նախագահը Հայաստանի Հանրապետութեան նախորդ եւ ներկայ վարչակազմերին երկրորդ անգամ քննադատել է անուղղակի կերպով 2022 թ. ապրիլի 26-ին Մոսկւայում ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշի հետ հանդիպման ժամանակ, որտեղ ՌԴ նախագահը խօսել է Կոզովոյի անկախութեան ճանաչման վերաբերեալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատւական եզրակացութեան մասին՝ պաշտպանելով Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետութիւնների անկախութեան հռչակումն ու Ռուսաստանի կողմից նրանց անկախութեան ճանաչումը:
Երրորդ անգամ Ռուսաստանի նախագահը կրկին անուղղակի քննադատել է Հայաստանի Հանրապետութեան ներկայ եւ նախորդ բոլոր վարչակազմերին Արցախի Հանրապետութեան անկախութիւնը չճանաչելու համար 2022 թ. սեպտեմբերի 7-ին Վլադիւոստոկում տեղի ունեցած Արեւելեան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանում, որտեղ միջազգային իրաւական ակտերի, մասնաւորապէս՝ ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ Կոզովոյի անկախութեան վերաբերեալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատւական եզրակացութեան յղմամբ Ռուսաստանի նախագահը իրաւացիօրէն պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրաւունքը:
Չորրորդ անգամ եւս Ռուսաստանի նախագահը անուղղակիօրէն քննադատական խօսք է հնչեցրել Հայաստանի նախորդ եւ ներկայ վարչակազմերի հասցէին Արցախի Հանրապետութեան անկախութիւնը չճանաչելու համար 2022 թ. յունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում աֆրիկեան 7 պետութիւնների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելոյթում:
Խօսելով ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին՝ Ռուսաստանի նախագահը ՄԱԿ-ի կանոնադրութեան յղմամբ հիմնաւորել է Ռուսաստանի իրաւացիութիւնը Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետութիւնների անկախութեան ճանաչման եւ նրանց հետ բարեկամութեան ու համագործակցութեան մասին պայմանագրերի ստորագրման հարցում:
Արցախի Հանրապետութեան անկախութիւնը չճանաչելու համար Վ. Պուտինը հինգերորդ անգամ ուղղակիօրէն է քննադատել Հայաստանի նախորդ եւ ներկայ վարչակազմերին՝ 2023 թ. հոկտեմբերի 5-ին մասնակցելով «Վալդայ» միջազգային ակումբի 20-րդ յոբելեանական հանդիպման լիագումար նիստին:
Պատասխանելով Ադրբեջան-Արցախ հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ հարցին՝ ՌԴ նախագահը, մասնաւորապէս, ասել է. «Երբ Ղարաբաղը հռչակեց իր անկախութիւնը, ոչ ոք չճանաչեց այդ անկախութիւնը, նոյնիսկ Հայաստանը, ինչն, անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ է, բայց, այնուամենայնիւ, որոշումն այդպիսին է եղել. նրանք չեն ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը։»:
Արցախի Հանրապետութեան անկախութիւնը Հայաստանի կողմից չճանաչւելու վերաբերեալ 2024 թ. նոյեմբերի 28-ին Աստանայում հնչեցրած յայտարարութեամբ ՌԴ նախագահն ընդհանուր հաշւով վեցերորդ անգամ իրաւացիօրէն քննադատել է Հայաստանի նախորդ եւ ներկայ բոլոր վարչակազմերի որդեգրած անհեռատես քաղաքականութիւնը:
Իսկ Հայաստանի Հանրապետութիւնն ունեցել է առնւազն վեց յարմար հնարաւորութիւն ճանաչելու Արցախի Հանրապետութեան անկախութիւնը:
Այսպէս, առաջին յարմար հնարաւորութիւնը եղել է 1991 թ., երբ նոյն թւականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների մասնակցութեամբ համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ յարակից Շահումեանի շրջանի սահմաններում ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» հռչակագիրը՝ այդպիսով ազդարարելով նախկին ԼՂԻՄ-ի եւ Շահումեանի շրջանի անկախութեան իրաւական գործընթացի մեկնարկի մասին, որին ի պատասխան Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետութեան դէմ:
Երկրորդ յարմար հնարաւորութիւնը եղել է մինչեւ 1994 թ. մայիսի 9-11-ը հրադադարի եռակողմ (Արցախ, Հայաստան, Ադրբեջան) համաձայնագրի ստորագրումը, երբ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը չէր դադարեցնում ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետութեան դէմ, որի հետեւանքով օկուպացրել է Արցախի Հանրապետութեան տարածքի մօտաւորապէս 9%-ը:
Երրորդ յարմար հնարաւորութիւնը եղել է 2016 թ., երբ նոյն թւականի ապրիլի 2-ին օկուպանտ Ադրբեջանը, կոպտօրէն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրութեամբ եւ Հելսինկեան եզրափակիչ ակտով սահմանւած ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու եւ վէճերի խաղաղ կարգաւորման մասին սկզբունքները, ինչպէս նաեւ 1994 թ. մայիսի 12-ից ուժի մէջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագիրը, երկրորդ անգամ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետութեան դէմ եւ մինչեւ ապրիլի 5-ը չի դադարեցրել ռազմական գործողութիւնները:
Չորրորդ յարմար հնարաւորութիւնը եղել է 2020 թ., երբ նոյն թւականի սեպտեմբերի 27-ին օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը, կոպտօրէն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրութեամբ եւ Հելսինկեան եզրափակիչ ակտով սահմանւած ակտի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու եւ վէճերի խաղաղ կարգաւորման մասին սկզբունքները, ինչպէս նաեւ 1994 թ. մայիսի 12-ից ուժի մէջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագիրը, Թուրքիայի, Պակիստանի, Իսրայէլի աջակցութեամբ եւ վարձկան ահաբեկիչների օգնութեամբ երրորդ անգամ յարձակւել է Արցախի Հանրապետութեան վրայ եւ մինչեւ նոյն թւականի նոյեմբերի 9-ը տեւած 44-օրեայ պատերազմի հետեւանքով օկուպացրել է Արցախի Հանրապետութեան սահմանադրօրէն ամրագրւած տարածքի եւս, մօտաւորապէս, 75%-ը:
Հինգերորդ յարմար հնարաւորութիւնը եղել է 2023 թ., երբ նոյն թւականի ապրիլի 23-ին օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը, կոպտօրէն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրութեամբ եւ Հելսինկեան եզրափակիչ ակտով սահմանւած ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու եւ վէճերի խաղաղ կարգաւորման մասին սկզբունքները, ինչպէս նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում բոլոր ռազմական գործողութիւնների եւ կրակի ամբողջական դադարեցման մասին» եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) յայտարարութիւնը, Արցախի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը միմեանց կապող միջպետական մայրուղու Քաշաթաղի շրջանով անցնող ճանապարհահատւածում՝ Հակարիի կամրջի մօտ, տեղադրել է ապօրինի հսկիչ անցագրային կէտ եւ իննը ամիս շրջափակման մէջ պահել արցախահայութեանը՝ ենթարկելով ցեղասպանութեան:
Վեցերորդ յարմար հնարաւորութիւնը կրկին եղել է 2023 թ., երբ նոյն թւականի սեպտեմբերի 19-ին օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը, կոպտօրէն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրութեամբ եւ Հելսինկեան եզրափակիչ ակտով սահմանւած ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու եւ վէճերի խաղաղ կարգաւորման մասին սկզբունքները, ինչպէս նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը, չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, յարձակւել է Արցախի Հանրապետութեան վրայ եւ երկօրեայ պատերազմի ընթացքում օկուպացրել Արցախի Հանրապետութեան սահմանադրօրէն ամրագրւած տարածքի մնացած մասը` ցեղասպանութեան ենթարկելով Արցախի հայութեան մի մասին, իսկ մեծ մասը` աւելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկւել է ցեղասպանութիւնից՝ վտարւելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մօտաւորապէս երեք հազարամեակ անընդմէջ:
Ցաւօք, բոլոր վեց յարմար հնարաւորութիւններն էլ Հայաստանի Հանրապետութիւնը բաց է թողել օրւայ իշխանութեան քաղաքականապէս անհեռատես եւ անհիմն հաշւարկների արդիւնքում:
Հայաստանի Հանրապետութեան նախորդ եւ ներկայ բոլոր վարչակազմերը յայտարարում էին եւ յայտարարում են, որ եթէ Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետութեան անկախութիւնը, ապա դա կը յանգեցնի պատերազմի ընդդէմ Ադրբեջանի, քանի որ դրանով Հայաստանը կը համարւի ագրեսոր եւ այլն:
Ժամանակը ցոյց տւեց, որ Արցախի Հանրապետութեան անկախութիւնը չճանաչելու մասին Հայաստանի Հանրապետութեան նախկին եւ ներկայ բոլոր վարչակազմերի մօտեցումները քաղաքականապէս սնանկ են եւ հիմնազուրկ:
Հայաստանի Հանրապետութեան բոլոր վարչակազմերը կոպտագոյն սխալ են թոյլ տւել եւ շարունակում են թոյլ տալ՝ չճանաչելով Արցախի Հանրապետութեան անկախութիւնը նրա անկախութեան հռչակման պահից սկսած մինչ օրս:
Համոզիչ չէ Արցախի Հանրապետութիւնը չճանաչելու մասին ցանկացած փաստարկ, ում կողմից էլ այն կը ներկայացւի: Քանի դեռ Հայաստանի Հանրապետութիւնը չի ճանաչել Արցախի Հանրապետութեան ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման փաստը՝ այն է՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքւէի արդիւնքում անկախ հռչակւած Արցախի Հանրապետութիւնը, գրեթէ անհնար է ակնկալել, որ այն կը ճանաչւի որեւէ երրորդ պետութեան կողմից:
Արցախի Հանրապետութեան քաղաքացիների ճնշող մեծամասնութիւնը կազմող ազգութեամբ հայերի Արցախ վերադարձը եւ Արցախի Հանրապետութիւնում երաշխաւորւած, անվտանգ, ապահով կենսագործունէութիւնն արդիւնաւէտ կերպով ապահովելու համար Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտութիւն է, որին կարելի է հասնել նաեւ Արցախի Հանրապետութեան ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման փաստը Հայաստանի Հանրապետութեան կողմից ճանաչւելու պարագայում: Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հասնելու հնարաւորութիւններից մէկը Հայաստանի Հանրապետութեան կողմից Արցախի Հանրապետութեան ճանաչումն է:
Իսկ մինչեւ միջազգայնօրէն չճանաչւի արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի իրացման փաստը, հնարաւոր չի լինելու արդիւնաւէտ կերպով երաշխաւորել եւ պաշտպանել արցախահայութեան մնացեալ բոլոր իրաւունքները:
Այսպէս, 2021 թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան ընդունել է «Ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի համընդհանուր իրականացումը» վերնագրով ռեզոլիւցիա (որոշում), որի 1-ին կէտի համաձայն՝ Գլխաւոր ասամբլեան «…վերահաստատում է, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի համընդհանուր իրականացումը…հանդիսանում է մարդու իրաւունքների արդիւնաւէտ երաշխաւորման եւ պաշտպանութեան ու այդ իրաւունքների պահպանման եւ խրախուսման հիմնարար պայման»: Մէջբերումից պարզ է դառնում, որ մարդու բոլոր իրաւունքները կարող են արդիւնաւէտ կերպով երաշխաւորւել եւ պաշտպանւել, եթէ իրականացւի ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը:
Արցախի հայութիւնն անթերի կերպով իրացրել է ինքնորոշման իր իրաւունքը, վաղուց հարկն է, որ այդ իրաւունքի իրացման փաստը ճանաչւի միջազգայնօրէն: