Ինչպէ՞ս է ուշ ժամին ուտելն անդարդառնում մարդու առողջութեան վրայ
Կատալոնիայի Բաց համալսարանի փորձագէտները, որոնք հետազօտութեան արդիւնքները հրապարակել են Nature-ի յաւելւած Nutrition Diabetes հանդէսում, բացայայտել են ուշ սնւելու անսպասելի վտանգները: Գիտնականների միջազգային խումբն օրգանիզմում նիւթափոխանակութեան գործընթացների վրայ ուտելու ժամանակի ազդեցութեան մասին լայնածաւալ հետազօտութիւն է անցկացրել։
Ժամը 17:00-ից յետոյ օրական կալորիաների աւելի քան 45%-ն օգտագործող մարդկանց օրգանիզմում նիւթափոխանակութեան զգալի փոփոխութիւններ են յայտնաբերւել, գրում է Planet Today-ը։ Հիմնական խնդիրը ածխաջրերի նիւթափոխանակութեան խախտումն է, որը կարող է տարբեր խրոնիկական հիւանդութիւնների զարգացում հրահրել։ Նախկինում փորձագէտների մեծամասնութիւնը երեկոյեան ուտելը հիմնականում կապում էր քաշի աւելացման հետ, սակայն նոր տւեալները զգալիօրէն ընդլայնում են այդ խնդրի վերաբերեալ մեր պատկերացումները:
Հետազօտական թիմը հետազօտել է քաշին առնչւող խնդիրներով կամ դիաբետի հակւածութեամբ 50-70 տարեկան 26 կամաւորների: Մասնակիցները բաժանւել են երկու հակապատկեր խմբերի՝ ուտելու տարբեր գրաֆիկներով: Չնայած միանման սննդակարգերին եւ կալորիականութեան ընդունմանը, երկրորդ խումբը, որն իր կերակուրների մեծ մասը օգտագործում էր երեկոյեան ժամը 5-ից յետոյ, նիւթափոխանակութեան ցուցանիշների զգալի վատթարացում է ցոյց տւել:
Գիտնականներն ընդգծում են մարդու օրգանիզմի կենսաբանական առանձնայատկութիւնը՝ երեկոյեան ժամերին զգալիօրէն նւազում է գլիւկոզայի մշակման ունակութիւնը։ Դա նշանակում է, որ ուտելու ժամանակը ոչ պակաս կարեւոր դեր է խաղում, քան դրա քանակն ու բաղադրութիւնը։ Ուշ ուտելը կարող է խրոնիկական բորբոքում առաջացնել, մեծացնել սրտանօթային հիւանդութիւնների վտանգն ու խանգարել նիւթափոխանակութեան գործընթացներին:
Մասնագէտների գործնական խորհուրդները հանգում են մի քանի հիմնական կէտերի՝ հիմնական կերակուրները տեղափոխել օրւայ առաջին կէսին, երեկոյեան նւազագոյնի հասցնել ածխաջրերն ու ճարպային սնունդը, թեթեւ եւ հաւասարակշռւած նախուտեստներ ընտրել:
News.am