
«Սու-24»-երը Իրաքի Էրբիլից էին անցել՝ Կատարում ամերիկեան ռազմաբազան ռմբակոծելու համար
Երեք իրանցի օդաչուների ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ՝ Իրանի եւ Կատարի իրարամերժ յայտարարութիւնների պայմաններում։ Թեհրանը պնդում է, որ Ջաւադ Սալեհին, Աբդոլմաջիդ Դաշթիանը եւ Էմրան Բեհրուզիանը մարտական ինքնաթիռների վթարից յետոյ մնացել են կենդանի, եւ գերեվարւել Կատարի ուժերի կողմից։ Դոհան կտրականապէս հերքում է նրանց ձերբակալութեան մասին տեղեկութիւնը.գրում է ԻՌՆԱ-ն:
Նրանցից մէկը՝ Մաջիդ Քազեմին, զոհւել է։ Նրա աճիւնը հետագայում վերադարձւել է Իրան, իսկ յուղարկաւորութիւնը տեղի է ունեցել Շիրազում։ Այս հարցում Իրանի եւ Կատարի յայտարարութիւնները հիմնականում համընկնում են։
Սակայն միւս երեք օդաչուների մասին մինչեւ այժմ հակասական տեղեկութիւններ են շրջանառւում։
Օգոստոսի 15-ին Իրանի Զինւած ուժերի Գլխաւոր շտաբի Անհետ կորածների որոնման յանձնաժողովի հրամանատարը Կարմիր խաչի միջազգային կոմիտէի նախագահին ուղղւած նամակում յայտարարել է, որ երեք օդաչուները դուրս նետւելուց յետոյ ողջ են ձերբակալւել Կատարի ուժերի կողմից։
Իրանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտէից պահանջել է շտապ միջամտել՝ հանդիպելու երեք օդաչուներին, պարզելու նրանց առողջական վիճակը եւ տեղեկութիւնը փոխանցելու իրանական կողմին։ Նամակում նաեւ յղում է կատարւում Ժնեւի երրորդ կոնւենցիայի՝ ռազմագերիների իրաւունքներին վերաբերող դրոյթներին։
Թեհրանի պնդմամբ՝ հարցն այլեւս միայն անհետ կորած օդաչուների որոնման խնդիր չէ, այլ վերածւել է ռազմագերիների կարգավիճակի եւ նրանց նկատմամբ միջազգային իրաւունքի պահանջների պահպանման հարցի։
Դոհան հակադարձում է
Կատարի ԱԳՆ խօսնակը, սակայն, նոյն օրը կտրականապէս հերքել է իրանական երեք օդաչուների ձերբակալութեան մասին տեղեկութիւնը։
Նրա համաձայն՝ Կատարի ուժերը վթարից յետոյ իրականացրել են միայն որոնողափրկարարական գործողութիւններ։ Դոհան յայտնում է, որ դրանց ընթացքում յայտնաբերւել է օդաչուներից մէկի աճիւնը, որի փոխանցման շուրջ Կատարը կապ է հաստատել իրանական կողմի հետ։ Խօսքը Մաջիդ Քազեմիի մասին է, որի զոհւելը եւ աճիւնի Իրան տեղափոխւելը հաստատել է նաեւ Թեհրանը։
Դոհան նաեւ յայտարարել է, որ դեռեւս ապրիլին իրանական կողմին առաջարկել էր մասնագէտների խումբ ուղարկել Կատար՝ որոնողափրկարարական գործողութեան ընթացքին եւ առկայ փաստաթղթերին տեղում ծանօթանալու համար։ Կատարի համաձայն՝ այդ առաջարկին պատասխան չի ստացւել։
Իրանական կողմը հերքել է նաեւ այս պնդումը՝ նշելով, որ Իրանի ռազմաօդային ուժերի մասնագէտներից կազմւած խումբը ամիսներ շարունակ պատրաստ է մեկնել Կատար, սակայն Կատարական կողմի ձգձգումների պատճառով հնարաւորութիւն չի ստացել։
Այսպիսով, դէպքից աւելի քան հինգ ամիս անց հաստատւած է միայն չորրորդ օդաչուի՝ Մաջիդ Քազեմիի զոհւած եւ աճիւնի Իրան վերադարձւած լինելու փաստը։
Այժմ ուշադրութիւնը Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի վրայ է։ Երեք օդաչուների ճակատագիրը պարզելու համար Թեհրանը ակնկալում է, որ միջազգային մարդասիրական կազմակերպութիւնը կարողանայ ստուգել իր պնդումները եւ պարզել՝ ի՞նչ է տեղի ունեցել մարտի 2-ին ինքնաթիռից արտանետւելուց յետոյ երեք օդաչուների հետ։



