
Կիրակի՝ օգոստոսի 16-ին, Թեհրանի բոլոր հայկական եկեղեցիներում նշւել է Ս. Աստւածածնի Վերափոխման տօնն ու Խաղողօրհնէքը։ Տօնի առիթով եկեղեցիներում մատուցւել է Սուրբ եւ Անմահ Պատարագ, իսկ պատարագիչ հոգեւորականները քարոզել են օրւայ խորհրդի մասին։
Ազգային առաջնորդարանի Հանրային կապը տեղեկացրել է, որ արարողութիւններին ներկայ են եղել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ Ազգային մարմինների ներկայացուցիչներ, Եկեղեցու Եկեղեցական խորհուրդների անդամներ եւ բազմաթիւ հաւատացեալներ։
Տօնի աւանդական Խաղողօրհնէքի արարողութեան ընթացքում օրհնւած խաղողը բաժանւել է հաւատացեալներին։ Խաղողօրհնէքը, Հայ Եկեղեցու աւանդութեան համաձայն, կապւած է Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի հետ։



