Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթիւրել են Իրանի ԱԳՆ ներկայացուցչի յայտարարութիւնը
«ԱԼԻՔ» – Ադրբեջանական լրատւամիջոցները խեղաթիւրել են Իրանի ԱԳՆ խօսնակ Էսմայիլ Բաղայի յայտարարութիւնը` Թուրքիայում իրանական բեռնատարների հետ կապւած խնդրի մասին խօսքերը կապելով այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։ Իրանական Isna լրատւական գործակալութիւնը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ ներկայացուցչի յայտարարութիւնը, յայտնում է, որ յայտարարութիւնը վերաբերում է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների վառելիքի խնդրին։ «Մեր եւ Թուրքիայի ջանքերն այն էին, որ յիշելով հարեւանութիւնը եւ հաշւի առնելով, որ երթուղիներով բեռնափոխադրումների հարցը կարեւոր է երկու երկրների համար, փորձենք ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը։ Հաւանաբար մօտ ապագայում մեր կողմից պատւիրակութիւն կը մեկնի Թուրքիա՝ համապատասխան կառոյցների ներկայացուցիչների ներկայութեամբ հարցը մանրամասն քննարկելու։ Յոյս ունենք, որ հարցը շուտով կը լուծւի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էսմայիլ Բաղային։
Սակայն որոշ ադրբեջանական լրատւամիջոցներ խեղաթիւրել են այս յայտարարութիւնը, կարծես խօսքը այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին է։ Նոյն ճեպազրոյցի ժամանակ իրանցի դիւանագէտը, անդրադառնալով Հարաւային Կովկասում կապի ուղիների հնարաւոր ապաշրջափակմանը, հաստատել է Թեհրանի դիրքորոշումն այս հարցում։ «Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք ողջունում ենք տրանսպորտի ոլորտում համագործակցութեան ընդլայնումը, սակայն ընդգծում ենք, որ պէտք է յարգել երկրների ինքնիշխան իրաւունքները»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։