Տիրան Խաչատրեանի կողմից անփոյթ վերաբերմունք չի եղել. փաստաբանը՝ մեղադրանքի մասին
«ԱԼԻՔ» – Շուրջ 5 տարւայ քննութիւնից յետոյ իրաւապահները եզրակացրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջնորդութեամբ Ազգային հերոսի կոչմանն արժանացած գեներալ Տիրան Խաչատրեանը ձախողել է իրեն վստահւած բնագծի պաշտպանութիւնը: Ըստ Քննչական կոմիտէի՝ բարձրաստիճան զինւորականն իրեն վերապահւած առաջադրանքը տապալել է 20 թւականի հոկտեմբերի 7-ից 17-ն ընկած ժամանակահատւածում։
Վարչապետ Փաշինեանն, ի դէպ, հոկտեմբերի 20-ին, այսինքն՝ դրանից ընդամէնը մի քանի օր անց է որոշել՝ Տիրան Խաչատրեանին պէտք է Ազգային հերոսի կոչում շնորհել:
«Անհասկանալի է։ Այդ գործողութիւններից յետոյ պարոն Խաչատրեանին Ազգային հերոսի կոչում են շնորհում, եւ անցնում է դրանից 4.5 տարի, այդ նոյն գործողութիւնների համար մեղադրանք են առաջադրում ու կալանաւորում», – «Ազատութեան» հետ զրոյցում ասաց նրա փաստաբան Արմէն Անդրիկեանը։
Գեներալ-լէյտենանտի պաշտպանական թիմը պնդում է՝ թէ՛ Խաչատրեանի կալանաւորումը, թէ՛ նրան առաջադրւած մեղադրանքը զուրկ են իրաւական հիմքերից: Ծաւալուն քրէական գործից երէկ (յունւարի 5-ին-ԽՄԲ.) Քննչական կոմիտէն որոշ մանրամասներ յայտնեց:
Իրաւապահները պնդում են, թէ Խաչատրեանը, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում զօրքերի հարաւային խմբաւորման հրամանատարն էր, անփոյթ է վերաբերել իր ծառայողական պարտականութիւններին: Աւելի կոնկրետ՝ չի ստեղծել հարաւային խմբաւորման կառավարման կէտ՝ իր բոլոր տարրերով եւ մարտական գործողութիւնների վարման ընթացքում լիարժէք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշութեամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Գեներալ-լէյտենանտի փաստաբան Արմէն Անդրիկեանը հակադարձեց, թէ երկու մասով էլ իրաւապահների պնդումներն իրականութեան հետ կապ չունեն:
«Այո, ինչ-որ հետեւանքներ տեղի են ունեցել, իրադարձութիւններ, որ ասում էք, տեղի են ունեցել, բայց դրանք կապւած չեն Տիրան Խաչատրեանի կողմից դրսեւորւած, այսպէս կոչւած, անփոյթ վերաբերմունքի հետ։ Մենք ասում ենք, որ անփոյթ վերաբերմունք չի եղել, այն գործողութիւնները կան անգործութիւնը, որոնք որ ՔԿ-ի կողմից մեղադրանքում նշւել է, չեն եղել, եւ դա որեւէ պատճառահետեւանքային կապի մէջ չի գտնւում Տիրան Խաչատրեանի գործողութիւնների եւ հետեւանքերի միջեւ», – ասաց նա։
Կոմիտէից պնդում են, թէ նախկին բարձաստիճան զինւորականի գործողութիւնների հետեւանքով է ձախողւել տւեալ հատւածի բնագծի պաշտպանութիւնը, խարխլւել զօրքերի կառավարման համակարգը, որի հետեւանքով հակառակորդը տիրացել է ոչ միայն ռազմավարական բարձունքի, այլեւ իր տիրապետութեան տակ է վերցրել խմբաւորման պաշտպանութեանը յանձնւած տարածքները։
Յիշեցնենք, որ Տիրան Խաչատրեանը կալանաւորւել է: