Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գառնիկ Քերքոնեան. «Սա մեծ պլան է, միգուցէ այս պահին դա չի զգացւում Երեւանի փողոցներում. երկրորդ աշխարհամարտից առաջ էլ մարդիկ սուրճ էին խմում Փարիզի կենտրոնում եւ չէին հասկանում պահի լրջութիւնը»

Ամերիկահայ յայտնի փաստաբան, «Քերքոնեան & Դաջանի» (Kerkonian Dajani) ընկերութեան գործընկեր, միջազգային իրաւունքի մասնագէտ, Արցախի ժողովրդի հաւաքական հայրենադարձութեան եւ հիմնարար այլ իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի անդամ, Հայ փաստաբանների միութեան (Armenian Bar Association) ներկայացուցիչ Գառնիկ Քերքոնեանն (Karnig Kerkonian) այն կարծիքին է, որ Հայաստանը չպէտք է լուծարի իր ջանքերը՝ ապահովելու Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը:

«Գլխաւոր պատճառներից մէկը, թէ ինչու չպէտք է դա անենք, այն է, որ 1.5 տարւայ ընթացքում՝ սկսած սեպտեմբերի 23-ից, վերադարձի որոշման իրաւական հիմնաւորման հարցը ներառւել է միջազգային իրաւական փաստաթղթերում, Եւրախորհրդարանի որոշումներում, Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումներում, մասնաւորապէս՝ անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքի վերաբերեալ: Մենք ունենք բազմաթիւ էական իրաւական հիմքեր այդ վերադարձն իրականացնելու համար, ինչը նշանակում է, որ ձեր քարտերը սեղանին թողնելն ու հեռանալն աւելի վատ է, քան պահանջների բաւարարումը: Դա նշանակում է՝ մէջքով շրջւել իրաւունքի ուժին եւ միջազգային իրաւական համակարգին»,- 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գառնիկ Քերքոնեանը նկատեց՝ Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից կայացւած որոշումներում շատ կոնկրետ խօսւում է վերադարձի իրաւունքի մասին, Լաչինի միջանցքով մուտքի եւ ելքի մասին, որոնք ուժի մէջ են այսօր:

«Կարեւորն իրաւական որոշումները եւ նշումները դիւանագիտական եւ աշխարհաքաղաքական յաղթանակների վերածելն է, որում թերանում ենք: Վերադարձի իրաւունքի հիմքերը կան: Մենք ընդգծել ենք բազմաթիւ կարեւոր սիւներ, փաստացի, կարող եմ դրանք ամփոփել երեք կէտերով: Առաջին՝ վերադարձի իրաւունքը պէտք է լինի հաւաքական, երկրորդ՝ հիմնւելով այն փաստի վրայ, որ ականատես ենք Բաքւից եկող ցեղասպան մտադրութիւնների հռետորաբանութեան, դա պէտք է միջազգային անվտանգութեան երաշխիքների ներքոյ լինի: Եւ երրորդ՝ մարդիկ պէտք է հնարաւորութիւն ունենան վերադառնալ՝ իրենց հիմնարար իրաւունքներով, որը ներառում է կեանքի իրաւունք եւ ինքնորոշման իրաւունք»,- ասաց նա՝ ընդգծելով՝ դա սեղանին թողնելն ու հեռանալը յետքայլ է ոչ միայն միջազգային իրաւական հարթութիւնում այս հարցում կատարւած աշխատանքից, այլեւ անհարկի նահանջ է, որը կազդի Հայաստանի անվտանգութեան վրայ:

«Ադրբեջանից լսում ենք «Արեւմտեան Ադրբեջանի» հռետորաբանութիւն, «Արեւմտեան Ադրբեջան» նրանց վերադարձի մասին յայտարարութիւններ, հրապարակում են քարտէզներ, որտեղ հայկական քաղաքները ներկայացւած են ադրբեջանական անւանումներով: Սա ցուցիչն է այն հոգեվիճակի, այն մտադրութիւնների, որը գալիս է Բաքւից: Եթէ խոչընդոտներ չստեղծենք՝ մեր տնից աւելի հեռու, գործ կունենանք այդ սպառնալիքների հետ մեր սահմանների ներսում, ինչը հէնց այն է, ինչ ապրում ենք հէնց հիմա»,- ասաց նա:

Անդրադառնալով գործող իշխանութիւնների միակողմանի զիջումներին եւ Ադրբեջանին հաճոյանալուն միտւած քայլերին՝ նա յիշեցրեց, որ Ադրբեջանը չի յարգում իր իսկ ստորագրած համաձայնագրերից որեւէ մէկը:

Միջազգային իրաւունքի մասնագէտը զուգահեռներ անցկացրեց Միացեալ Թագաւորութեան վարչապետ Նեւիլ Չեմբեռլենի եւ Հիտլերի հանդիպման եւ պայմանաւորւածութիւնների եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւններում առկայ ներկայիս իրավիճակի միջեւ.

«Նեւիլ Չեմբեռլենը 1938-ին գնացել էր Միւնխէն, զրուցել Հիտլերի հետ եւ վերադարձել Լոնդոն՝ ասելով՝ գիտէ՞ք, ես նայեցի Հիտլերի աչքերին եւ տեսայ մարդու, ում կարելի է վստահել, եւ նա պատրաստւում է խաղաղութիւն բերել Եւրոպային: Այդ պահի իւրօրինակութիւնն այն է, որ հանդիպումը տեղի էր ունեցել Հիտլերի գրաւած Սուդետների մարզում: Նեւիլ Չեմբեռլենը վերադարձել էր խաղաղութեան պայմանագրով եւ ասում էր՝ Հիտլերը մեզ խաղաղութիւն կը տայ: Ի՞նչ պատահեց դրանից յետոյ. Հիտլերը ոչ միայն Եւրոպային խաղաղութիւն չտւեց, այլ այն, ինչ տւեց, Ցեղասպանութիւն էր: Հիմնւելով նրա վրայ, ինչ տեսել եմ, Արցախը Բաքւի «Սուդետների մարզն» է, նրանք չեն աւարտել, եւ սա շատ կարեւոր կոնցեպտ է, որ պէտք է յիշել: 1938-ին եւ 1939-ին մարդիկ սուրճ էին խմում եւ հանգստանում էին Փարիզի փողոցներում, եւ չէին հասկանում պահի լրջութիւնը, որում գտնւում էին: Մենք գործընթացների մէջտեղում ենք: Հաճոյակատարութիւնը չի կարող աշխատել միջազգային յարաբերութիւններում, սա հիմնարար դասն է Երկրորդ համաշխարհայինի յետպատերազմական իրավիճակում: Դա չի աշխատել Արցախի գրաւումից յետոյ, դրա արդիւնքը խաղաղութիւնը չի եղել, այլ ռազմական օկուպացիան՝ Հայաստանի սուվերեն սահմաններից ներս, Տաւուշի տարածքների գրաւումը, որը եւս չի բերել խաղաղութեան»:

Գառնիկ Քերքոնեանն Արման Թաթոյեանի հետ երկու տարի առաջ եղել է Շուռնուխ եւ Ներքին Հանդ գիւղերում, Սիւնիքի բազմաթիւ այլ բնակավայրերում, եւ այնտեղ տեսածը համարում է շոկային. «Սիւնիքում, եւ այն, ինչ տեսանք, շոկային զարգացումներ էին: Հայ աշակերտների՝ երեխաների, տեսադաշտում ադրբեջանական ռազմաբազաներն էին, ուսուցիչները դպրոց էին գնում՝ «Շուռնուխքենդի» անւանումով նշանների կողքով անցնելով, նաեւ Ադրբեջանի դրօշներն էին ծածանւում»:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինեանն ասում է՝ մի անհանգստացէք, ծառեր կը տնկենք, նա արձագանգեց. «Կարծում եմ, որ դա աւելին կը պահանջի, քան ծառերը: Սիւնիքի օդանաւակայանում կարող է տպաւորութիւն ստեղծւել, թէ այն գտնւում է Ադրբեջանում, ոչ թէ Հայաստանում. 500 մետր այն կողմ ադրբեջանական դիրք է: Ի՞նչ օդանաւեր են թռչելու այնտեղ: Դա արդէն ազդել է Հայաստանի ներքին կեանքի վրայ՝ ֆիզիկական իմաստով: Միգուցէ, այս պահին դա չի զգացւում Երեւանի փողոցներում, բայց պէտք է հասկանանք, որ սա գործընթաց է»:

Նա շեշտեց, որ տեղի ունեցողը միայն եռակողմ պայմանագրի խախտման առանձին դէպք կամ միայն միջանցքի վերաբերեալ քննարկում չէ, այս ամէնն աւելի մեծ ծրագրի մասնիկներ են. «Սա խօսում է մտադրութեան մասին: Սա միայն բռնի տեղահանութեան մասին չէ, սա ցեղասպանութեան մասին է, երբ մտածում ես, թէ որն է մտադրութիւնը: Մարդիկ իրար միշտ էլ սպանում են, բայց դրա հետեւում եղած պատճառը չափազանց կարեւոր է: Մեծ պլանն այստեղ ամբողջովին ուժի մէջ է, Հայաստանի սուվերեն ներկայութեան վերացման ռիսկը տեսանելի է»:

Յ. Գ. – Գառնիկ Քերքոնեանը սովորել է ԱՄՆ Հարւարդի համալսարանի (HARVARD UNIVERSITY – AB in Government, magna cum laude) միջազգային յարաբերութիւնների եւ քաղաքական փիլիսոփայութեան բաժնում, դոկտորականը պաշտպանել է ԱՄՆ Չիկագոյի համալսարանում (UNIVERSITY OF CHICAGO LAW SCHOOL – Juris Doctorate and Law Review)՝ իրաւաբանութիւն եւ տնտեսութիւն մասնագիտացմամբ, յետդոկտորական կրթութիւնը՝ միջազգային իրաւունք մասնագիտացմամբ՝ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում (CAMBRIDGE UNIVERSITY (England) – Dipl. in Public International Law):

Related Articles

Back to top button