ԹեհրանՀամայնքՀարցազրոյցՄշակութային

Պարը երաժշտութեան կտաւն է իսկ պարողը՝ կտաւում փայլող դիմանկարը

Զրոյց այդ դիմանկարներից երկուսի՝ Լիանա Սարգսեանի եւ Արտաշէս Կարապետեան ամուսինների հետ

ՀԱՏԻՍ

 

Լիանա Սարգսեան՝ ղեկավար, պարուսոյց: Աւարտել է ԵՊՊԿ (Երեւանի պարարւեստի պետական քոլէջ) հայկական ժողովրդական պարերի բաժինը, որից յետոյ աւարտել է ԵՊՄՀ (Խաչատուր Աբովեանի անւան հայկական պետական մանկավարժական համալսարան) կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժինը։ Աշխատել է Հայաստանի Պարի Պետական անսամբլում որպէս առաջատար պարուհի՝ շուրջ 15 տարի։ Զուգահեռ աշխատել է որպէս պարուսոյց-մանկավարժ տարբեր խմբերում։ Այժմ աշխատում է ԵՊՊԿ-ում, որպէս հայկական ժողովրդական պար առարկայի դասատու, եւ ԵՊՄՀ-ի պարարւեստի մանկավարժութեան ամբիոնում որպէս հայկական ժողովրդական պար առարկայի դասախօս է՝ գործնական եւ տեսական ուղղութիւններով:

Արտաշէս Կարապետեանը հանրայայտ Գագիկ Կարապետեանի որդին է եւ լեգենդար Արտաշէս Կարապետեանի թոռը: Պարը նրանց ընտանիքում կենսակերպ լինելուց բացի համարւում է գիտութեան եւ արւեստի լրջագոյն ուղղութիւններից մէկը: Աւարտել  է ԵՊՊԿ (Պետական պարի քոլէջ) հայկական ժողովրդական պարերի բաժինը, որից յետոյ աւարտել է ԵՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժինը։ Աշխատել է վաստակաւոր կոլեկտիւ Հայաստանի Պարի Պետական անսամբլում որպէս առաջատար պարող: Զուգահեռ աշխատել է որպէս պարուսոյց տարբեր խմբերում։

 

Պարի մասին ունեցած պատկերացումներդ կարող են մէկ հանդիպումից այնքան ընդլայնւել, որ այլեւս անտարբեր չանցնես ստացւած ու չստացւած իւրաքանչիւր ելոյթի կողքով:

Ամէն մի շարժում՝ կարող է դառնալ զգացական հպում…որ այլեւս առաջւայ մարդը չլինես:

Երկնքից երկիր իջնենք ու նշենք, որ վերջերս Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան հրաւէրով Թեհրան էին ժամանել Հայաստանի ամենապարային ընտանիքի՝ Կարապետեանների ներկայացուցիչները՝ Լիանա Սարգսեանն ու Արտաշէս Կարապետեան ամուսինները:  

«ԱԼԻՔ» կատարած այցը ընթացքում զրոյցի նստեցինք անւանի արւեստագէտների հետ:

Իսկ մինչեւ մեր զրոյցը, Արւեստից միութեան անունից   Լիդա Վարդանեանն «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ 29-ամեայ «Արարատ» պարախումբը պատրաստւում է իր յոբելեանական ամեակին, եւ նոյն շրջանակներում թափով շարունակում է խմբի բոլոր սաների վերապատրաստական աշխատանքները: Այդ իսկ նպատակով կազմակերութիւնն ինչպէս անցեալում, ձեռնամուխ է եղել անւանի եւ կարող պարի դասատուններին ու դասախօսներին հրաւիրել Թեհրան, որպէսզի խումբը նորոյթների կողքին նաեւ օժտւած լինի Հայաստանում այսօր կիրառւող ձեւերով ու վարժութիւններով:

Նշենք, որ այցի ընթացքում Լիանա Սարգսեանին եւ Արտաշէս Կարապետեանին ընկերակցում էր նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախագահ Գրետա Հախբանդեանը:

