Վերափոխման տօնը Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հայ Առաքելական մեր սուրբ եկեղեցու Տաղաւար հինգ տօներից Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը Ատրպատականում տեղի ունեցաւ, մեր թեմի ժողովրդի հաւատացեալ զաւակների մասնակցութեամբ:
Հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղի Ս. Գէորգ եկեղեցում եկեղեցական արարողութիւններին մասնակցեցին յիշեալ համայնքների հաւատացեալ զաւակները:
Ատրպատականի հայոց մեր թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի երկրից բացակայութեան պատճառով, կիրակի, 16 օգոստոսի 2026-ին, Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագ մատուցեց, Սպահանի հայոց թեմի քահանայից դասից հրաւիրւած Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Ս. Պպատարագի երգեցողութիւնը քառաձայն կատարեց Թաւրիզի «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ՝ երաժիշտ Վարդան Վահրամեանի:
Տէր Հայրը իր քարոզում լայնօրէն անդրադարձաւ Վերափոխման սուրբ տօնի խորհրդին, վեր առնելով Աստւածամօր սրբաբոյր կերպարը, եւ Յիսուսի աշակերտներին քաջալերող հանգամանքը:

Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում մատուցւեց Ս. եւ անմահ Պատարագ, ձեռամբ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի: Տէր հայրը իր քարոզում ներկայ հաւատացեալներին բացատրեց օրւայ Աւետարանական հատւածը, ինչպէս նաեւ Վերափոխման տօնը, նշելով այգիներում կատարւող այն խնամքը, որը աստւածապարգեւ բոյսերին ցուցաբերում է մարդ էակը:
Խաղողօրհնէքի աւանդական արարողութեան համար, եկեղեցու Խնամակալ մարմնի կանայք բծախնդիր աշխատանքով պատրաստւել էին օրհնւելու խաղողների ծրարները, որոնք ներկայ հաւատացեալ ժողովրդին բաշխւեցին օրհնութիւնից անմիջապէս յետոյ: Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարւեց եկեղեցու «Նարեկացի» երգչախմբի կողմից:
Երեկոյեան, Գեարդաբադի Սուրբ Գէորգ եկեղեցում, Տէր Մարտիրոս քահանայի միջոցով, տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին օրհնւեց խաղողը եւ բաշխւեց գիւղի հաւատացեալ ժողովրդին: Ողկոյզները գիւղի այգիներից էին հաւաքել հաւատացեալները, եւ նւիրաբերել եկեղեցուն:
Իր քարոզում Տէր հայրը գնահատանք յայտնեց գիւղի բարեպաշտ ժողովրդին, որ իրենց այգիների երախայրիքը մատուցել էին եկեղեցուն:
Եկեղեցական արարողութեան վերջում տեղի ունեցաւ «խոստովանանք» եւ գիւղի բարեպաշտ ժողովուրդը մօտենալով սուրբ խորանին, հաղորդւեց Տիրոջ սուրբ մարմնով եւ արեամբ: Եկեղեցական արարողութեանց ընթացքին իրենց խօսած քարոզների սկզբնաւորութեան, քահանայ հայրերը փառք ու գոհութիւն տալուց յետոյ Աստծուն, ներկայ հաւատացեալներին հաղորդեցին Թեմի առաջնորդ Սրբազան հօր սիրոյ ողջոյնն ու բարեմաղթութիւնները:
Յայտնենք, որ յաջորդ օրը՝ Մեռելոց յիշատակի հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատանը:
Սուրբ Շողակաթ մատուռում տեղի ունեցած հաւաքական հոգեհանգստից յետոյ, Տ. Մարտիրոս քահանան նաեւ շիրմաքարերի մօտ «հոգւոց» ասաց, հանգուցեալների ընտանեկան պարագաների փափագին ընդառաջելով:



