ԹեհրանՀամայնք

Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին նւիրւած Կենտրոնական միջոցառում «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճում

Մէկ դար ու տասը տարի է անցնում Հայոց Ցեղասպանութիւնից, սակայն գիտակից հայը ի Հայաստան եւ իսփիւռս աշխարհի եկաւ ապացուցելու, որ տէրն է իր մէկուկէս միլիոն անմեղ զոհերի արեան արդար կանչի եւ ոչ ոք իրաւունք չունի ժխտելու, կամ ուրանալու հայ ժողովրդի արդար պայքարը եւ 20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւնը:

Ապրիլի 24-ի երեկոյեան հազարաւոր գիտակից հայորդիներ ներկայ էին «Արարատ» մարզաւանի մատուռի շրջափակում եւ «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճում, որտեղ ըստ ընկալեալ սովորութեան Հայ Դատի յանձնախմբի՝ ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր բանախօսական երեկոյ՝ մէկտեղւած գեղարւեստական յայտագրով:

Նախ Հ. Մ. «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում, հոգեպարար մթնոլորտում տեղի ունեցաւ ջահի օրհնութիւն ձեռամբ Տ. Առաքել աբղ. Գատեհճեանի, օրհնւած ջահը կրեց ՀՅԴ «Ռոստոմ» Երիտասարդական միութեան ժամանակի հիմնադիր սերնդից Մուշեղ Ծատրեանը, ում բոցավառւող ջահից իրենց ջահերը վառեցին նոր սերնդի ներկայացուցիչները: Ապա 110 ջահակիրներ իրենց ջահերով Ս. Խաչ մատուռից քայլեցին դէպի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճ եւ տասնմէկ ջահակիրներ, որոնցից իւրաքանչիւրը ներկայացնում էր Հայոց Ցեղասպանութիւնից անցած մէկ տասնամեակը,մուտք գործեցին մարզադահլիճ:

Տէրունական աղօթքով, Իրանի, Հայաստանի ու Արցախի պետական հիմներով մեկնարկած միջոցառման սկզբում, Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտները Սրբադասւած մէկուկէս միլիոն Նահատակների հոգիներին երդւեցին չուրանալ, չմոռանալ Հայոց Ցեղասպանութիւնը եւ ջահակիրը դառնալ ու շարունակել հայ ժողովրդի արդար դատի իրականացման ճամբին տարւող աննահանջ պայքարը, մինչեւ հայ ժողովրդի ոտնահարւած ու խլւած իրաւունքների վերականգնումը, մինչեւ հայ ժողովրդի մեծ տեսլականի իրականացումը: Ապա ՀՅԴ «Ռոստոմ» Երիտասարդական միութեան խօսքը փոխանցեց  Վանէ Մակարեանը: Խօսքի մէջ նշւած էր. «11 տասնամեակ է անցել Հայոց Ցեղասպանութիւնից: 11 տասնամեակ է անցել ողջ մարդկութեան պատմութեան ամենամութ ու սեւ օրերից: 11 տասնամեակ է ինչ Հայոց Ցեղասպանութեան արդէն սրբադասւած նահատակների ոգու կանչը, ինչպէս այս 11 վառւող ջահերը, որպէս անմար փարոս ուղեկցում ու յուշում են մեզ՝ ապրել, ապրել ու ապրել յանուն հայ ժողովրդի արդար իրաւունքների՝ պահանջատիրական ոգով: Ապրել յանուն Հայ Դատի արդար իրականացմանը, ապրել յանուն հայ ազգի ու նրա ապագայ սերունդների վայել արժանապատւութեամբ»:

Միջոցառմանը Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի խօսքը փոխանցեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի փոխատենապետ եւ օրւայ հաղորդավար Սարինէ Թորոսեանը: Իր խօսքի սկզբում նա ողջունեց բոլոր ներկաներին եւ Հայաստանից հրաւիրւած նոյն ծրագրի բանախօս Աբրահամ Գասպարեանին: Երբ խօսքի ընթացքում հնչեց Աբրահամ Գասպարեանի անունը, սրահում ներկայ հոծ բազմութիւնը ծափողջոյններով դիմաւորեց հիւրի ներկայութիւնը:

Նշենք որ թէեւ որոշւած էր, որ օրւայ առիթով բանախօսութեամբ հանդէս գար Հայաստանից հրաւիրւած Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, վերլուծաբան եւ լրագրող՝ Աբրահամ Գասպարեանը, ով  ապրիլի 23-ից ներկայ էր կազմակերպւող  մոմավառութեան եւ ծաղիկների խոնարհման միջոցռումներին եւ ջահերով երթին, սակայն որոշ հանգամանքների բերումով նա ելոյթ չունեցաւ:

Հայ Դատի յանձնախմբի խօսքը հետեւեալ տողերով  սկսեց Սարինէ Թորոսեանը. «Այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցը։ Մեր ժողովրդի համար սա ոչ միայն ոգեկոչման, այլ պայքարի եւ պահանջատիրութեան օր է։ Դա 20-րդ դարում հայ ժողովրդի առաջին ֆիզիկական ոչնչացման ոճիրն էր բայց այն չեղաւ վերջինը։ Քանզի նոյն դարավերջին Ադրբեջանի արհեստածին սուբիեկտը կազմակերպեց Բաքւի, Սումգայիթի եւ Մարաղայի ջարդերը, իսկ 21-րդ դարում, աւելի ճշգրիտ 2023 թւականին ականատեսը եղանք արցախահայութեան դէմ ցեղասպան գործողութեան, իր բնօրրանում՝ Արցախում, եւ արդիւնքում հայ ժողովրդի  հազարամեակների պատմութեան մէջ առաջին անգամ Արցախ աշխարհը ամբողջովին հայաթափւեց թուրք ադրբեջանական ցեղասպան զոյգի եւ Հայաստանի հանրապետութիւնում իշխող վարչակազմի դաւաճանական համագործակցութեամբ, որը բաց է ի բաց 2022 թւականին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։

Անտեսելով բարբարոս թշնամու իրարայաջորդ ցեղասպանական քայլերը, Արցախը ուրանալուց, յանձնելուց եւ խաչելուց յետոյ, Հայաստանի հանրապետութեան ղեկին գտնւող անձը անցել է թուրքական միւս պահանջի իրականացմանը՝ Հայոց Ցեղասպանութեան ուրացմանը, եւ անամոթաբար հարցականի տակ է տանում Ցեղասպանութեան փաստը, նպաստելով ցեղասպան Թուրքիայի ժխտման քաղաքականութեանը»։

Խօսքի մէջ նշւել էր. «Յանուն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման տարւող պայքարը լոկ բարոյական բաւարարութիւն եւ հոգու սփոփանք ստանալու համար չէ, այլ յստակ քաղաքական գործողութիւնների շարք է, որը բխում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ռազմավարական շահերից, եւ մեր անվտանգութեան կարեւոր բաղադրիչներից է։ Հետեւաբար այս ամբիոնից յայտարարում ենք, որ ուրացման եւ ժխտողական քաղաքականութեան դէմ պայքարելու համար, սատարում ենք նախօրէին Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմութեան կողմից ներկայացւած այն օրէնքի նախագծին, որով առաջարկւում է քրէականցնել Հայոց Ցեղասպանութեան ժխտումը, նսեմացումը եւ արդարացումը։ Ցաւօք, Ցեղասպանութեան 110-ամեակի շեմին արձանագրում ենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետութեան դէ ֆակտօ իշխանութիւնները երկրորդ կապիտուլիացիան են պարտադրում հայ ժողովրդին՝ այսպէս կոչւած խաղաղութեան պայմանագիր անւան ներքոյ, որը պարունակում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից թելադրւած պայմաններ»։

Հայ Դատի յանձնախմբի խօսքում ասւած էր. «Թէեւ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները եւ Բաքուն յայտարարել են, թէ աւարտւած են այսպէս կոչւած խաղաղութեան պայմանագրի շուրջ բանակցութիւնները, Ադրբեջանը բռնութեան սպառնալիքով շարունակում է նոր պահանջներ առաջ քաշել, իսկ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կատարելով մինչ այդ Ալիեւի ներկայացրած բոլոր նախկին պահանջները, անցել է Սահմանադրութեան փոփոխութեանը՝ ոտնձգութիւն կատարելով Հայաստանի հիմնական օրէնքի անկիւնաքարը հանդիսացող անկախութեան հռչակագրի նկատմամբ, որը Հայաստանի երրորդ Հանրապետութեան նկարագրի եւ էութեան առանցքն է: Անցեալ մէկ տարւայ ընթացքում տեղի ունեցած ոչ հայանապաստ իրադարձութիւնները մեզ անընդհատ ստիպում են մտաբերել մեր պատմութեան օրհասական եւ ցաւալի դրւագները։ Հայ Ժողովուրդը չի մոռացել Հայոց Ցեղասպանութեան սկզբի մասին ազդարարող կարեւոր դրւագը՝ 1915 թւականի ապրիլի 24-ին հայ մտաւորականութեան ձերբակալումը եւ ոչնչացումը: Ցաւօք, պատմութիւնը կրկնւում է նաեւ այսօր՝ 21-րդ դարում, եւ այս անգամ եղեռագործ Թուրքիայի կրտսեր եղբօր՝ յանցագործ Ադրբեջանի ձեռմամբ, որը գերեվարել եւ դատում է Արցախի ռազմաքաղաքական գործիչներին։

Այս կեղծ դատավարութիւնների ֆոնին, յատկապէս հիասթափեցնող եւ նւաստացնող է այն փաստը, որ հայ գերիների դատաւորութիւնը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների լուռ եւ անտարբեր հայեացքի ներքոյ, որը յստակ տպաւորութիւն է, ստեղծում, թէ այս հարցում եւս սինխրոն համագործակցում է Բաքւի բռնապետի հետ եւ գործադրում լռութիւն պահպանելու նրա ցանկութիւնները։

Սակայն, հայ ժողովուրդը լաւ գիտի ովքեր են իր արտաքին թշնամիները եւ ովքեր են երկրի ներսում նրանց սպասարկողները։ Հետեւաբար ոտքի ենք կանգնելու եւ հայրենիքը մաքրելու ենք մեր բարոյական եւ պատմական ինքնութեան ակունքներին դաւաճանողներից: Այսօր Հայ Դատը վերջին տասնամեակների համեմատութեամբ, յայտնւել է բազմաշերտ ներքին եւ արտաքին մարտահրաւէրների դէմ-յանդիման։ Միջազգային ասպարէզում, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացից բացի, օրկարգային առաջնահերթութիւն է դարձել նաեւ Արցախի եւ արցախահայութեան դատի պաշտպանութիւնը, արցախահայութեան արժանապատիւ վերադարձի ապահովումը պատմական հայրենիք, եւ նրանց հիմնարար իրաւունքների երաշախաւորումը։

Պահանջատիրական պայքարի այս հանգրւանի ամենակարեւոր պահանջը մէջքը շտկելը, ոտքի կանգնելը եւ աննահանջ պայքարին զինւորագրւելն է»:

Ապա հաղորդավարը հրաւիրեց իր խօսքը փոխանցելու Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանին: Իր ելոյթի ընթացքում նա նշեց. «Այս տարւայ պատգամը մի յաւերժ ճշմարտութիւն է՝ «Ուրանալով անցեալը՝ կը կորցնենք ապագան»: Այս խօսքերը լոկ հնչեղ կարգախօս չէ. այլ մեր գոյութեան բացատրութիւնն է: Մեր հողերի վրայ հնչած ողբերը, մեր պապերի լռեցւած ձայները, մեզ հրաւիրում են ոչ միայն յիշել, այն նաեւ խորհել՝ խորանալ եւ փոխանցել:

Եւ մենք՝ այստեղ, այս օրւայ լռութեան ու հպարտ ցաւի մէջ, կրկին կանգնած ենք վկայելու այդ ճշտարտութեանը: Ոչ միայն մեզ համար, այլ նաեւ նրանց, ովքեր ցանկանում են մոռանալ, ժխտել կամ դարձնել մեր պատմութիւնը «ժամանակավրէպ ու անհասանելի մի պատմութիւն: Հայ ժողովուրդը չի հանդիպել միայն մէկ ցեղասպանութեան: Ցեղասպանութիւնը, որպէս երեւոյթ, որպէս պատմական սպառնալիք, դարեր շարունակ ստւերել է մեր ճակատագիրը՝ ժամանակ առ ժամանակ վերադառնալով եւ նոր դրսեւորումներով»:

Նա հակիրճ գծերով անդրադարձաւ տարբեր ժամանակաշրջաններում հայ ժողովրդի դէմ իրականացած Ցեղասպանութիւններին եւ ընդգծեց. «Արդեօք դրա պատճառն այն է, որ միշտ շրջապատւած ենք եղել բարբարոս ազգերով ու քոչւոր ցեղախմբերով, որոնք մեր գոյութիւնը ընկալել են որպէս սպառնալիք, արդեօք որովհետեւ միշտ եղել ենք քիչ՝ թւով, սակայն նախընտրել ենք ստեղծել, ոչ թէ կործանել, մշակոյթով հարուստ ենք եղել բիրտ ուժով ոչ այնքան, եւ մեր մօտեցումը եղել է՝ շինել, ոչ թէ քանդել եւ այս ամէնը մեզ դարձրել է ոչ միայն զոհ, այլ նաեւ՝ թիրախ:

Սրանք որքան էլ լուրջ, կարեւոր եւ ճակատագրական պատճառներ համարւեն, դրանց կողքին գոյութիւն ունի նաեւ մի այլ իրականութիւն: Պատմութիւնը մեզ ասում է ո՛չ: Մենք դատապարտւած չենք ցեղասպանութեան, երբ գիտենք մեր ուժը»:

ՊԺ-ի ատենապետը անդրադառնալով հայ ժողովրդի դէմ ծառացած մարտահրաւէրներին՝ կարեւորութեամբ անդրադարձաւ երեք հիմնական հանգամանքների, որոնք հարկաւոր են հայ ժողովրդին դէպի յաղթանակ առաջնորդելու համար՝ Միասնականութիւն, Մշակւած ազգային ռազմավարութիւն եւ խոհեմ ու խելացի դիւանագիտութիւն, եւ նշեց. «Այսօր՝ այս պատմական ժամանակաշրջանում, որպէս հայ ժողովուրդ, կանգնած ենք նոր մարտահրաւէրների առջեւ: Մեր հայրենիքում եւ Սփիւռքում մենք բախւում ենք խնդիրների, որոնք պահանջում են համազգային ջանքեր՝ դիմակայելու եւ լուծելու համար: ….Հայաստան-Ադրբեջան բանակցութիւնները ընթանում են այնպիսի պայմաններում, որոնք վտանգում են հայ ժողովրդի շահերը: Այս գործընթացում անհրաժեշտ է խորագիտութեամբ եւ խոհեմութեամբ պաշտպանել մեր ազգային շահերը՝ համաձայնեցնելով դիւանագիտական ռազմավարութիւնը»:

Սուրիկ Աբնուսեանը իր խօսքը այսպէս եզրափակեց. «Այսօր մեր պայքարը միասնութեան, յստակ գաղափարախօսութեան եւ ռազմավարութեան պահանջ ունի: Միայն միասնական եւ կազմակերպւած քայլերով ենք կարողանալու ուժեղացնել մեր ազգային ինքնութիւնը եւ իրականացնել հայ ժողովրդի վեհ նպատակները»:

Ապա ելոյթ ունեցաւ օրւայ բանախօս «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:

Բանախօսն իր ելոյթը այս տողերով սկսեց. «Գիտակից, արժանապատիւ եւ յաւերժ պայքարի պատնէշում գտնւող իմ սիրելի հայրենակիցներ: Իրականում այսօր ես չէ որ այս ամբիոնից պէտք է ելոյթ ունենայի, բոլորդ գիտէք այս ամբիոնից ելոյթը վերապահւած էր ում: Հանգամանքների բերումով ինձ վստահւեց այսօրւայ պատգամը փոխանցել»:

Բանախօսը ընդգծեց. «Թեւակոխել ենք Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակը, ես չեմ կարծում որ այս դահլիճում ներկաներից որեւէ մէկը, կամ ընդհանրապէս Հայաստանում եւ ի սփիւռս աշխարհի ապրող որեւէ հայ մարդ կը պատկերացնէր, որ 1965 թւականի ազգային զարթօնքից յետոյ, երբ օրւայ երիտասարդ սերունդը Հայաստանում, ընդորում Խորհրդային Հայաստանում եւ Սփիւռքում բռունցք դարձաւ եւ բղաւեց՝ «Մեր հողերը, Մեր հողերը…», եւ սկսեց յանուն Հայ Դատի պայքարի մի նոր հանգրւան, որը յանգեցրեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը միջազգային տարբեր ատեանների ու երկրների կողմից, որը նոր շունչ հաղորդեց մեր պայքարին, եւ դարձաւ մեր գոյատեւման գրաւականը մինչ Հայաստանի անկախութիւնը, իսկ յետոյ նաեւ ուղղակի եւ անուղղակի նպաստեց Արցախեան ազատամարտում մեր գրանցած փայլուն յաղթանակին 90-ական թւականի սկզբին եւ աջակցեց Հայաստանի երրորդ Հանրապետութեան կայացմանը եւ ամրապնդմանը, կը գար մի օր, երբ մենք ստիպւած ենք լինելու կրկին պայքարել ուրացման երեւոյթի դէմ եւ ցաւօք սրտի այս անգամ ոչ թէ այս ուրացման գաղափարախօսութիւնը մէկ դար եւ տաս ամեակ գեներացնող ու կատարելագործող ցեղասպան Թուրքիայի դէմ, այլ Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնների դէմ: Այն հայ մարդկանց, որոնք փորձում են մեզ համոզել, որ լաւ ենք ապրելու, խաղաղ ենք ապրելու ունենալու ենք ամէն ինչ, եթէ թքած ունենանք մեր արժանապատւութեան վրայ, եթէ թքած ունենանք մեր պատմութեան վրայ, եթէ թքած ունենանք այն բոլոր նահատակների ու զոհերի վրայ, որոնք ընկան արաբական անապատներում, ընկան յանուն Հայաստանի պայքարում, ընկան յանուն Արցախի ազատագրման եւ հայրենիքի պահպանման, մեզ անհրաժեշտ է ընդամէնը ստամոքս եւ լաւ ապրել: Մեզ փորձում են դրանում համոզել եւ դրա համար կատարում են ամէն ինչ: Նրանք լկտիաբար յայտարարում են. «Եկէք այսօր ուսումնասիրենք տեսնենք թէ Հայոց Ցեղասպանութիւնը ի՞նչ պատճառով է տեղի ունեցել, միգուցէ մեղաւորները մենք ենք, այդ ինչպէ՞ս եղաւ որ մինչ 1950-ական թւականները, ոչ մի խօսք չկար Ցեղասպնութեան մասին, իսկ 50-ական թւականներից յետոյ միանգամայն ասպարէզ եկաւ Հայոց Ցեղասպանութիւնը»: Ամէն տեսակ խաբէութիւն, ամէն տեսակ մանիպուլացիա ժողովրդի գիտակցութիւնը խամրելու, ժողովրդին այլ ուղղութեամբ տանելու համար եւ իրենց սեւ նպատակը, այն նպատակը, որ պատւիրւած է իրենց տէրերի կողմից իրականացնելու համար»:

Բանախօսը իր ելոյթի ընթացքում նշեց. «Մենք այսօր ստիպւած ենք յայտարարելու, ստիպւած ենք ասելու որ յանուն Հայ Դատի տարւող պայքարի, յանուն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ մանաւանդ հատուցման պայքարի, որը չունի սպառման ժամկէտ, եւ դրա աւարտը հասնելու է միայն այն ժամանակ, երբ միջազգային հանրութիւնը, առաջին հերթին՝ Թուրքիան ոչ միայն կը ճանաչեն Հայոց Ցեղասպանութիւնը, այլ նաեւ կը հատուցեն դրա համար:Սա մեր օրակարգային ալֆան եւ օմեգան է, այլ կերպ լինել չի կարող: Այլ կերպ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ հայութիւնը ապրել չեն կարող, որովհետեւ յանուն Հայոց Ցեղասպանութեան տարւող պայքարը ոչ միայն մեր ազգային ինքնութեան պահպանման պայքարն է, այլ նաեւ պայքար է յանուն Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան պահպանման, յանուն այս տարածաշրջանի անվտանգութեան ու կայունութեան պահպանման: Որովհետեւ բոլորը գիտեն, Թուրքիայի եղեռնագործ պետութեան պանթուրքիստական տարածաշրջանային եւ վերտարածաշրջանային նպատակների մասին, եւ որ դրա առաջին թիրախը բնականաբար Հայաստանն է լինելու: Մենք պարտաւոր  ենք յանուն Հայաստանի, յանուն մեր ապագայի, եւ յանուն այս տարածաշրջանի պայքարել Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման համար»:

Արամ Շահնազարեանը նաեւ կարեւորութեամբ անդրադարձաւ Երեւանում Ապրիլի 23-ին իրականացած բազմահազարանոց ջահերով երթին, որի հիմնական նպատակն համարեց՝ ո՛չ ասել Հայոց Ցեղասպանութեան ուրացման ու ժխտողական քաղաքականութեան:

Նա իր ելոյթը այսպէս շարունակեց. «Արդէն 7 տարի է ինչ Հայաստանի գործող իշխանութիւնները փորձում են հայ մարդուն հանել հայ մարդու դէմ, փորձում են հայ հասարակութեանը բաժանել սեւերի ու սպիտակների, հայաստանցիների ու սփիւռքահայերի, եւ դա ինքնանպատակ չի արւում, դրա նպատակը մէկն է եւ միանշանակ ՝միայն ջլատւած ազգին եւ ծնկի եկած  ազգին է հնարաւոր պարտադրել այն ինչ որ ցանկանում են:Այսօր Ապրիլի 24-ի առաւօտեան Ս .Սարգիս եկեղեցու շրջափակում ծաղկեմատոյցի արարողութեանը մենք ականատեսը եղանք մի միջադէպի: Բնականաբար ոչ ոք, այդ թւում նրանք ովքեր ելնելով իրենց մէջ կուտակւած ցասումից, որ փորձեցին արտայայտել դա, չէինք ցանկանում նման բանի ականատեսը լինել: Այդ ե՞րբ է եղել, որ մենք Սփիւռքում, թեհրանահայ համայնքում կամ այլուր փորձած լինենք մեր բողոքի ցասումը արտայայտել հայ դիւանագէտների վրայ, չի եղել նման բան: Այս միջադէպը տեղի ունեցաւ, որովհետեւ դա իրենց սերմանած քաղաքականութեան արդիւնքն էր, քամի ցանեցին եւ ստիպւած են փոթորիկ հնձել: Սա իրենց քաղաքականութեան արդիւնքն էր: Իրենք պէտք է հասկանան, որ այն ինչ կատարում են բումերանգի նման վերադառնալու է իրենց, դրա հետեւանքները առաջինը կրելու են իրենք, սա պէտք է լինի իւրայատուկ պատգամ իրենց: Կրկնում եւ ընդգծում եմ, ոչ ոք չէր ցանկանայ, որ նման բան տեղի ունենար, բայց սա այն իրականութիւնն է, որ իրենք են պարտադրել մեզ եւ իրենք են պարտադրել իրենց»: Բանախօսն ընդգծեց, որ մենք պատրաստ չենք ուրանալու մեր անցեալը, մեր պապերի թափած արիւնը եւ մեր հայրենիքը:

Ելոյթները եզրափակւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի  յղած պատգամով, որը  ընթերցեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Սրբազան Հօր պատգամի մէջ նշւել էր. «Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի առիթով, հայ ժողովուրդը փոթորկւած հոգով կրկին անգամ ապրում, ոգեկոչում եւ յիշատակում  է տագնապը իր մէկուկէս միլիոն նահատակ սրբերին, որոնք զոհը գնացին գազանաբարոյ եւ հրեշամիտ թուրքերի արիւնաքաղց նկարագրին:

Մեր Նահատակ սրբերի արիւնը տակաւին չէ ցամաքած Դեր Զորի ապատներուն մէջ եւ աւազների միջից կանչում է մեզ հաւատարմօրէն շարունակելու մեր պահանջատիրական պայքարը: Պայքա՛ր, որ Սրբազան է ու արդար: Պայքա՛ր, որ Սո՛ւրբ է ու նւիրական: Պայքա՛ր, որ յարատե՛ւ է ու միաժամանակ ներշնչող եւ վերջապէս պայքա՛ր, որ մեր այսօրւայ կեանքի իմաստն ու նշանակութիւնն է»:

Պատգամի այլ բաժնում այսպէս էր նշւել. «Ապրիլեան այս օրերին, մեր նահատակ սրբերը մեզ մի անգամ եւս յիշեցնում են, թէ մենք չենք կրնար Ցեղասպանութեան զոհ գնացած մեր հայրենակիցների արիւնը սակարկութեան դնել կամ կասկած ու տատամսումի ներքոյ առնել, որովհետեւ այդ արիւնը Սո՛ւրբ է եւ Սրբացնող: Այդ արիւնը մեր պատմութիւնն է եւ մեր պատմութիւնը ջրդեղողը: Նա ով իր պատմութիւնը ուրանում է, ուրանում է իր անցեալը, ուրանում է իր ներկան, ուրանում է իր անձը, ուրանում է  իր ինքնութիւնը եւ յատկապէս ուրանում է իր սրբազան եւ նւիրական հայրենիքը: Այս իմաստով, որքա՜ն արդար եւ այժմէական է Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի մեր կարգախօսը, որ ասում է.- «Ուրանալով անցեալը, կը կորցնենք ապագան»»:

Միջոցառման գեղարւեստական բաժնում, հայ ժողովրդի պահանջատէր ոգով ներշնչւած գեղարւեստական կատարումներին երիտասարդ ու արհեստավարժ մեներգիչներն ու ասմունքողները, կենդանի երաժշտական կատարումներով, հանդիսատեսին պատճառեցին յուզմունք, ցասում եւ պահանջատիրութիւն՝ վերատիրանալու եւ վերականգնելու իր ազգային արժանապատւութիւնը:

Գեղարւեստական անզուգական ծրագրի բեմադրիչն էր Հայաստանից ժամանած, իրանահայ բանաստեղծ, ռեժիսոր եւ սցենարիստ՝ Սեդրակ Գոջամանեանը: Գեղարւեստական յայտագիրը զուգորդւած էր Հայոց Ցեղասպանութիւնից, հայ ժողովրդի ազատագրական պայքարներից ու Արցախից  պատկերներով: Տեքստերի ընթերցման իւրաքանչիւր ժամանակաշրջանին ու պատմական տւեալներին  յարիր ազգային  երգերի կատարումներով հանդէս եկան Հայաստանից ժամանած Նելի Քալաշեանը՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Երեւանի պետական կամերային երգչախմբի մեներգչուհին եւ Հայաստաից ժամանած Արման Վարդանեանը՝ հեռուստառադիօընկերութեան էստրադային սիմֆոնիկ նւագախմբի մեներգիչը: Պատմափաստագրական տեքստերի ընթերցմամաբ, որոնք զուգորդւած էին ասմունքային կատարումներով հանդէս եկան՝ Լէօ Օհանեանը, Մեղրի Սարխոշեանը, Էմին Տէր Յովհաննիսեանը, Էրւին Գալստեանը, Վանէ Մակարեանը, Նոյ Նազարեանը եւ Սեդրակ Գոջամանեանը: Երաժշտական կատարումներով՝ Արին Միրզայեանը եւ Արեգ Մարգարեանը:

Վերջում գեղարւեստական յայտագիրը իրականացնողները միասնաբար բռունցքները վեր երգեցին «Սարդարապատ» քայլերգը, որին միացաւ ոտընկայս բազմահազարանոց ոգեւորւած հանդիսատեսը, վերանորոգելով իր ուխտը:

Նշենք, որ միջոցառմանը ներկայ էին՝ ՀՅԴ-ի Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի դիւանը եւ անդամներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, դիւանը եւ անդամներ, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը, քահանայ հայրեր, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հազարաւոր  հայրենակիցներ:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button