* * *

ՀարցԺողովուրդների յաղթանակներն ու անյաջողութիւններն ազդում են արդեօք, ասենք, արւեստի դրսեւորումների վրայ, կամ պարի ասպարէզում՝ պարացանկի վրայ:

Արտաշէս – Չէի ասի: Մեզ մօտ Արցախեան երկրորդից յետոյ մարդկանց հոգին դեռ սգի մէջ է: Դա տեսնում ես մարդկանց աչքերի մէջ նաեւ: Կարծում եմ արւեստագէտն այս դէպքում լաւագոյնս զգացել է իր անելիքը՝ փոխել մարդկանց տրամադրութիւնը, եւ շունչ տալ ապագայի մասին նրա  ունեցած յոյսերին: Այնպէս, որ ձեր ասած պարացանկում նկատելի փոփոխութիւն չկայ:

Լիանա – Համաձայն եմ: Չկայ նման փոփոխութիւն: Մարդիկ դեռ խորապէս սգում են, չէ որ սգալու շատ բան կայ, կորուստները բազմակողմանի են ու միայն ազգի հերոսացած երիտասարդների խնդիր չէ, որ առկայ է: Հայրենիքի կորուստ, հիսաթափութիւն, մի խօսքով: Բայց համոզւած չեմ, որ այն պէտք է ազդի արւեստի վրայ:

Հարց –  Ինչ կարծիքի է ազգային պարի ասպարէզում վարպետարւեստագէտն այն մասին, որ մեր օրերում շուրջպարն իր ուրոյն տեղը զիջել է զուգապարին:

Լիանա – Կարծում եմ ոչ մէկն իր տեղը միւսին չի զիջել: Պարզապէս պէտք է հաշւի առնել միջոցառումների տեսակը: Ես կարող եմ խօսել միայն Հայաստանի մասին, որտեղ ապրում, պարում, ու դասաւանդում եմ պար: Եթէ մէկ բառով, ապա տեղից տեղ ու միջոցառումից միջոցառում, երաժշտութիւնից երաժշտութիւն, կարելի է սպասել համապատասխան դրսեւորում:

 

Հարց Այստեղ միանգամից գլուխ է բարձրացնում աշխարհագրութեան կողմից պարտադրւող մօտեցումների տարածութիւնը կարծես: Այնուամենայնիւ մեզ մօտ՝ Թեհրանում նկատելի է այդ փաստը: Անկախ  ամէն ինչից, փորձեմ հարցի շարունակութեան մէջ տեսնել մենապարի կամ զուգապարի միջոցով պատմւող պատմութիւնների երեւոյթը: Մեզ մօտ պարերը յաճախ լինում են շարժումների լաւ կատարման տեսքով: Դա աւելի շատ կատարելութեանը ձգտող վարժութիւն է յիշեցնում քան ֆիգիւռ:

Արտաշէս – Որ ճիշտն ասեմ հարցը չեմ ընկալել:

 

Հարց Պատմութիւն չպատմող շարժումների մասին է խօսքը, կամ պատում չդարձող պարային համարների:

Արտաշէս – Օրինակ ես այն կարծիքին չեմ, որ շարժումները պէտք է անպայման ժեստերի լեզւի պէս խօսեն մարդու հետ: Գեղեցկութիւն ստեղծելն ու արարելը եւս առաջնահերթութիւն է արւեստում, յատկապէս, պարարւեստում:

Լիանա – Գիտէք, որպէս համալսարանում նոյն բանով զբաղւող մարդ ու դասախօս ասեմ, որ ազգային պարը եւս պատմութիւն է, եւ իւրաքանչիւր շարժում մտածւած է: Ուղղակի դու որպէս պարող պէտք է քոնը դարձնես նախկինում հազար անգամ պատմւած պատմութիւնն ու պարային համարը, որը պարել են միւսները, իսկ իւրաքանչիւրն իր մեկնաբանութիւնն ու ձեռագիրն է հաղորդել: Մեր ընտանիքում է պահւում Արտաշէս Կարապետեանի ձեռքով նշւած ու գծւած պարային գաղափարները, որոնք դեռ ոչ մէկն առիթ չի ունեցել իրականացնել: Դրանք ազգային մեծ արժէք ներկայացնող արձանագրութիւններ են, որոնցով հաստատ պիտի զբաղւել: Վստահ եմ, որ գալու է այդ օրը, ուղղակի մեծ կարողութիւններ է պահանջում, սկսած երաժշտութեան գործիքաւորումից, վերջացրած զգեստի ու մնացածի ձեւաւորումով:

