
Թեհրանի հայկական մշակութային միաւորները իրենց առաքելութիւնների ծիրում հայկական մշակոյթով սնում ու դաստիարակում են մեր մատաղ սերնդին: Հայկական մշակոյթի անբաժան մասնիկներից է պարը, որի շնորհիւ հայ պատանին ու պարմանուհին հաղորդակից են դառնում հայկական ազգային աւանդոյթներին: Սփիւռքեան պայմաններում հայ ժողովրդի գոյատեւման գրաւակններից է հանդիսանում հայկական մշակոյթի բազմազան ոլորտների պահպանումը եւ այն մեր մատաղ սերնդին փոխանցելը: Այս գործին են լծւած մեծ թւով հայորդիներ, որոնք չեն խնայում իրենց կարելին այս ուղղութեամբ, դիմագրաւելով բազմաթիւ դժւարութիւններ:
Թեհրանահայ համայնքի չորս տասնամեակ անցեալ ունեցող պարախմբերից է «Ակունք» պարային համոյթը, որը այս տարի բոլորեց իր հիմնադրման 40-ամեակը:
«Ակունք» պարային համոյթ, որի անւան հետ շաղկապւած է համոյթի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ՝ Կարինէ Մանուչերեանի անունը, ում շնորհիւ տարիների ընթացքում հայկական պարարւեստի ոգով դաստիարակւել են մեծ թւով սաներ: Սակայն յատկանշական է, որ Կարինէ Մանուչերեանի անմնացորդ դերը չի սահմանափակւում միայն «Ակունք» պարային համոյթով, այլ նա հայկական պարերով ու հայկական ոգով սնուցանում է՝ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարային համոյթի եւ Հ. Մ. «Սիփան» միութեան «Սիփան» պարախմբի սաներին:
«Ակունք» պարային համոյթի 40-ամեայ գործունէութեան յոբելեանական ելոյթը իրականացաւ փետրւարի 21-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնատեղի՝ «Կոմիտաս» սրահում: Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական՝ Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր Արտոյտ Զոհրաբեանը, ազգային մարմինների եւ մարզամշակութային միութիւնների նախագահներ ու ներկայացուցիչներ, արւեստասէր հասարակութիւն եւ մեծ թւով հայրենակիցներ:
Յոբելեանական ելոյթի հաղորդավարութեան նպատակով՝ Թաւրիզից, ժամանել էր ազգային-հասարակական գործիչ՝ Նայիրի Դիլանեանը: Իր ելոյթի ընթացքում, նա գնահատանքով անդրադարձաւ «Ակունք» պարային համոյթի եւ գեղարւեստական ղեկավար ու բեմադրիչ Կարինէ Մանուչերեանի անմնացորդ աշխատանքի, հետեւողականութեան, անկոտրում կամքի եւ պարարւեստին նւիրւած մեծ աւանդի մասին: Նայիրի Դիլանեանը անդրադարձաւ այն միութիւնների մասին, որոնց յարկերի տակ տարիներ շարունակ իրենց փորձերն են անցկացրել համոյթի սաները, Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնը: Հաղորդավարը ընդգծեց, որ Կարինէ Մանուչերեանը իր սաներին ուսուցանում է ոչ միայն հայկական, նաեւ այլ ազգերի պարերը եւ սաներին ուսուցանում է պարարւեստի տարբեր ժանրերը: Նա ընդգծեց. «Հայկական պարը բացայայտում է հայ ժողովրդի հազարամեակների պատմութիւնը, ծէսերը, պայքարը, յաղթական ոգին, ինչու չէ նաեւ ոգբերգական եւ ճգնաժամային պահերը: Հայկական պարը արմատաւորւել է մեր ժողովրդի մէջ»: Հաղորդավարը համապարփակ գծերով անդրադարձաւ «Ակունք» պարային համոյթի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ Կարինէ Մանուչերեանի տասնամեակներ անցած ուղուն եւ նշեց, որ նրա ղեկավարած սաները հանդէս են եկել բազմաթիւ միջոցառումներին, Իրանում, Հայաստանում եւ այլ երկրներում կազմակերպւած փառատօններին եւ աւելացրեց, որ վերջին 13 տարիներին նա Թաւրիզում հիմնադրել ու ղեկավարում է՝ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարային համոյթը:
