
Վանքի պատմական յուշարձաններին, հոգեւոր ու մշակութային արժէքներին աւելի մօտից ծանօթացնելու նպատակով, երեքշաբթի՝ 27 հոկտեմբերի 2026 թւականին, ճանաչողական ծրագիր էր կազմակերպւել Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքում՝ հայոց ազգային «Արմէն» տարրական երկսեռ դպրոցի չորրորդ եւ հինգերորդ դասարանների աշակերտների համար։
Միջոցառումը նախաձեռնել էր դպրոցի տնօրինութիւնը՝ Ազգային Առաջնորդարանի Զբօսաշրջութեան գրասենեակի հետ համագործակցաբար՝ նւիրւած Սուրբ Ամենափրկիչ վանքի Սուրբ Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնին։
Ծրագրի առաջին հանգրւանը հոգեւոր բնոյթ էր կրում։ Զբօսաշրջութեան գրասենեակի տնօրէնը ողջունեց ներկաներին, որից յետոյ ծրագրի հովանաւոր Կրօնական խորհրդի փոխատենապետ Տէր Մեսրոպ քհնյ. Գալստանեանը աշակերտների հետ զրուցեց եկեղեցու կարգ ու կանոնի, աղօթքի էութեան եւ հոգեւոր կեանքում դրա կարեւորութեան մասին։
Այնուհետեւ երեխաներն այցելեցին Սուրբ Յովսէփ Արիմաթացի եկեղեցին, որտեղ Վանքի ուղեվար Նորայր Կարապետեանը նրանց ներկայացրեց եկեղեցու անւանակոչութեան հետ կապւած պատմութիւնը եւ որմնանկարների գեղարւեստական առանձնայատկութիւնները։
Շրջայցի յաջորդ բաժնում աշակերտները, երկու խմբի բաժանւած, մասնակցեցին ճանաչողական խաղերի եւ տարբեր առաջադրանքների, որոնց միջոցով բացայայտեցին վանքի պատմական կառոյցների ու մշակութային կենտրոնների հետաքրքրական էջերը։ Յատուկ ուշադրութիւն դարձւեց տպագրութեան պատմութեանը. երեխաները տեղեկացան Իրանի եւ Միջին Արեւելքի առաջին տպարանի գործունէութեանը, հնարաւորութիւն ունեցան հին տառերով տպագրական շարւածք կազմելու եւ գործնականօրէն պատկերացում կազմեցին տպագրական արւեստի մասին։ Ծրագրում ընդգրկւած էր նաեւ ազգագրական թանգարանի այցելութիւնը։
Օրւայ ընթացքում ստացած գիտելիքներին զուգահեռ աշակերտները հնարաւորութիւն ունեցան նաեւ ստեղծագործելու։ Իւրաքանչիւրը պատրաստեց Սուրբ Ամենափրկիչ վանքի պատկերով անհատական աշխատանք, որը դարձաւ նրանց այցի յիշատակն ու օրւայ հաճելի տպաւորութիւնների խորհրդանիշը։
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ





