 

Հարց Կարծում եմ ձեզ եւս հետաքրքիր թւայ սփիւռքի միւս գաղութներում աշխատող պարողների արւեստը: Պոլսահայ պարող Միհրան Թովմասենաի փորձն ու բեմային արւեստը մեզ օրինակ: Նա պրոֆեսիոնալ պարող է, իսկ իր ելոյթները միջազգային թատերական փառատօններին է ներկայացնում: Նման փերֆորմանսներում պատմածդ պատմութիւնը կարեւոր բաժինն է գործի: Իհարկէ եթէ այն ընդունում էք, որպէս պար

Լիանա – Ծանօթ չեմ ցաւօք Միհրանի գործերին: Հետաքրքիրն այն է, որ պարը, ինչպէս արւեստի ասպարէզի միւս բնագաւառները՝ սահմանափակել չես կարող: Ուղղակի իւրաքանչիւր ոլորտ ունի իր մասնագիտական մօտեցումը նաեւ: Ես ազգային պարի մասնագէտ եմ: Բնական է եթէ իմ բեմադրութիւնները, ինչպէս դուք էք ձեւակերպում, նոյն այդ ուղղութեամբ լինեն: Սահմանափակութիւն  չէ սա, այլ եղածին եթէ կարող ես մի բան ես աւելացնում:

  

Հարց – Իրանահայ պարարւեստը պակաս հարուստ չէ իր ունեցած անցեալով: Իրանական բալետը հայ վարպետների ձեռքի գործն էր: Ժամանակակից պարերի ասպարէզում նոյնպէս ամէն բան վերադառնում է իրանահայ պարարւեստի վարպետներին: Սակայն այդ ընթացքն ընդհատւեց վերջին կէս դարւայ ընթացքում, իսկ աւելի ինքնամփոփ դրսեւորումներով շարունակւեց ներհամայնքային կեանքում: Դա թողել է նաեւ իր բացասական ազդեցութիւնը, մասամբ, առաջընթացների դանդաղելու տեսքով: Որպէս Հայաստանից ժամանած վարպետ, պարուսոյցներ, ինչպէ՞ս կը գնահատէք մեր պարախմբերի որակն ու մակարդակը: Մեր ասելով ուղղակի նկատի ունեմ ե՛ւ ընդհանուր գաղափարը, ե՛ւ «Արարատ» պարախումբը:

Լիանա – Գնահատելի աշխատանք է կատարւել: Երեխաները գերազանցում են մեր նախնական սպասելիքները:  Միանգամից  պարզ է դառնում այն անգնահատելի աշխատանքը, որ կատարւել է այս ասպարէզում:

Արտաշէս – Յատկապէս տպաւորւած եմ պարողների կատարելութեանը ձգտելու կամքից: Ոնց որ մի բան սահմափակեն, ու դիմացը մարդ ձգտի կատարելութեանը հասնել:

 

Հարց – Պարի կողքին սկսում են զարգանալ նաեւ արւեստի այլ ոլորտները, ինչպիսին զգեստաւորումն ու դիզայնն է, կամ նոյնիսկ երաժշտութիւնը: Սակայն առանց հովանաւորների ու պետական յատկացումների, դրանք առաւելութեան փոխարէն վերածւելու են յաւելեալ ծախսերի:

Լիանա – Ճիշտ այդպէս: Մէկը միւսը զարգացնելու լաւագոյն խթանիչն է: Բայց երբ չկայ ֆինանսաւորում, ստիպւած ես բաւարարւել ունեցածով, հետն էլ կորչում է նոր գաղափարներ իրականացնելու տրամաբանական առիթները…

 