Հաղորդավարը նշեց, որ յոբելեանի առիթով շնորհաւորական ուղերձներ են յղել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, Թեմական խորհուրդը, «ԱԼԻՔ» հաստատութեան Թաւրիզի մասնաճիւղը, Հայ Օգնութեան միութիւն՝ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը, նոյն միութեան «Տաթեւ» պարային համոյթի անդամ-անդամուհիները եւ գլխաւոր փորձավար՝ Մարիա Գասպարեանը, համոյթի խմբապետ՝ Արինէ Մատթէոսեանը եւ համոյթի կազմակերպական աշխատանքների հիմնասիւները հանդիսացող Արմոնդ Բադալեանը եւ Սեւան Գասպարեանը:
Ապա երկու տարբեր արարներով իրենց հեզասահ պարերով հանդիսատեսին ներկայացւեցին հայկական ազգային ու միջազգային ֆոլկլոր պարեր: Նաեւ մերթընդմերթ պատկերասփռւում էր համոյթի անցած 40 տարիները պատկերող տեսաֆիլմ եւ տեսաֆիլմի միջոցով իրենց շնորհաւորական ուղերձներն էին փոխանցում «Ակունք» պարային համոյթի եւ Կարինէ Մանուչերեանի հետ համագործակցած տարբեր միութիւնների ժամանակի նախագահներ, պարուսոյցներ եւ արւեստի գործիչներ:
Երկժամեայ ելոյթի աւարտին «Ակունք» պարային համոյթի բոլոր սաները, տարիքային տարբեր խմբերով եւ հայկական միասնական պարով բեմ բարձրացան եւ հանդիսատեսի ջերմ ծափողջոյններին արժանացան: «Ակունք» պարային համոյթի թիւ 3 եւ 4 դասարանների փորձավարներն են՝ Փրենի Խաչատրեանը, Էլինա Միրխանին եւ օգնական՝ Էմիլի Ղազարեանը:
Յոբելենական երեկոն եզրափակւեց ելոյթներով: Բեմ հրաւիրւեց Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը փոխանցելով Թեմակալ առաջնորդի հայրական ողջոյնները: Հայր Սուրբը իր ելոյթի ընթացքում գնահատելով սաների ներկայացրած ելոյթը ընդգծեց. «Այս ելոյթով մի քանի ժամով հեռացանք այս աշխարհէն, գացինք Հայաստան, գացինք դէպի ակունքներ: Որեւէ հաւաքական աշխատանք յաջողութեան համար կարիքը ունի բոլոր անդամների սերտ համագործակցութեան եւ միասնաութեան, եւ մենք այսօր տեսանք թէ ինչպէս գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ Կարինէ Մանուչերեանի, փորձավարների, օգնականների, ծնողների եւ սաների համագործակցութեամբ այս ելոյթը գերազանցապէս յաջողւեցաւ»: Անդրադառնալով ամեակների նշման կարեւորութեանը, Հայր Սուրբը նշեց, որ ամեակները առիթ են որպէսզի նայենք այդ հաստատութեան ու կազմակերպութեան գործունէութեանը եւ ընդգծեց, որ այս համոյթը իր սաներին փոխանցում է ազգասիրութիւն, հայրենասիրութիւն, մշակոյթի նկատմամբ սէր, որը սուրբ առաքելութիւն է:
Միջոցառմանը բեմ հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը իր գնահատանքը եւ շնորհաւորանքը փոխանցելով կատարումների եւ «Ակնունք» պարային համոյթի 40-ամեակի առիթով նշեց. «Պարը կամուրջ է տարբեր մշակոյթների փոխանցման համար եւ արւեստի այն կարեւոր բաժիններից է, որով փոխանցւում են աւանդութիւնները: Մեր պարախմբերը լաւագոյն դասարաններն են մեր երեխաների համար, որոնք մեր մատաղ սերնդին փոխանցում են հայկական մշակոյթը եւ կարեւոր կռւան են հանդիսանում ազգապահպանման առումով»: Պատգամաւորը նաեւ գնահատանքով արտայայտւեց մեծ թւով հայրենակիցների մասնակցութեան համար, նշելով, որ բոլոր ոլորտներում, ժողովրդի ներկայութեամբ է իմաստաւորւում մշակութային ու հասարակական միջոցառումների իրականացումը եւ յաջողութիւնը: Նա իր գնահատանքը փոխանցեց «Ակունք» պարային համոյթի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ Կարինէ Մանուչերեանին եւ համոյթի աշխատանքներով միջամուխ բոլոր անհատներին:
Միջոցառմանը գնահատւեցին «Ակունք» պարային համոյթի վերջին տարիների գլխաւոր փորձավար եւ համոյթի վաստակաւոր սաներից Էդնա Այւազեանը եւ Անուշ Օհանեանը, որոնք 40-ամեակի հանդիսութեանը չէին խնայել իրենց օժանդակութիւնը:
Վերջում շնորհակալութիւն յայտնւեց ՀԲԸՄ-ին, Հ.Մ.Ա.Կ.-ին եւ այլ միութիւններին իրենց համագործացութեան համար:
Թղթակցութիւնը ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ
Լուսանկարը՝ ԱՐԲԻ ՇԱՀԲԷԳԵԱՆԻ