Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իգոր Սեմենովսկի. «Փաշինեանը բառացիօրէն բոլորին խաբում է»

«ԱԼԻՔ» – ՌԴ Կառավարութեանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ, քաղաքագէտ Իգոր Սեմենովսկին Alpha News-ին տւած հարցազրոյցում մեկնաբանել է հայ-ռուսական յարաբերութիւններում, ինչպէս նաեւ ՌԴ-ԱՄՆ-ԵՄ յարաբերութիւններում ստեղծւած իրավիճակը։

Փորձագէտի կարծիքով՝ Ռուսաստանն աւանդաբար եղել է Հայաստանի դաշնակիցը եւ պաշտպանել է նրա շահերը։

«Հայաստանի ներկայիս ղեկավարը բաւականին անհետեւողական, հակասական, կեղծաւոր դիրքորոշում ունի։ Ինչ վերաբերում է խօսակցութիւններին, թէ արդեօք Ռուսաստանն ազդել է, օգնել կամ չի օգնել, եւ որքանով է Ռուսաստանը մեղաւոր Փաշինեանի օրօք Հայաստանի դժբախտութիւնների համար, ռուսական իշխանութիւնների հասցէին հնչող մեղադրանքները, իհարկէ, բաւականին կեղծաւոր են։ Որովհետեւ հէնց Փաշինեանի գործողութիւնները հակառակն են ապացուցում։ Սկսած հայ հասարակութեան եւ հայ պետականութեան ազգային ինքնութեան ջնջումից, ներառեալ Ղարաբաղի փաստացի կորուստը, եւ վերջացրած վերջին յայտարարութիւններով, թէ՝ «Ալիեւն ասում է՝ ադրբեջանցիները կարող են վերադառնալ Հայաստան, բայց եթէ հայերը վերադառնան Ղարաբաղ, դա անմիջապէս կոնֆլիկտ է եւ նոր խնդիր Հայաստանի համար»։ Աբսուրդային քաղաքականութիւն է»,- ասել է Սեմենովսկին։

Փորձագէտի խօսքով՝ Ռուսաստանը Հայաստանի առանցքային առեւտրատնտեսական գործընկերն է։ Դա վերաբերում է նաեւ հումանիտար եւ ռազմատեխնիկական համագործակցութեանը։

«Մենք տեսնում ենք, որ այսպէս կոչւած դիւերսիֆիկացիայի մասին խօսքերի տակ յաճախ թաքնւած է վերակողմնորոշումը, որը յաճախ գործում է ի վնաս հայկական պետութեանը, հայկական բիւջէին, էներգետիկային, ինչպէս նաեւ հայկական ինքնիշխանութեանը։ Ռուսաստանն աւանդաբար եղել է Հայաստանի դաշնակիցը, հաշւի է առել նրա շահերը հարեւանների հետ փոխյարաբերութիւններում, փորձել է պաշտպանել ե՛ւ քրիստոնէական արժէքները, ե՛ւ Հայաստանի տնտեսական հնարաւորութիւնները։ Ուստի, եթէ առաջնորդը յայտարարում է ինչ-որ հացահատիկային կամ պարէնային մատակարարումների դիւերսիֆիկացիայի մասին, ապա ինչո՞ւ չասել գազի ոլորտում դիւերսիֆիկացիայի մասին։ Ինչու չյայտարարել, որ գազ կը մատակարարենք Նորւեգիայից կամ Կատարից։ Օդով, եթէ ոչ ծովով։ Պէտք է լինել հետեւողական, իսկ դա մենք չենք տեսնում։

Սա, ցաւօք, Նիկոլ Վովաեւիչի կառավարման առանցքային միտումն է. նա բառացիօրէն բոլորին խաբում է։ Ցաւօք, պարտւողը ոչ թէ արտաքին խաղացողներն են, այլ հայ ժողովուրդը, որը տեսնում է բիւջէի դեֆիցիտը, կենսամակարդակի անկումը, յանցաւորութեան աճը։ Այս ցուցանիշներով է պէտք դատել՝ ում հետ համագործակցել եւ ինչ քաղաքականութիւն վարել, այլ ոչ թէ բոլոր դժբախտութիւնների համար Ռուսաստանին մեղադրել»,- նշել է փորձագէտը։

Փորձագէտի կարծիքով՝ Ռուսաստանը չի ձգտում մեկուսացնել ինչ-որ մէկին, այլ կողմ է միաւորմանը եւ ընդհանուր անվտանգութեան տարածքին։

«Ուկրաինայում հակամարտութիւնը խթանել է Ռուսաստանի յարաբերութիւնների դիւերսիֆիկացիան եւրոպական երկրների եւ ԱՄՆ-ի հետ։ Հասկանալի է, որ Ռուսաստանի համար իսկապէս դժւար է։ Որքան էլ իշխանութիւններն ասեն, որ պատժամիջոցները ոչ մի ազդեցութիւն չունեն, բայց դրանք դժւարութիւններ են ստեղծում։ Պէտք է խոստովանել, որ Ռուսաստանի ռեսուրսները կենտրոնացւած են Ուկրաինայում, ուստի միշտ չէ, որ հնարաւորութիւն կայ լիարժէք բազմավեկտորային կուրս վարել՝ լուծելով Ռուսաստանի Դաշնութեան խնդիրները Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում։

Երբ ամէն ինչ աւարտւի (ըստ երեւոյթին, այս գործընթացն այլեւս մօտ է, ելնելով ռազմաքաղաքական, ռազմավարական եւ տնտեսական ներուժից), Ռուսաստանը կը վերադառնայ եւ կը դնի որոշակի պայմաններ եւ շրջանակներ, որոնցում պատրաստ է համագործակցել հետագայում։ Կամ կը գործի այլ պայմաններով, երբ Ռուսաստանն այլեւս շահագրգռւած չլինի համատեղ աջակցութեամբ եւ նորից կը դառնայ լիովին ինքնուրոյն։

Հասկանալի է, որ կայ ընդհանուր շրջանակ, որտեղ Ռուսաստանը չի ձգտում մեկուսացնել ինչ-որ մէկին։ Մենք, ընդհակառակը, ասում ենք, որ կողմ ենք միաւորմանը, ԵՄ գործընկերների հետ առեւտուր անելուն եւ ընդհանուր՝ մշակութային-հումանիտար, անվտանգութեան ոլորտում ընդհանուր տարածք ստեղծելուն։ Եւ այս առումով հէնց Ռուսաստանը չի ձգտում ճնշել, օրինակ, այլախոհութիւնը»,- նշել է փորձագէտը։

Related Articles

Back to top button