Հարց – Հայաստանում արւեստն ու մշակոյթն ինչքանով է ֆինանսաւորւում, կամ պետական միջոցներից օգտւելու ինչ հնարաւորութիւններ կան:

Լիանա – Չկան: Ցաւօք այսօր Հայաստանի այրերի ուշադրութեան ամենավերջին կէտում արւեստն ու մշակոյթն է: Յատկապէս, եթէ այն ուղեկցւելու լինի «ազգային» յատկանշով: Պատկերացում կայ, որ դեռ չենք հասել այն գիտակցութեանը, որ պետականութիւնը կարելի է պահել մշակոյթի ոլորտը սնուցանելով: Իհարկէ եթէ նպատակը պետականութեան պահպանումը կը լինի, որում ազգային արժէքների ու դերի ճիշտ գնահատումը կարեւոր առաջնահերթութիւններից մէկը պէտք է լինի:

 

Հարց – Ինչպէ՞ս էք մուտք գործել պարարւեստ:

Լիլիան – Առաջին անգամ 6 տարեկանում եմ զբաղւել պարով: Առաջին դասարանցի աղջնակ էի: Երկու ամիս գնացի պարապմունքների ու մէկ էլ կտրուկ հրաժարւեցի պարից: Պարի դասատուն շատ խնդրեց՝ դուրս չգամ պարից, ասում էր որ լաւ պարուհի եմ դառնալու… բայց՝ ապարդիւն: Եւս հինգ տարի ու, երբ 6-րդ դասարանի աշակերտ էի, երբ մայրս տեսաւ՝ թերթով Պարի պետական քոլէջն ընդունելութիւն է յայտարարել: Դժւար էր շատ: 100 դիմորդների միջից ընտրւելու էին 8 տղայ եւ 8 աղջիկ: Ամէն ինչին գումարած ստուգելու էին նաեւ դիմագծերդ ու կազմւածքիդ բեմական լինել-չլինելը… մի խօսքով ընդունւեցի ու պարը դարձաւ կեանքի ուղի:

 

Հարց – Արտաշէս, ձեր դէպքում պարը ընտանեկան կենսակերպ էր երեւի: Ձեզ ստիպե՞լ են պարել, թէ ամէն բան գնաց՝ ինչպէս գնացել է: 

Արտաշէս – Չգիտեմ երբ եմ սկսել պարել: Գիտեմ, որ մեր ընտանիքում պարը գալիս է նախորդ դարասկզբից: Իսկ իմ դէպքում հայրս անւանի պարողի որդի էր, ես էլ նրա որդին… մայրս նոյնպէս պրոֆեսիոնալ պարուհի էր: Քոյրս էլ էր պարում, բայց որպէս պրոֆեսիոնալ չցանկացաւ շարունակել: Հօրեղբօրս որդին նոյնպէս ընտանեկան արւեստի ասպարէզից է: Մի խօսքով, երբ  տանը բոլորը պարող են, դու էլ ես ռիթմի մէջ մեծանում… ու ոչ մէկը քեզ չի ստիպելու պարել… ուղղակի դաստիարակւում ես այդպէս:

 

Հարց – Մինչեւ վերջին հարցին անցնելը արժէ խօսել այն մասին, որ ամէն անգամ, երբ Հայաստանից պարի վարպետներ ու դասատու են հրաւիրւում խմբի հետ պարապելու, կարելի է ենթադրել, որ նկատելի  փոփոխութիւններ են սպասւում: Հարցս հետեւեալն է, «Արարատ» պարախմբի դէպքում, արդեօք նոր պարային համարներ են աւելացւել պարացանկին:

Լիանա – Չորս պարային համար ենք պարապել այս ընթացքում: Խումբն այն պատրաստւում է ներկայացնել առաջինը՝ երեխաների ծնողների պատւին կազմակերպւած համերգի ընթացքում: Սա եւս խօսում է խմբի պատրաստւածութեան մասին, որի հետ ընդամէնը մի-երկու շաբաթ աշխատելով հնարաւոր է նման արագութեամբ պարային համարներ աւելացնել ցանկին:

Related Articles

Back to top button