Բոննում ցուցարարներն իրենց բողոքն են արտայայտում COP29-ը հիւրընկալելու միջոցով Ադրբեջանի մաքրագործւելու դէմ
Մի խումբ ակտիւիստներ բողոքի ակցիայի ընթացքում կոչ են արել Ադրբեջանի կառավարութեանն անյապաղ ազատ արձակել Բաքւում ապօրինաբար կալանքի տակ պահւող հայ քաղբանտարկեալներին, այդ թւում՝ ձեռներեց եւ բարերար Ռուբէն Վարդանեանին:
Parstoday.ir-ի համաձայն այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ նրանք դիմել են Բոննում հաւաքւած՝ «Կլիմայի փոփոխութեան մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնւենցիայի մասնակից երկրների պատւիրակներին՝ կոչ անելով դէմ հանդէս գալ այս տարեվերջին COP29-ի՝ Ադրբեջանում անցկացմանը։ Ադրբեջանի կառավարութիւնը յայտարարել է, որ COP29-ը նւիրւած է լինելու խաղաղութեանը, մինչդեռ դա անհնարին է, քանի դեռ Ռուբէն Վարդանեանը եւ միւս հայ բանտարկեալները շարունակում են պահւել Բաքւի բանտախցերում: Ձեւացնել, թէ դա այդպէս չէ, կը նշանակի, որ Ադրբեջանը շարունակում է հայ ժողովրդի դէմ ցեղասպանութեան իրականացումը, նշել են ակցիայի մասնակիցները։
Ցեղասպանութեան կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի յատուկ խորհրդականը վերլուծելով 2023 թւականի սեպտեմբերին Ադրբեջանի յարձակումները, երբ ձերբակալւեց նաեւ Ռուբէն Վարդանեանը, ահազանգել է աշխարհին «ցեղասպանութեան եւ դրա հետ կապւած դաժան յանցագործութիւնների ռիսկի մասին»: Մասնակցելով եւ աջակցելով COP29-ին, քանի դեռ հայ բանտարկեալները գտնւում են անօրինական կալանքի տակ, աշխարհը թոյլ է տալիս Ադրբեջանին մաքրագործել իր յանցագործութիւնները, որոնք չեն սահմանափակւում միայն հայերի դէմ կատարւածով, այլեւ իրականցւում են նաեւ սեփական ժողովրդի նկատմամբ: Human Rights Watch-ի զեկոյցի համաձայն՝ «վերջին մէկ տարում առնւազն 25 անկախ լրագրող եւ քաղաքացիական ակտիւիստ է ձերբակալւել եւ նրանք բոլորը դեռ բանտում են»:
COP29-ի մօտենալը՝ FreeArmenianPrisoners շարժումը եւ նրա աջակիցներն ու գործընկերները կը շարունակեն բարձրաձայն ուշադրութիւն հրաւիրել ադրբեջանական կառավարութեան անօրինական գործողութիւնների վրայ եւ կոչ անել լրատւամիջոցներին՝ իրազեկելու բոլոր հայ բանտարկեալների եւ հայ ժողովրդի տառապանքների մասին:
Այս ջանքերը համակարգելու համար FreeArmenianPrisoners-ը ստորագրութիւններ է հաւաքում առցանց պահանջագրի միջոցով՝ կոչ անելով ազատ արձակել բանտարկեալներին։
Բողոքի ցոյցերի մասին
2024 թւականի յունիսի 7-ին Բոննում նախատեսւած համատեղ գործողութիւնները համակարգում են FreeArmenian Prisoners շարժման, Գերմանահայերի կենտրոնական խորհրդի (ZAD), Սպառնալիքի տակ գտնւող անձանց հանրոյթի (GfbV), Մարդու իրաւունքների միջազգային ընկերակցութեան (ISHR) եւ «Ճանաչումը՝ ցեղասպանութեան դէմ՝ յանուն միջազգային փոխըմբռնման» (AGA) աշխատանքային խմբի ակտիւիստները:
Բոլոր կազմակերպութիւնները միանում են 23 հայ բանտարկեալներին ազատ արձակելու եւ Ադրբեջանի կողմից COP29-ի անցկացումը բարձրաձայն ու հրապարակային կերպով քննադատելու կոչերին։