ՄիջազգայինՔաղաքական

ՆԱՏՕ-Վրաստան 2025 զօրավարժութիւններն անցկացւում են ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժանքների եւ գնահատման կենտրոնում

«ԱԼԻՔ» – Վրաստանի պաշտպանութեան նախարարութիւնն անցկացնում է «ՆԱՏՕ-Վրաստան-2025» զօրավարժութիւնները։ Զօրավարժութիւնները պաշտօնապէս բացւեցին Կրծանիսիի համատեղ ռազմական կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները՝ յղում կատարելով երկրի ՊՆ-ին:

Սա ՆԱՏՕ-Վրաստան զօրավարժութիւնների բոլորաշրջանում Վրաստանում երեք տարին մէկ անցկացւող չորրորդ զօրավարժութիւնն է։

«ՆԱՏՕ-Վրաստան-2025»-ը համակարգչային աջակցութեամբ Վրաստանի գլխաւորած, բազմազգ բրիգադային մակարդակի ստորաբաժանմանը ճգնաժամային գործողութիւններ ծրագրելու եւ իրականացնելու համար նախատեսւած բրիգադային մակարդակի հրամանատարական շտաբի վարժանք է։ Զօրավարժութիւնը ներառելու է դաշտային բաղադրիչ եւ բազմազգ շտաբային վերապատրաստում՝ աւելի լաւ ցուցադրելով JTEC հրամանատարական եւ վերահսկողական կարողութիւնները եւ նպաստելով համակարգման բարելաւմանը։

«ՆԱՏՕ-Վրաստան-2025» զօրավարժութիւնները ծրագրել են Եւրոպայում դաշնակից ուժերի գերագոյն հրամանատարութիւնը (SHAPE) եւ Վրաստանի պաշտպանական ուժերի գլխաւոր շտաբը եւ անցկացւում են ՆԱՏՕ-ի մշակած սցենարով, համապատասխան ընթացակարգերով եւ դոկտրիններով։ Բազմազգ զօրավարժութիւններին մասնակցում են ՆԱՏՕ-ի 17 անդամ եւ գործընկեր երկրներ։ Զօրավարժութիւններին մասնակցում են հետեւեալ երկրները՝ Վրաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Յունաստան, Հունգարիա, Իտալիա, Լիտւա, Լեհաստան, Սլովակիա, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ադրբեջան, Մոլդովա, Հայաստան եւ Թունիս։

Դասընթացներին մասնակցում են մի շարք միջազգային կազմակերպութիւններ եւ գերատեսչութիւններ։ Զօրավարժութիւնը ներառում է նաեւ ՆԱՏՕ-Վրաստան հիմնական փաթեթով (SNGP) սահմանւած վեց նախաձեռնութիւններ՝ ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժանքների եւ գնահատման կենտրոն (JTEC), ռազմական ճարտարագիտութիւն, ռազմական ոստիկանութիւն, ռազմական բժշկական կարողութիւնների զարգացում, յատուկ գործողութիւնների ուժեր եւ ստանդարտացում եւ կոդաւորում։

Related Articles

Back to top button